Դատավոր Բորիս Բախշիյանի գործով փաստաբանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել
Երևան քաղաքի դատարանի Աջափնյակ-1 նստավայրում ընդմիջվեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու գործով դատական նիստը։
Փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել գործը քննող դատավոր Դավիթ Արմաղանյանին։
«Մենք համարում ենք, որ քանի որ ձեռքով է այս գործը մակագրվել Դավիթ Արմաղանյանին, ինչը շատ կանխատեսելի էր, այս դատարանը չի կարող համարվել օրենքի ուժով ստեղծված»,-նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբանական թիմի անդամ Երեմ Սարգսյանը։
Վերջինս տեղեկացրեց` դատարանը որոշումը կհրապարակի վաղը` առավոտյան ժամը 10:00-ին, թեպետ իրենք համոզված են, որ իրենց միջնորդությունը կմերժվի, և դատական նիստը կշարունակվի։