Ընկեր Դեմիրճյան, Դուք այլևս բարոյական իրավունք չունեք ղեկավարելու մեր Հանրապետությունը. Սոս Սարգսյանի բաց նամակը Կարեն Դեմիրճյանին
1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանը պետական մակարդակով իրականացրեց Սումգայիթ քաղաքի հայ ազգաբնակչության կոտորած։ Նախապես ծրագրավորված վայրագությունները տևեցին երեք օր։ Պաշտոնական տվյալներով սպանդին զոհ գնաց մի քանի տասնյակ մարդ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով սպանվեց հազարից ավելի մարդ։ Սպանվածները խոշտանգված էին, բռնության ենթարկված։ Մոտ 18 հազար մարդ դարձավ փախստական։ Այս վայրագություններից հետո Սումգայիթից Հայաստան եկած փախստականները սկսեցին բնակվել տարբեր գյուղերում, քաղաքներում, բնակավայրերում։ Մինչ օրս Բաքվի և Սումգայիթի ջարդերից փախած և բնակություն հաստատած մի շարք թաղամասերը կրում են Բաքու և Սումգայիթ անունները։ Ողբերգական դեպքերից հետո հայ մտավորականությունը փորձեց զբաղվել փախստականների հարցերով։ Մի շարք մտավորականներ այդքան էլ գոհ չէին կառավարության աշխատանքներից, պետության ձեռնարկած քայլերից։
Նախորդ համարում մենք ներկայացրել ենք հայ ականավոր դերասան Սոս Սարգսյանի բաց նամակը Կարեն Դեմիրճյանին, որում մեծ արտիստը Դեմիրճյանին քննադատում է։
Ստորև մենք կներկայացնենք նամակի շարունակությունը, որում Սոս Սարգսյանը Դեմիրճյանին քննադատում է Արցախյան հարցում իր վարած քաղաքականության, ինչպես նաև Սումգայիթից Հայաստան եկած փախստականների խնդրով պատշաճ չզբաղվելու համար։
«…Դա լիովին բացահայտվեց մանավանդ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ծավալված իրադարձությունների ընթացքում, երբ Դուք Հանրապատետության մյուս ղեկավարների հետ, բացարձակ անճարակություն հանդես բերելով, չկարողացաք վերահսկել իրադրությունը և դեպքերի զարգացումը հանձնեցիք տարերքին։ Եթե չլիներ Հայաստանի մտավորականության, ուսանողության և աշխատավորության գիտակից խավերի վճռական միջամտությունը, ապա դժվար է ասել, թե ինչ անկանխատեսելի հետևանքներ կարող էին հասցնել տարերային ցույցերը։ Այնինչ, խելամիտ գործելու դեպքում, Ձեր ղեկավարած կուսակցության և պետական ապարատը կարող էր սկզբից ևեթ իր ձեռքը վերցնել իրադարձությունների ղեկը և կանխել հույզերի հետագա բորբոքումը։
Դրա համար անհրաժեշտ էր նախ՝ գումարել ՀՍՍՀ Գերագույն Սովետի արտահերթ նստաշրջան՝ պատասխանելու համար Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման սահմանադրական առաջարկին, և երկրորդ՝ տեղական մամուլում և հեռուստատեսությամբ տալ դեպքերի օբյեկտիվ լուսաբանությունն ու գնահատությունը։ Հայաստանի կառավարության գրաված նման վճռական դիրքը թերևս կկանխեր նաև Սումգայիթի հայ բնակչության նկատմամբ բարբարոսական եղեռնը։ Ընկեր Դեմիրճյան, մեզ համար խորապես ցավալի է և միաժամանակ տարօրինակ է արձանագրել, որ Ձեր վարքագծում որևէ դրական փոփոխություն չի նկատվում անգամ իրադրության ծայրահեղ լարվածությունից հետո։ Այդ է վկայում մասնավորապես Ձեր գրաված դիրքը Հայաստանում ապաստան գտած՝ Սումգայիթից հայ գաղթականների նկատմամբ։ Ավելի քան երկու ամիս է, ինչ նրանք բնակվում են Հանրապետության լեռնային ամառանոցներում, համարյա բացարձակապես կտրված արտաքին աշխարհից։
Հայաստանի կառավարությունը ոչ միայն չի հոգում գաղթականներին բնակարանով ապահովելու և աշխատանքի տեղավորելու մասին, այլև շարունակ նրանց տագնապեցնում է Սումգայիթ վերադարձնելու սպառնալիքով։ Ավելին՝ կառավարությունը մեթոդապես խոչընդոտում է նաև գաղթականներին օգնելու նպատակով հասարակության կողմից իրականացվող ձեռնարկումները։ Մենք չենք կարող հաշտվել այս զայրացուցիչ փաստի հետ, որ Հայաստանի կառավարությունը մինչև այժմ պաշտոնական բողոք չի ներկայացրել Ադրբեջանի կառավարությանը՝ մեր հայրենակիցների նկատմամբ կատարված ոճրագործության կապակցությամբ, և մինչև այժմ պաշտոնական հաշիվ չի բացել՝ տուժածներին օգնություն ցույց տալու նպատակով /մի՞թե մի ժողովուրդ, որ անչափ կարեկցությամբ արձագանքեց Չեռնոբիլի և Վրաստանի աղետյալներին, արժանի չէ նույնպիսի գթասրտության/։
Նկատի ունենալով այս ամենը՝ մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք․ ընկեր Դեմիրճյան, Դուք այլևս բարոյական իրավունք չունեք ղեկավարելու մեր Հանրապետությունը, ուստի միակ խելամիտ քայլը, որին, հուսով ենք, դեռ ընդունակ եք, Ձեր կամավոր հրաժարումն է զբաղեցրած պաշտոնից։ Նման հայտարարության համար մեզ լիակատար հիմք է տալիս այն իրողությունը, որ ս․թ․ փետրվարի 26-ին Երևանի Թատերական հրապարակում հավաքված միլիոնանոց ցույցը իր դժգոհության աղաղակներով և սուլոցներով փաստորեն Ձեզ արդեն անվստահության քվե է հայտնել։
Մարդկային անկեղծությամբ կարեկցելով Ձեզ, մենք Ձեզ մաղթում ենք առողջություն, երկար կյանք և երջանկություն։
Խորին Հարգանքներով»։ (Նամակը տրամադրել է Եղիշե Չարենցի անվան «Գրականության և արվեստի» թանգարանը)։
Հատկանշական է, որ նախորդ դարում հայ մտավորականությունը, որ բռունցք էր դարձել պետության շուրջ, պետական պաշտոնյաների կատարած աշխատանքում տեսնում ու բարձրաձայնում էր բացթողումների մասին։ Այդ ամենն արվում էր, քանի որ գերակա շահ էր պետությունն ու ժողովուրդը։ Այժմ բարդ է նմանատիպ մտավորականների և մարդկանց գտնելը։ Քանի որ հիմա պետությունն ու ազգը մղվել է ետին պլան։ Հիմա բուրգի գագաթին գերակշռում է անձնական շահը։
Զ. Շուշեցի