Դուք Ձեզ շրջապատեցիք ծուլամիտ, շողոքորթ և կաշառակեր պաշտոնյաներով. Սոս Սարգսյանի բաց նամակը Կարեն Դեմիրճյանին
ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ և ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի մարդկային կերպարին, քաղաքական և մշակութային գործունեությանը շատ ենք անդրադարձել։
Դեմիրճյանը մարդկային և քաղաքական կերպար էր, ով իր գործունությամբ անջնջելի հետք է թողել հայ իրականության մեջ։ Միայն Երևան քաղաքում կառուցված շինությունները, կատարված ահռելի աշխատանքները փաստում են Դեմիրճյանի կատարած անգնահատելի գործը։ Հատկանշական է, որ սովետական տարիներին քաղաքական գործիչներն ու մտավորականությունը մեկ բռունցք դարձած կանգնած էր երկրի արարման սուրբ ու կարևոր գործի թիկունքում։ Չէ՞ որ տարեցտարի Երևանում ու Հայաստանում ոտքի էին կանգնում մշակութային կենտրոններ, թանգարաններ, համերգասրահներ։
Սակայն պետք է ընդգծել, որ բռունցքված մտավորականության և քաղաքական գործիչների միջև երբեմն կար մեծ հակասություն։ Շատ դեպքերում մտավորականները կատարված մեծ գործի հետ մեկտեղ՝ քննադատում էին Դեմիրճյանին։ Նմանատիպ դեպքերին հանրությունն այդքան էլ ծանոթ չէ, քանի որ շատերը չէ, որ սիրում են թերթել նախորդ դարի գրավոր մամուլը կամ կարդալ թանգարաններում պահվող բացառիկ նամակներն ու գրությունները։
Եղիշե Չարենցի անվան «Գրականության և արվեստի» թանգարանում պահվում է մի բացառիկ նամակ-գրություն։ Նամակի հեղինակը հայ ականավոր դերասան Սոս Սարգսյանն է, ով իր բաց նամակում քննադատում է Դեմիրճյանի վարած քաղաքականությունն ու ցույց տալիս իր անկեղծ քննադատությունը։ Ստորև կներկայացնենք նամակի առաջին մասը.
«ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԸՆԿԵՐ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ
Հանրապետության ներկա դրության կապակցությամբ Ձեզ հետ լրջորեն խորհրդակցելու մի շարք ապարդյուն փորձերից հետո մենք՝ Հայ մշակույթի և գիտության գործիչներս, հարկադրված ենք Ձեզ դիմել սույն բաց նամակով։
Ընկեր Դեմիրճյան, երբ Դուք 1975 թվականին դարձաք Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար, Հայ ժողովուրդը անկեղծորեն մեծ հույսեր կապեց Ձեզ հետ։ Չենք կարող չխոստովանել, որ սկզբնական շրջանում Դուք իսկապես արդարացրիք այդ հույսերը, 70-ական թվականների երկրորդ կեսին Հանրապետության տնտեսությունը զգալի վերելք ապրեց, Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում կառուցվեցին բազմաթիվ արդիական արդյունաբերական ձեռնարկություններ, գյուղատնտեսության բնագավառում յուրացվեցին հսկայական նոր հողատարածություններ, շահագործման հանձնվեցին մի շարք կարևոր կուլտուր-կենցաղային օջախներ։ Այս հաջողությունների մեջ Ձեր անձնական ավանդն անուրանալի է՝ մանավանդ հանրապետության նախորդ ղեկավարի անճարակ գործունեության ֆոնի տակ։
Սակայն շուտով նշված հաջողությունները Դուք ծառայեցրիք Ձեր եսասիրական նպատակներին։ Վարելով քմահաճ, կամայական կադրային քաղաքականություն՝ Դուք Ձեզ շրջապատեցիք ծուլամիտ, շողոքորթ և կաշառակեր պաշտոնյաներով, բացահայտորեն ոտնահարելով աշխատավորության լայն զանգվածների իրավունքներն ու շահերը։ Հանրապետությունը թևակոխեց լճացման, բարքերի աղճատման, օրինականության խախտումների հոգևոր սովի և անկումային շրջան։ Դուք փաստորեն վերածվեցիք բրեժնևյան նվիրապետության տիպական պաշտոնյայի՝ սոցիալիստական բարոյականության նկատմամբ դրսևորած վերաբերմունքով ոչնչով չտարբերվելով Ռաշիդովից, Գրիշինից, Կունաևից, Ալիևից և Ռոմանովից։
Նշված զանցանքների համար Դուք խիստ և արդարացի քննադատության ենթարկվեցիք ՍՄԿԿ Կենտկոմի 1987 թ․ Հունիսյան Պլենումում։ Սակայն, ինչպես ցույց տվեց դեպքերի հետագա ընթացքը, Դուք ոչ միայն անկարող եղաք համապատասխան եզրակացությունների հանգելու այդ քննադատությունից, այլև ավելի խորացվեց Հանրապետության բյուրոկրատական ապարատի և աշխատավորների միջև առաջացած անջրպետը։
Մի քանի կեղծ ինքնաքննադատական ելույթներով, որոշ պաշտոնյաներով տեղափոխումներով, Դուք փորձեցիք վերակառուցման պատրանք ստեղծել, սակայն իրականում քողարկված կերպով շարունակելով Ձեր նախկին վարքագիծը։ Դուք չօգտվեցիք ՍՄԿԿ Կենտկոմի կողմից մեծահոգաբար Ձեզ ընծայած վերակառուցելու հնարավորությունից և ապիկար գտնվեցիք ռեալիստորեն գնահատելու արդի իրադրությունը»։ (Նամակը տրամադրել է Եղիշե Չարենցի անվան «Գրականության և արվեստի» թանգարանը)։
Հատկանշական է, որ Սարգսյանի նամակում մենք նշմարում ենք անկեղծ քննադատությունն ու երկրի նկատմամբ մեծ սերը։ Նախորդ դարում մարդիկ միմյանց քննադատում էին անկեղծ, առանց որևէ շահի, քանի որ շատերի համար գերնպատակը ուժեղ հայրենիք և քաղաքացիներ տեսնելն էր։ Քանի որ անկեղծ ու առողջ քննադատությունը բերում է միայն զարգացում։ Այսպիսի ժամանակներ ևս եղել են։ Հենց այսպիսի ժամանակներում կառուցվեց մեր անկախ պետությունը։
Շարունակելի…
Զ. Շուշեցի