Րաֆֆի Հովհաննիսյանը կհանի՞ իր թեկնածությունը
![](https://168.am/wp-content/uploads/2012/11/Raffi-Hovhannisyan-01-e1352113657616.jpg)
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը հունվարի 13-ին կայացած քաղաքական խորհրդի նիստում հայտարարություն է ընդունել, որտեղ ասվում է, թե ԺՀԿ-ն իրավիճակի հնարավորություն տեսնում է, եթե առաջադրված թեկնածուներից Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանան իրավիճակը ճշգրիտ գնահատել և ընդդիմադիր ընտրազանգվածին համախմբման գործընթաց նախաձեռնել, և որ դա հնարավոր կլինի, եթե նրանք հանդես գան մեկ ծրագրով և թիմով, և քվեաթերթիկում մնա նրանցից մեկը:
«Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը 168.am-ի հետ զրույցում չբացառեց նման իրավիճակի ստեղծումը: «Ոչինչ չեմ կարող բացառել, քանի որ ամեն ինչ կախված է նախընտրական քարոզարշավի ընթացքից: Մենք ունենք նախադեպ, երբ 1996թ. վերջին պահին ընդդիմադիր հիմնական թեկնածուները միավորվեցին և մեկ թեկնածուի պաշտպանեցին, այնպես որ` կտեսնենք»,- նշեց Հ. Խուրշուդյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Ր. Հովհաննիսյանը հանի իր թեկնածությունը, Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Ամեն ինչ կախված է նախընտրական ընթացքից, և այդ առթիվ պարոն Հովհաննիսյանն արդեն մեկ անգամ պատասխանել է, որ միասնական թեկնածուով հանդես գալը չի բացառվում, իսկ մնացած դետալները կերևան ընթացքում»: