Բաժիններ՝

Այն ժամանակ արտաքին պարտքը վերցվում էր կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար, այժմ կոնկրետ ի՞նչ խնդիր են լուծում. Խաչատրյանը՝ Թունյանին

«Մեծացել է թե՛ մեր պետական պարտքը, թե՛ արտաքին պարտքը. ցավալի իրականությունը դա է, և պետք չի փորձել սոփեստությամբ ինչ-որ բան համոզել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ արձագանքելով իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանի դիտարկմանը, թե «ոչ թե արտաքին, այլ պետական պարտքն է մոտենում 10 միլիարդի շեմին»:

«Մեր պետական պարտքը, իհարկե, ավելի մեծ է, քան արտաքին պարտքը, բայց, վերջիվերջո, եթե մենք պարտք ենք վերցնում, այդ պարտքը պետք է վճարենք. տարբերություն չկա՝ մենք արտաքի՞ն պարտք ենք վճարում, թե՞ ներքին պարտք ենք վճարում»: Այսինքն՝ ՔՊ-ական պատգամավորը բովանդակությունը թողած՝ ձևի հետևից է ընկնում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ հունվարի 18-ի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արթուր Խաչատրյանը հայտարարել էր, որ Հայաստանի արտաքին պարտքը կհատի 10 միլիարդի սահմանը:

Այսօր էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը որոշել էր պատասխանել ընդդիմադիր գործընկերոջը՝ վիճարկելով ոչ թե  արտաքին պարտքի՝ 10 միլիարդ դոլարին հասնող շեմի մասին հայտարարությունը, այլ՝ Արթուր Խաչատրյանի ձևակերպումը:

«Մեր արտաքին պարտքը չի մոտենում 10 մլրդ-ի շեմին, մոտենում է պետական պարտքը։ Արտաքին պարտքն անցած տարվա վերջին 60 տոկոսն անցել է՝  67 տոկոս է դարձել, բայց այս տարվա բյուջեով նախատեսված է, որ մենք կվերադառնանք ՀՆԱ-ի 60 տոկոսի սահմաններին։ Այստեղ ավելի կարևոր է պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, ոչ թե՝ բացարձակ մեծությունը»,- պարզաբանել էր Բաբկեն Թունյանը՝ Արթուր Խաչատրյանին հիշեցնելով, որ 2009 թվականին, երբ նա կոալիցիայի անդամ էր, պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 16,4 տոկոսից հասել էր  46 տոկոսի։

Մեզ հետ զրույցում Արթուր Խաչատրյանն էլ Բաբկեն Թունյանին հիշեցրեց 2000-ականների մի քանի դրվագ. «Եթե ինքը հղում էր կատարում 2000-ականներին, երբ մեր պետական պարտք/ՀՆԱ հարաբերությունն ավելի մեծ էր, հիշեցնեմ, որ այն ժամանակ արտաքին պարտքը վերցվում էր որոշակի կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար: Այսինքն՝ արտաքին պարտքերը, որ վերցվում էին, նույնիսկ վերջերս՝ դեռ մի քանի տարի առաջ, դրանք գնում էին կոնկրետ ենթակառուցվածքների վրա, հիմնական միջոցների կուտակման վրա:

Այժմ իրենք, օրինակ, 2021 թվականի հունվարին 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր թողարկեցին. ո՞ւր գնաց այդ 750 միլիոնը, կոնկրետ ի՞նչ խնդիր էր լուծում, ի՞նչ հավելյալ արժեք ստացավ այս պետությունը, ի՞նչ ծրագիր իրականացվեց: Իրենք անցում են կատարել պետական պարտքի, արտաքին պարտքի՝ թիրախային վարկերից՝ դեպի պարտատոմսային ֆինանսավորման, որպեսզի այդ հետագծելիությունը չերևա, որ չհարցնենք՝ էդ փողը վերցրեցիր, ի՞նչ ես տեղը կառուցել: Նշեմ նաև՝ այդ եվրապարտատոմսերն ավելի թանկ էին, քան արտաքին թիրախային պարտքերը»:

Առկա տնտեսական իրավիճակում իշխանական ու մերձիշխանական շրջանակներից հնչող լավատեսական հայտարարությունները, տնտեսագետի կարծիքով, սին հույսերով մարդկանց կորստի ցավը բթացնելու փորձեր են:

«Իշխանությունները պարտությունից հետո փորձում են ցույց տալ, որ հնարավորությունների ժամանակաշրջան է բացվել, և այո՛, մենք պարտություն կրեցինք, կորցրեցին Արցախի մեծ մասը, ու ընդհանրապես, Արցախի ճակատագիրը հարցականի տակ է, բայց փոխարենը՝ մենք ունենք հնարավորություններ: Նույն թեզն է, ինչը Լևոն Տեր-Պետրոսյանն էր ժամանակին հնչեցրել՝ «Սերգո ջան, լավ չես ապրի, Ղարաբաղի հարցը քանի չի լուծվել: Հիմա, ըստ իրենց, իրենք Ղարաբաղի հարցը լուծեցին, սկսելու է լավ ապրելու ժամանակը. փորձում են այդ կորստի ցավը մեղմել՝ կեղծ հույսեր տալով»,- ասաց պատգամավորը՝ հիշեցնելով նախարար Քերոբյանի՝ «հույս արթնացնելու մասին» հայտնի արտահայտությունը:

Նկատենք՝ Հայաստանի պետական պարտքի մեծ մասն արտաքին պարտքն է՝ դրսից ստացված վարկեր, փոխառություններ, արտարժութային պետական պարտատոմսերի թողարկումից, տեղաբաշխումից ստացված գումարներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31