Ոչ թե արտաքին, այլ պետական պարտքն է մոտենում 10 միլիարդի շեմին. Բաբկեն Թունյան
ԱԺ նիստում հունվարի 18-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել էր, որ Համաշխարհային բանկի վիճակագրությամբ՝ նախկին սովետական 15 հանրապետությունների մեջ Հայաստանը գործազրկության մակարդակով զբաղեցնում է 1-ին տեղը՝ 20.21 տոկոս: «Այսինքն՝ եթե գործազրկության մակարդակով մենք առաջին տեղն ենք գրավում, ինչպե՞ս կարելի է ասել, որ մեր տնտեսության վիճակը լավ է»,- հարց էր հնչեցրել պատգամավորը:
Նա Հայաստանի տնտեսության 2020 թվականի այլ ցուցանիշներ էլ էր ներկայացրել՝ տնտեսությունը «ընկել է» 7,4 տոկոսով, գնաճը 7,7 տոկոս է, որից սննդամթերքի աճը 12,9 տոկոս է, բանջարեղենը՝ 40 տոկոս: «Այսպես որ շարունակվի՝ մի աման բորշը մի քանի ամիս հետո դառնալու է դելիկատես՝ միս, կաղամբ, գազար, ո՞վ է այդպես բան իրեն թույլ տվել. հացն ընդամենը տասը տոկոսով է թանկացել»,- նշել էր նա:
«Ինչն է Հայաստանում աճե՞լ. արտաքին պարտքը: Այս տարի այն կհատի 10 միլիարդի սահմանը, տիկնայք և պարոնայք, շնորհավորում եմ»,- արձանագրել էր պատգամավորը:
Իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր՝ հունվարի 19-ին, որոշեց պատասխանել ընդդիմադիր գործընկերոջը՝ նկատելով. «Պարո՛ն Խաչատրյան, Դուք երեկ ասում էիք, որ Հայաստանում գործազրկության մակարդակը 20 տոկոս է, Վրաստանում՝ 12.5 տոկոս է: Այսինքն՝ մենք ձախողել ենք ամեն ինչ, իրենց մոտ ամեն ինչ հաջող է: Նախ՝ շեշտենք մի բան՝ Ձեր բերած ցուցանիշը վերաբերում էր 2020 թվականին՝ մինչդեռ Դուք խոսում էիք այսօրվա իրավիճակի մասին: Երկրորդը՝ Համաշխարհային բանկի կայքը ես նայեցի, Համաշխարհային բանկի կայքում, իրոք, Ձեր նշած՝ 20.21 ցուցանիշն է, բայց ՀԲ-ն նշում է, որ հիմնվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալների վրա, իսկ ԱՄԿ-ն հենվում է մեր Վիճակագրական կոմիտեի տվյալների վրա»:
Նա հավելեց, որ թե՛ անցած տարի, թե՛ հիմա ՀՀ-ում գործազրկության մակարդակն ավելի ցածր է, քան Վրաստանում:
Անդրադառնալով Արթուր Խաչատրյանի՝ արտաքին պարտքի մասին դիտարկումներին՝ Բաբկեն Թունյանը ոչ թե վիճարկեց արտաքին պարտքի հնչեցվող 10 միլիարդ դոլարին հասնող շեմի մասին հայտարարությունը, այլ փորձեց ուղղումներ մտցնել ձևակերպման մեջ:
«Մեր արտաքին պարտքը չի մոտենում 10 մլրդ-ի շեմին, մոտենում է պետական պարտքը։ Արտաքին պարտքն անցած տարվա վերջին 60 տոկոսն անցել է՝ 67 տոկոս է դարձել, բայց այս տարվա բյուջեով նախատեսված է, որ մենք կվերադառնանք ՀՆԱ-ի 60 տոկոսի սահմաններին։ Այստեղ ավելի կարևոր է պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, ոչ թե՝ բացարձակ մեծությունը։ Եվ եթե պարտքի բեռի ավելացումը շնորհավորելու բան է, ես Ձեզ հիշեցնեմ, որ 2009 թվականին, երբ դուք կոալիցիայի անդամ էիք, պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 16,4 տոկոսից հասավ 46 տոկոսի։ Բայց մենք չենք շնորհավորել, որովհետև սա շնորհավորելու բան չէ, սա ուղղակի փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել»։
Ի դեպ, հիշեցնենք, որ Հայաստանի պետական պարտքի մեծ մասն արտաքին պարտքն է՝ դրսից ստացված վարկեր, փոխառություններ, արտարժութային պետական պարտատոմսերի թողարկումից, տեղաբաշխումից ստացված գումարներ։