Գիտական խումբը զբաղվում է ռենտգենյան ճառագայթների ուսումնասիրմամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող Տիգրան Մուրադյանն ասում է՝ իրենց լաբորատորիան զբաղվում է ռենտգենյան ճառագայթների ուսումնասիրմամբ արտաքին ազդակների առկայության պայմաններում: «Ուսումնասիրում ենք ռենտգենյան փնջերի վարքը: Նպատակը ռենտգենյան ճառագայթների կառավարելիության ապահովումն է: Փորձարարական աշխատանքների հիմնական կիրառական նշանակությունը ռենտգենյան օպտիկայի էլեմենտների մշակումն է, որոնք կարող են օգտագործվել բժշկության, հանքարդյունաբերության, նյութագիտության և այլ ոլորտներում, ռենտգենյան տիրույթի պատրաստած լինզաները կիրառվում են արագացուցիչներում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մուրադյանը:

Գիտական խումբը կազմված է երեք հոգուց՝ Տիգրանից և երկու ասպիրանտ աղջիկներից: «Նախկինում նույնպես համատեղ աշխատանքներ կատարել ենք, բայց Գիտության պետական կոմիտեի Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում գիտական սարքերի և (կամ) նյութերի ձեռք բերման դրամաշնորհի միջոցով փորձեցինք մեր գիտական հետաքրքրությունները մոտեցնել: Ինչ-որ աշխատանքներ միասին տպագրել էինք, բայց աշխատանքները նոր թափով շարունակելուն նպաստեց դրամաշնորհը»,-նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ գիտական խմբի անդամները տարբեր լաբորատորիաներից են, բայց ներկայացնում են գիտական նույն ինստիտուտը:

Շարունակվում են քննարկումները, որ գիտության ոլորտն արդիականացնելու, երիտասարդ գիտաշխատողներով համալրելու խնդիր ունենք, մյուս կողմից կա ֆինանսավորման հարցը: Տարբեր դրամաշնորհների ու մրցույթների միջոցով որոշակի տեղաշարժ ակնհայտորեն նկատվում է, բայց թերևս ֆինանսական ավելի խոշոր միջոցներ են անհրաժեշտ: Տիգրանը ևս նշում է՝ հիմնականում բախվում են ֆինանսական՝ աշխատավարձերի խնդրին:

«Երիտասարդները գալիս են, բայց իրենց համար խնդիր է դառնում աշխատավարձերի ցածր լինելու հանգամանքը: Իրենց ուղղությունը սկսում են փոխել դեպի մոդայիկ տեղեր, որ նաև աշխատավարձն ավելի բարձր լինի, գնում են դեպի այդ ուղղություններ, օրինակ՝ սովորում են ֆիզիկա, բայց ուղղությունը դառնում է ծրագրավորում մասնագիտացումը, որովհետև այնտեղ ֆինանսական առումով ավելի շատ են հնարավորությունները: Ինքս դեռ շատ մանրամասն չեմ ուսումնասիրել այն փոփոխությունները, որոնք սպասվում են գիտության ոլորտում՝ ֆինանսավորման ավելացման և աշխատավարձերի բարձրացման տեսքով, բայց իմ կարծիքով՝ սա քայլ է երիտասարդներին գիտության մեջ ներգրավելու համար: Փորձում ենք ֆիզիկայի ֆակուլտետից ուսանողներ ներգրավել ուսումնասիրություններ, հետազոտություններ կատարելու ընթացքում, ի դեպ, ամեն տարի նրանք գալիս են, բայց աշխատավարձի ցածր լինելը խնդիր է առաջացնում: Մեկ այլ խնդիր էլ ունենք՝ սարքավորումները հին են, երկար տարիներ թարմացում չի եղել կրկին ֆինանսավորման պատճառով: Սարքավորումներն էլ են խնդիր առաջացնում: Հիմա երիտասարդները ձգտում են ավելի հեշտ աշխատանք անել, նոր սարքերով աշխատել: Հիմնականում այս խնդիրներն ունենք»,-հավելում է Տիգրանը:

Ասում է՝ Խորհրդային Միության փլուզումից հետո ինչ-որ քայլեր են արվել սարքերի արդիականացման մասով, բայց հիմնականում մնացել է այն, ինչ ժառանգել են ԽՍՀՄ-ից:

«Բայց չէի ցանկանա, որ սա խոչընդոտ լիներ գիտությամբ զբաղվելու համար: Եթե սեր ու ցանկություն ունենաս, ելքեր էլ կգտնես: Իմ օրինակը կարող եմ բերել: Շատ երկրներում արդեն իսկ վերացել է ռենտգետ ժապավեններով երևակում կատարելը, հիմա այլ սարքավորումներ կան, թվային սարքեր, գրանցիչներ, որոնք գրանցում են պրոցեսները՝ ժամանակը կրճատելով: Նման սարքեր չենք ունեցել, դրանք տեսել եմ արտասահմանում: Չնայած դրան՝ աշխատել ենք ժապավեններով, հոդվածներ տպագրել բավականին բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում: Օրինակն այն մասին է, որ թեկուզ հին սարքավորումներով, բայց շատ բան անել, աշխատել հնարավոր է, ուղղակի պետք է ցանկություն ունենալ, այդ դեպքում շատ խնդիրներ հաղթահարելի են»,- նշում է մեր զրուցակիցը:

Պետական գերատեսչությունները և անհատները քայլեր են անում հատկապես դպրոցականների մոտ բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով: Ի վերջո, փոփոխություններ անելու բոլոր ճանապարհները տանում են դեպի դպրոց:

«Սա իրականում շատ բարդ հարց է, թե ինչ անել բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու համար: Իմ կարծիքով՝ դպրոցներում բնագիտական առարկաները պետք է ավելի հանրամատչելի ներկայացնել, պատկերավոր բացատրել, հետաքրքրություն առաջացնել երեխաների մոտ: Տեսեք՝ «National geographic» և «Discovery» ալիքները փորձում են շատ հանրամատչելի ձևով ներկայացնել բնական գիտությունները: Դպրոցականների մոտ ամեն ինչ պետք է սկսել ավելի պարզ մակարդակից, հետո, իհարկե, պետք է խորանալ առարկաների ուսումնասիրության մեջ, բայց, օրինակ՝ տիեզերքի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար պետք է նյութը ներկայացնելու պարզ տարբերակներ գտնել: Մեր դասագրքերը լավն են, բայց ուսուցիչները, մինչև բանաձևերին ու բարդ նյութին հասնելը, գիտությունը պետք է հասկանալի ձևով ներկայացնեն երեխաներին»,-եզրափակում է Տիգրան Մուրադյանը»:

Տեսանյութեր

Լրահոս