«Մարզպետը կյանքն է դրել մեր երկրի, մեր ժողովրդի համար, դուք այսօր դրել, ասում եք՝ կեղծ դիպլոմ ունի էդ մարդը, ո՞վ ասեց՝ կեղծ ա»․ ԿԳՄՍ նախարար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում լրագրողների հարցերին որոշել էր պատասխանել, հատկապես վերջին շրջանում, իշխանությունների որդեգրած ոճով. նախ՝ ճշտել, թե հարց տվողը որ լրատվամիջոցն է ներկայացնում, ապա ինչ-որ «ռեպլիկ» անել և միայն այդ գործողություններից հետո պատասխանել հարցին։
«Այդպես ասեք, որ հասկանամ հարցը, իմանամ՝ ոնց պատասխանեմ»,- լրատվամիջոցը ներկայացնող լրագրողի ներկայանալուց հետո ասաց Դումանյանը։
Մեկ այլ հարցի՝ լրագրողի ներկայանալուց հետո, ԿԳՄՍ նախարարն այսպես արձագանքեց․
«Ես նախ պետք է ձեր հարցադրումների խմբագրում անեմ, հայերեն դաշտ բերեմ, բերեմ պրոֆեսիոնալ դաշտ, առավել ևս՝ լրագրողական դաշտ, որովհետև լրագրող լինել, չի նշանակում՝ ցանկացած ձևակերպումով, ցանկացած միտք՝ որպես հարց տալ»:
Իսկ ի՞նչ էր հարցրել լրագրողը ԿԳՄՍ նախարարին․
«Պարոն նախարար, վերջերս պարզ դարձավ, որ 2 մարզպետ բարձրագույն կրթություն չեն ստացել՝ դիպլոմներ չունեն, մարզպետարանների կայքերում նախապես գրված չէր դիպլոմների մասին, և միայն աղմուկից հետո ինչ-որ կասկածելի դիպլոմներ ներկայացրեցին։ Սյունիքի մարզպետը այնպիսի համալսարանի, այնպիսի բաժնի դիպլոմ էր ներկայացրել, որը բացվել էր միայն իր ավարտելուց հետո։ Կխնդրեմ պարզաբանեք, դուք տեղյա՞կ եք այս խնդրին, բարձրագույն կրթություն չունեցող մարդիկ ո՞նց են նշանակվում մարզպետ, և արդյոք հիմա հնարավո՞ր է դիպլոմ առնել»։
Իսկ նախարարը նախ բացատրեց՝ լրագրողի հարցին ի պատասխան իր արձագանքն ինչով էր պայմանավորված, թե հենց լրագրողն առաջինը որակում տվեց, քանի որ այդտեղ կեղծ դիպլոմ հասկացություն ընդհանրապես չկա, ապա շարունակեց.
«Որևէ կեղծիքի մասին խոսք չկա, ինչո՞ւ եք դուք այդ նյութն այսպես տարածում մեր 2 մարզպետների հետ կապված։ Որևէ մեկի՝ դիպլոմ չանվանենք, այդ փաստաթուղթը ներկայացրած, կեղծ չի՛։ Խոսքը գնում է ուրիշ բանի մասին, որ այդ բուհը, այդ կազմակերպությունը, որ կոչվում է բարձրագույն ուսումնական հաստատություն՝ հավատարմագրված չի՛, դա չի նշանակում, որ այդ փաստաթուղթը կեղծ է»։
Դումանյանն ասաց, որ չհավատարմագրված բուհերի շրջանավարտների համար 2003 թվականից մինչև 2017 թվականն ամեն տարի տրվել է հնարավորություն, որպեսզի ցանկացողները, որոնք ունեն չհավատարմագրված բուհի ավարտական փաստաթուղթ, այսպես ասած՝ դիպլոմ, կարող են ստանալ պետական նմուշի դիպլոմ՝ հանձնելով պետական ավարտական քննություններ՝ լիազոր մարմնի կողմից ուղղորդվելով այս կամ այն պետական բուհ․
«Հանգամանքների բերումով, վստահ եմ, հիմա էլ կան մարդիկ, որոնք այն ժամանակ չեն եկել, բայց վաղը կարող է խնդիր ունենան դիպլոմի, այդ պատճառով ուզում ենք հարցին տալ ամբողջական լուծում․․․ Դուք խոսում եք անձերի մասին, որոնք շատ հարգելի և շատ մեծ ներդրում ունեն։ Պարոն Պետրոսյանից եք դուք խոսում, Պարոն Պետրոսյանը կյանքն է դրել մեր երկրի համար, մեր ժողովրդի համար, դուք այսօր դրել, ասում եք՝ կեղծ դիպլոմ ունի էդ մարդը, ո՞վ ասեց՝ կեղծ ա․․․»։
Հիշեցնենք, որ 2 օր առաջ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Սյունիքի մարզպետի դիպլոմը կեղծ է։
Ավելի վաղ՝ 2021 թվականի դեկտեմբերի 2-ին, նույն լրատվամիջոցը գրել էր, որ Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը այդ պաշտոնին նշանակվել է ՀՀ օրենսդրության կոպիտ ոտնահարմամբ՝ մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով։
Նշենք, որ Ռազմիկ Պետորսյանն այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից, Արագածոտնի մարզպետ է նշանակվել ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը։