«Ես կուզեի, որ 2022թ. հայ մարդը հասկանա, որ եթե հայրենիքի վիճակը վատ է, իր վիճակը երբեք լավ չի լինելու թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս». Կարինե Նալչաջյան

«Ճգնաժամը խորանում է, երկրի վիճակը օրեցօր վատանում է, արդեն ինչքան ժամանակ է՝ բոլորս ասում ենք, որ օր առաջ, ժամ առաջ այս իշխանությունը պետք է հեռանա, միակ ելքը, որ Հայաստանը մտնի նորմալ հունի մեջ, դա է, բայց տեղի չի ունենում: Այսինքն՝ մղձավանջը շարունակվում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին պարզություն է մտցվել, թե ով` ով է. «Մարդիկ կային, որոնք թաքնված էին հայրենասերի քողի տակ, բայց հասկացանք՝ ով ով է: Ունենք թուրքերի շահը սպասարկող իշխանություններ, ունենք մոլորված ժողովուրդ, որ արդեն ըստ էության հասկացել է՝ ինչ է կատարվել, բայց ելք չի տեսնում, վախեցած է: Երևի միակ դրական բանն այն է, որ մարդիկ գլխի են ընկել, որ իրենց գլխին փորձանք է եկել:

Ուղղակի ցանկանանք, որ այդ վիճակից էլ անցնենք հաջորդ փուլին, համախմբվենք, որ այս ցեղասպանական գործողություններից, որոնք հենց հիմա մեզ հետ կատարվում են, դուրս գանք, տեսենենք՝ ինչ է հնարավոր անել երկրի համար: Այսօր, առավել քան երբևէ, երևում է, թե անհատ մարդու կյանքը, ճակատագիրը, երջանկությունը, դժբախտությունը ինչքան կապված է երկրի հետ:

Սովորական առօրյա կյանքում կարծես այդպես չէ, ամեն մարդ ապրում է իր նպատակներով, իր գործերով, բայց երբ այսպես խորը, անտանելի ճգնաժամ է, մենք տեսնում ենք, որ բոլորս մասնիկն ենք այդ ամբողջի: Եվ եթե ամբողջի վիճակը վատ է, մենք ուղղակի չենք կարող լավ լինել: Ես կուզեի, որ 2022թ. հայ մարդը սա հասկանա, հասկանա հայրենիքի գինը և հասկանա, որ եթե հայրենիքի վիճակը վատ է, իր վիճակը երբեք լավ չի լինելու թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս»:

Նա ընդգծեց, որ շատերն են հասկացել՝ ինչ է տեղի ունենում.

«Շատ-շատերը կարողացել են իրենք իրենց հաղթահարել և ասել, որ՝ այո, ես սխալվել եմ: Այս ներքին՝ ինքդ քո նկատմամբ տարած հաղթանակը շատ կարևոր է: Ակնհայտ է, որ մարդիկ սթափվում են, հասկանում են, որ այս իշխանությունները, որոնց իրենք բերել են, թշնամական են հենց իրենց նկատմամբ: Մարդիկ մոլորված են, որովհետև հասկացել են, բայց չգիտեն՝ ինչ անել:

Ես չեմ խոսում այն մասին, որ իներցիայի մեջ գտնվող, մտավոր շատ ցածր մակարդակ ունեցող խումբ կա, որ այդպես էլ համառորեն կառչել է մի բանից ու մնում է: Սրանց վրա նույնիսկ աշխատելու կարիք չկա, որովհետև սա շատ կարծր դիրքորոշում է: Բայց մեծ մասամբ մենք որակական փոփոխություն ունենք, ես չեմ կարող դա չնկատել: Որակական փոփոխություն ունենք՝ հասկանալու տեսակետից, բայց ակտիվության, ինչ-որ բան փոխելու, արժանապատվությունը վերագտնելու տեսանկյունից դեռևս փոփոխությունները շատ չեն: Շատ կուզենայի, որ 2022-ը լիներ զարթոնքի տարի: Ես շատ կուզենայի, որ մեր աշխատանքը պտուղներ տար, մարդիկ արդեն չդիմանային և վեր կենային ու իրենց ճակատագիրը իրենց ձեռքը վերցնեին»:

Հարցին՝ այսինքն՝ 2022թ. պայթյո՞ւն կարող է լինել, նա պատասխանեց. «Պայթյուն՝ դրական իմաստով, որովհետև այսպես մենք լուռ գնում ենք կառափնարան»:

Դիտարկմանը՝ բայց ասում են, որ գնում ենք դեպի խաղաղության դարաշրջան, նա արձագանքեց. «Սա ամենաստոր սուտն է: Գիտե՞ք՝ վախեցած մարդը միշտ կառավարելի է: իրենք մեզ վախեցրին արյամբ, որը հեղեցին, և այսօր պարզ մարդը մտածում է՝ միայն թե պատերազմ չլինի: Բայց մենք շատ լավ ենք հասկանում, որ այսպես խաղաղության դրոշակակրի կեղծ դիմակը հագած՝ իրենք ոչ մի խաղաղության մեզ չեն տանում, մեզ տանում են դեպի թուրքերի երախը: Ցանկացած ծրագիր ունի իր փուլերը:

Մեզ հետ այն ծրագիրը, որն իրականացվում է, ես նկատի ունեմ Ալիև-Փաշինյան-Էրդողան եռյակի համագործակցությունը, իրենք հիմա մեզ խաբում են, ասում են, որ՝ ձեզ համար խաղաղություն է լինելու, առևտուր կանեք, և ինչ-որ մարդկանց սա նաև դուր է գալիս, որ լավ, էլ պատերազմ չլինի, նույնիսկ հարստանալու հույսեր ունեն: Բայց չեն հասկանում, որ հաջորդ փուլը լինելու է հայազրկումը: Այո, հնարավոր է, որ այս սերունդը չտեսնի հերթական մորթը, բայց հաստատ իրենց երեխաները, թոռները թուրքական յաթաղանի զոհ են դառնալու: Հասկանո՞ւմ եք՝ փուլերը հասցնելու են դրան»:

Հոգեբանից հետաքրքրվեցինք՝ կարծիքներ կան, որ Նիկոլ Փաշինյանը վախեցած է, դրա համար է այս քայլերին գնում, ինքը Փաշինյանի աչքերում վախ տեսնո՞ւմ է:

«Մարդը գիտի՝ ինչ է արել և ինչ է անում: Եթե փորձենք մտնել Նիկոլ Փաշինյանի մտքերի, ապրումների մեջ, շատ հնարավոր է, որ հիմա ինքը կուզեր վայելել իր դիզած հարստությունը, բայց ինքը ծուղակի մեջ է՝ խոստումներ է տվել, համագործակցության մեջ է երկրի ոխերիմ թշնամիների հետ, և ինքը հաստատ այս պահին ներքին վախեր ունի: Բայց հետաքրքիր հոգեբանական մի բան կա՝ վախեցած մարդը կարող է ավելի վտանգավոր լինել, որովհետև ինքը ոչինչ չունի կորցնելու, կարող է ամենադաժան գործողություններ կատարել: Այնպես որ, ես համամիտ եմ, որ վախի էլեմենտ իր մեջ կա, մանավանդ՝ փաստեր կան, որ ինքը վախկոտ մարդ է, բայց հիմա ինքն իր թիկունքը պինդ է զգում, որովհետև ինքը համագործակցում է երկու երկրի ղեկավարի և, Աստված գիտի՝ էլ ինչ ուժերի հետ, և իր վախերից ելնելով անգամ՝ նա երբեք չի թողնի իշխանությունը: Վախի տարրը ես տեսնում եմ, բայց դա այն վախն է, որը կարող է շատ դաժան հետևանքներ ունենալ»,- ի պատասխան՝ ասաց նա:

Կարինե Նալչաջյանը հավելեց, որ ՏԻՄ ընտրություններից հետո, ի դեմս գործող իշխանությունների՝ գործ ունենք վիրավոր գազանի հետ. «Իրենք շատ լավ հասկանում են, որ հողն իրենց ոտքերի տակից գնում է: Վիրավոր գազանը շատ ավելի վտանգավոր է, և պատահական չեն այս ձերբակալությունները, մարդկանց հետապնդումները, վախի մթնոլորտի ստեղծումը: Սրանք արդեն իրենց գոյությունը պահպանելու համար ամեն ինչի ընդունակ են, այսինքն՝ ավելի վտանգավոր են դառնում»:

Տեսանյութեր

Լրահոս