Ցավում եմ, որ որոշ շրջանակներ չմարսեցին այն ռեյտինգը, որն այս պահին ունի քաղաքապետը. Պավել Սարգսյան
Երևանի ավագանու «Իմ քայլը»-ի անդամ Պավել Սարգսյանը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացը ելույթի ժամանակ անարդար համարեց.
«Հանուն արդարության՝ կուզեմ նշել, որ, այո, քաղաքապետը երբեմն ինքնուրույն քայլեր է իրականացրել՝ երբեմն առանց ավագանու հետ համաձայնեցնելու, բայց այս իրավիճակը ինձ համար անընդունելի է՝ համենայնդեպս այս ձևաչափով, որը որ տեղի է ունենում»,- ասաց Պավել Սարգսյանը:
Նա ընդգծեց. «Ցավում եմ, որ որոշ շրջանակներ չմարսեցին այն ռեյտինգը, որն այս պահին ունի քաղաքապետը: Մեծ ցավով կուզեմ նշել, որ այսօր հեղափոխություն իրականացրած մարդիկ ամենախոցելին են, ամենաշատ ճնշումների ենթարկված մարդիկ են, և ճնշումները գնալով շատանում են նրանց նկատմամբ»:
Ավագանու անդամներից Սերգեյ Սարգսյանն էլ խոսեց առկա ճգնաժամի մասին, որը, ըստ նրա, գալիս է ավագանու ինստիտուտի կարգավիճակից:
«Նույն այս որոշումը ֆրակցիայում չի քննարկվել: Ո՞ր օրն է եղել, որ քննարկվել է. նման օր ուղղակի չկա»,- ասաց Սերգեյ Սարգսյանը: