Փաշինյանի օրոք կատարած ցանկացած գործողություն ոչ հայանպաստ է, եթե նրա օրոք լինի սահմանագծում և սահմանազատում՝ չի բխելու մեր շահերից. ՀՀԿ անդամ
«Մինչև եռակողմ հանդիպումը իշխանությունը որոշել էր, որ Արցախի հարցը պետք է մղվի երրորդ պլան, հանրության ուշադրությունը կետրոնացրել էին հիմնականում Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզի անվտանգային ենթակառուցվածքային խնդիրներին, ինչի արդյունքում Արցախի հարցը դուրս մղվեց հանրային տիրույթից»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ անդամ Հովհաննես Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է եռակողմ հանդիպմանը, ապա, նրա խոսքով՝ այն կարելի է մեկնաբանել երկու առումով՝ աշխարհաքաղաքական և հայկական շահերի սպասարկման:
«Աշխարհաքաղաքական առումով մենք տեսանք, որ ՌԴ-ն՝ որպես մեծ դերակատարում ունեցող, դեռևս կա և մնում է Հարավային Կովկասում: Ինչ վերաբերում է հայկական շահի սպասարկմանը, մինչ փաստաթղթին անցնելը Նիկոլ Փաշինյանը, երբ Երևանում էր, Ալիևի կողմից ագրեսիան որակում էր՝ որպես ագրեսիա: Իսկ երբ մեկնեց Սոչի՝ մենք չտեսանք ագրեսիա բառը, իսկ դա ինչ է, եթե ոչ՝ հետքայլ: Ապա ստորագրվելիք փաստաթղթում չկար ոչ մի հայանպաստ լուծում, ռազմագերիների վերադարձի հետ կապված ժամկետներ, անդրադարձ՝ Արցախի անկախության, ինքնորոշման և միջանկյալ կարգավիճակին: Կարծեմ ՌԴ նախագահի կողմից ասվեց, որ չկա հստակ սահման՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Այստեղ տրամաբանական հարց է առաջանում.իսկ, եթե հստակ ֆիքսված սահման չկա, այդ ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ դեռևս դեկտեմբերի 18-ին հանցավոր կերպով, միանձնյա որոշում է կայացրել, որ մեր զորքերը պետք է նահանջեն: Կամ, այդ ինչպե՞ս է ստացվում, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ը համարվում է Սովետական Ադրբեջանի տարածք: Կամ ինչպե՞ս է ստացվում, որ այդ նույն ճանապարհին տեղադրվում են ադրբեջանական անցակետեր: Փաշինյանի օրոք կատարած ցանկացած գործողություն ոչ հայանպաստ է, նրա օրոք եթե լինի սահմանագծում և սահմանազատում, ապա դա չի բխելու մեր շահերից: Դա կնշանակի, որ պատրաստվում ենք Երրորդ Հանրապետության հուղարկավորությանը»,- նշեց ՀՀԿ անդամը:
Շարունակելով գործընկերոջ խոսքը՝ ՀՀԿ ԵԿ անդամ Հայկ Սևոյանը նշեց, որ մինչև օրս փաստաղթղթերը ստորագրվել են ոչնչի համար, որովհետև, ըստ նրա՝ նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը չեն բավարարվել:
«Հայաստանը փոխանցել է բոլոր գերիներին, իսկ մենք Ադրբեջանում դեռևս ունենք գերիներ: Ստորագրված բոլոր փաստաթղթերը ի վնաս Հայաստանի են»,- ասաց Հայկ Սևոյանը:
Թե Հովհաննես Խաչատրյանը, և թե Հայկ Սևոյանը ընդգծեցին՝ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ի՞նչ դելիմիտացիա, դեմարկացիա են անում:
«Շուրջ մեկ տարի է՝ կապիտուլյացիոն ակտը ստորագրված է, ոչ մեկը մինչ օրս չի տեսել գեթ մի հայ պաշտոնյա, ով կասի, որ Ադրբեջանի ագրեսորական գործողողությունների պատճառով Արցախի Հանրապետությունում կա օկուպացված տարածք: Իսկ թե ինչպես են պատկերացնում Արցախի հարցը… նրանք ուղղակի չեն պատկերացնում, որովհետև նրանց Արցախն արդեն չի հետաքրքրում: Եթե Արցախը հետաքրքրեր՝ գոնե ինչ-որ մի պաշտոնյա ինչ-որ մի ամբիոնում կասեր, որ Արցախի Հանրապետությունում կան օկուպացված տարածքներ: Տվյալ պահին ՀՀ-ն ոչինչ չի անում հետագա բանակցությունների պլանը շարունակելու համար: Կառավարության ծրագրում նրանք նշել են՝ պետք է բանակցությունները շարունակվեն մեզ հայտնի սկզբունքների շուրջ: Մեզ հայտնին Մադրիդյան սկզբունքներն են, որոնք 2018թ. նրանց ժառանգություն էին մնացել, սակայն գոռում էին, որ ժառանգություն չեն ստացել, բանակցությունները մտած են փակուղի: Բանակցելու տեղ չկար՝ պետք է պատերազմեինք: Իսկ եթե բանակցելու տեղ կար իրականում, որին դուք վերադարձաք 2020թ., բա ինչո՞ւ պատերազմեցինք: Այդ հարցին եթե կարողանանք պատասխանել, ուրեմն կհասկանանք՝ որտեղ է դավաճանական գործընթացն իրականացվել, և ինչու 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ-ն նման պարտություն կրեց: Պատերազմի ընթացքում ԱԺ ամբիոնից հայտարարում էր՝ ինչ էլ լինի, մեզ պարտված չենք համարում: Ես դա չեմ ընդունում: Վստահ եմ, յուրաքանչյուր ազգասեր հայ այդ նախադասությունը չի ընդունելու: Այդ բառակապակցությունը բացատրում է արդեն դավաճանական գործընթացների սկիզբը»,- ասաց Հայկ Սևոյանը: