Բաժիններ՝

Նորաստեղծ «Արմաթ» լաբորատորիաները և Հայաստանը՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայում

Նախորդ շաբաթ տեղեկատվական ոլորտի հայկական հատվածում հատկապես ակտիվ էին պատանիները։ Հայաստանը ներկայացուցիչ ունեցավ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայում, ինչպես նաև հայտարարվեց բազմաթիվ նոր «Արմաթ» լաբորատորիաների մասին, և ոչ միայն՝ Հայաստանում։

«Արմաթը»՝ Հայաստանում և Դաքքայում

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԱՏՁՄ) հայտնում են, որ մինչև տարվա ավարտը նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության օժանդակությամբ Սյունիքում հիմնել թվով 14 «Արմաթ» լաբորատորիաներ, ինչպես նաև 1 «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոց՝ Կապանում։

«Սյունիքի տասնյակից ավել գյուղերի հետ այժմ նախապատրաստական աշխատանք է տարվում, որպեսզի մոտ օրերս մեկնարկենք այնտեղ «Արմաթ» լաբորատորիաների ներդրման գործընթացը»,- նշեց «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։

 Դաքքայում ևս կբացվի «Արմաթ» լաբորատորիա

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը տեղի ունեցավ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) Բանգլադեշի գործընկերային պատվիրակության այցը Հայաստան, որը վերաբերում էր մայրաքաղաք Դաքքայում «Արմաթ» աշխատանոցի բացմանը։ Լաբորատորիայի բացումը նախատեսվում է իրականացնել 2022 թվականի գարնանը Դաքքայի Ռազմաօդային դպրոցում՝ DIP (Development Innovation Platform) հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում։

Պատվիրակությունը կազմված էր Բանգլադեշի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գերատեսչության թվով 7 պաշտոնյաների թիմից (Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության նախարարություն) և DIP (Development Innovation Platform) հիմնադրամի 3 ներկայացուցչից:

ԱՏՁՄ գործընկերներն այցելեցին «Արմաթ» լաբորատորիաներ Երևանում և մարզերում, ինչպես նաև Դիլիջանում հանդիպեցին «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոցի սաներին։ Հյուրերը վստահություն հայտնեցին, որ աշխատանոցի բացումը Դաքքայում մեծապես կնպաստի պատանիների մասնագիտական կողմնորոշմանը։

«Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության պետական ու հասարակական ոլորտի ներկայացուցիչների այցի նպատակը Հայաստանում ստեղծված կրթական նախագծի դրական փորձի ու կիրառելի արդյունքի փոխանցումն ու կիրարկման իրագործելության բացահայտումն էր։ Այցերը դպրոցներ ու լաբորատորիաներ օգնեցին որոշում կայացնողներին ընդհանրական պատկերացում կազմել «Արմաթի» բովանդակության և նախագծի իրականացման շուրջ։ Բանգլադեշի ներկայացուցիչները մատնանշեցին, որ կներկայացնեն «Արմաթն» իրենց Բարձր տեխնոլոգիաների ոլորտի գերատեսչությանը (High Tech Park Authority) և հետամուտ կլինեն «Արմաթը» Բանգլադեշի Հանրապետությունում ներդնելու հարցում»,- նշեց ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը։

Որոշում կայացվեց, որ բանգլադեշցի երկու խմբավարները, Դաքքայում աշխատանոցի բացումից առաջ, այցելեն Հայաստան՝ «Արմաթի» մեթոդոլոգիայի վերաբերյալ համապատասխան վերապատրաստումներն անցնելու և աշխատանքային գիտելիքներ ձեռք բերելու նպատակով։ Մոտ ապագայում կդիտարկվի Բանգլադեշի այլ վայրերում «Արմաթ» աշխատանոցների բացման հեռանկարը։

ԱՏՁՄ-ն մեկնարկել է հայկական կրթական մոդելն արտահանելու գործընթացը տարիներ առաջ՝ գրանցելով գործնական հաջողություններ և բացելով «Արմաթ» աշխատանոցներ նախ՝ Հնդկաստանում, ապա այժմ՝ Բանգլադեշում։ Վերջինիս պատվիրակությունը Հայաստան էր այցելել դեռ 2019 թվականին՝ «ԴիջիԹեք» ամենամյա ցուցահանդեսի օրերին, երբ Եթովպիայի, Աֆղանստանի և Մարոկկոյի իրենց գործընկերների հետ հյուրընկալվեցին Ագարակի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում։ Այնտեղ նրանք ծանոթացան ծրագրի առանձնահատկություններին, գրանցած հաջողություններին և արմաթցիների աշխատանքներին։

 «Արմաթ» լաբորատորիաների թիվը 600-ն է

«Արմաթ համայնքը նշում է 600-րդ ճարտարագիտական աշխատանոցի հիմնումը։

Այսպիսով մենք ևս մեկ քայլ մոտենում ենք կրթական ծրագրի հիմնադիր Կարեն Վարդանյանի նվիրական երազանքին՝ ՀՀ բոլոր դպրոցներում ունենալ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ։

600-րդ լաբորատորիան բացվել է Երևանի թիվ 158 հիմնական դպրոցում՝ Վանիկ Պողոսյանի, Մեկ ընտանիք միսիա բարեգործական ՀԿ-ի և ԱՏՁՄ աջակցությամբ։

Լաբորատորիան կրում է Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի անունը»,- ասվում է ԱՏՁՄ հայտարարության մեջ։

Հայաստանը՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայում

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայում Հայաստանը ներկայացրել է «Ֆիզմաթ-Հայաստան» թիմը (Ֆիզմաթի ռոբոտաշինության խմբակ / Robotics club in Physmath school), որն ավելի վաղ հաղթող էր ճանաչվել օլիմպիադայի ազգային փուլում։ Կապված կորոնավիրուսի սահմափակումների հետ՝ այս տարի մրցույթը անցկացվում էր օնլայն։

«Ռոբոտների համաշխարհային օլիմպիադային մասնակցելու համար հարկավոր է ստեղծել ռոբոտ, որը կլուծի առաջադրված խնդիրը։ Օլիմպիադայի խնդիրը կազմվում է «Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի» միջազգային ասոցիացիայի կողմից, որը հիմնականում կապված է բնական աղետների լուծման հետ։ Խնդիրը նույնն է բոլոր մասնակից երկրների համար, երկրներն անցկացնում են հանրապետական փուլեր, հաղթող թիմերը մրցում են միմյանց հետ միջազգային փուլում։ Այս տարվա խնդիրն էներգամատակարարումն է։ Կան տարբեր գույների բլոկներ՝ խորհրդանշող տարբեր տեսակի էներգիայի տեսակները՝ արևի, քամու և հիդրոէներգիա»,- 168.am-ի հետ զրույցում պատմում է հայկական թիմի անդամ Նարեկ Սարգսյանը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս