«Պատրաստ եմ իմ ազգի համար լինել և՛ հավաքարար, և՛ ղեկավար». Ռուբեն Վարդանյան

Ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել РБК-ին՝ խոսելով այն մասին, թե ինչպիսի Հայաստան է պետք կառուցել, սոցհարցումների արդյունքում բացահայտված երևույթների, ինչպես նաև երկրի «հավաքարարն ու նախագահը» դառնալու պատրաստակամության մասին:

Հասարակության շրջանում տիրող տրամադրությունների մասին

«Առաջին հերթին, պետք է խոստովանել, որ պատերազմը շատ լուրջ և խոր հետք է թողել հայերի գիտակցության մեջ ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում: Այս առումով նոյեմբերի 9-ը սառը ցնցուղ էր, սակայն կարևոր պահ էր հասկանալու համար՝ որտեղ ենք մենք գտնվում: Մյուս կողմից՝ պետք է նշել, որ ոչ խաղաղության, ոչ պատերազմի իրավիճակը, որում ապրել ենք նաև նախքան պատերազմական գործողությունները, ցավոք մնացել է նաև պատերազմից հետո: Երրորդ, իհարկե, սա քաղաքական ճգնաժամ է, որը ողջ տարվա ընթացքում եղել է ողջ հայկական հասարակության շրջանում, այդ թվում իշխանափոխության փորձով՝ ի դեպ տարբեր դրսևորումներով»,- նշել է գործարարը:

Ըստ Վարդանյանի՝ հասարակության մեջ երեք խումբ է ձևավորվել: Առաջինն ամբողջովին հիասթափվել է ամեն ինչից և որևէ ապագա չի տեսնում: Երկրորդ խումբն ասում է. «Ես տանն եմ, ես թաքնվել եմ այս ողջ իրականությունից, ոչինչ չեմ ուզում լսել»: Եվ ոչ մեծ խումբ, որն ասում է. «Ոչ, մենք ուզում ենք փոփոխություններ: Եկեք վերլուծենք, թե ինչն է սխալ եղել, եզրակացություններ անենք, որպեսզի թույլ չտանք, որ դա կրկնվի»:

Վարդանյանը նշել է, որ անցյալ տարվա դեկտեմբերից կանոնավոր հարցումներ են իրականացնում միջազգային մասնագետների հետ համատեղ: Յուրաքանչյուր երեք ամիսը մեկ հարցում է իրականացվում, որի արդյունքները ցույց են տալիս, որ չնայած իրավիճակի ողջ ծանրությանը՝ մարդկանց մոտ 70 տոկոսն ավելի շուտ բավարարված է իր կյանքով, քան հակառակը: «Այդ երևույթը դժվար է պատկերացնել, քանի որ տեսնում ենք, որ մարդիկ վատ են ապրում: Դա վտանգավոր ազդակ է այն մասին, որ հասարակությունը գոյատևում է, որ մարդիկ ապրում են ամեն օր միայն գոյատևելու համար»,- ընդգծում է Վարդանյանը:

Փակուղուց ելք փնտրելու մասին

«Համակարգային առումով ոչինչ չի փոխվում: Դա բոլորն են հասկանում, իսկ ի՞նչ է պետք անել: Ինչպիսի՞ Հայաստան է պետք կառուցել: Ինչպե՞ս պետք է այս իրավիճակում ուժեղ և հզոր դառնանք: Այս հարցով չկան խոսակցություններ… Չկա պետական մտածողություն, որը դրսևորվում է նրանում, որ որոշումներ կայացնելիս պետք է առաջնորդվել մի քանի կարևոր սկզբունքներով՝ ինչն է կարևոր ինձ համար, իմ ընտանիքի համար, իմ ազգի ու իմ երկրի համար: Հասկացության բացակայությունը, որ պետությունն իմ ընկերն է, իմ գործընկերն է, այն իսնտիտուտն է, որի հետ կարող եմ համագործակցել, մեծ վտանգ է և ոչ միայն Հայաստանում»,- նկատում է գործարարը:

Վերջինս հավելում է, որ գիտակցելով, որ Հայաստանի խնդիրներից մեկը կրթությունն է, իրենք առաջնորդության և անձի զարգացման կենտրոն են ստեղծում:

Ռուբեն Վարդանյան իրական ձգտումների մասին

«Այո, ես պատրաստվում եմ մտնել Հայաստանում քաղաքականության մեջ: Սակայն դա այլ է, քան պարզապես քաղաքական կուսակցությունը, երկիրը ղեկավարելու ցանկությունը: Ցանկանալ ղեկավարել երկիրն այսօրվա դրությամբ, դրա համար չտրամաբանող մարդ պետք է լինես: Քանի որ երկիրը գտնվում է շատ ծանր վիճակում: Իրական ապագան բոլորովին անհասկանալի է: Հասարակությունն ամբողջովին պառակտված է: Եվ այդ իմաստով ղեկավար դառնալու պատասխանատվություն ստանձնել համար պետք է շատ խիզախ և ռիսկային մարդ լինել… Եթե էլիտան համաձայնության գա և համակարծիք լինի, որ դա ճիշտ որոշում է, որ ես կամ մեկ ուրիշը լինի, ցանկացած որոշում հնարավոր է, քանի որ ես պատրաստ եմ իմ ազգի համար լինել և՛ կոշկակար, և՛ հավաքարար, և՛ ղեկավար»,- ասել է գործարարը:

Հստակ գործողությունների ծրագրի մասին

«Մենք պետք է ճիշտ ախտորոշում տանք, թե ինչ է տեղի ունեցել: Մենք դա արել են, Մենք լուրջ աշխատանքներ ենք արել: Մենք հասկանում ենք մեր հիվանդությունները: Երկրորդ, մենք անպայման պետք է միավորենք մարդկանց ջանքերը, որոնք անտարբեր չեն, որոնք պատրաստ են փոփոխություններին: Երրորդ, արդեն միասին պետք է մշակել այն ծրագիրը, որը կբերի փոփոխությունների և ճգնաժամից դուրս գալու իրական հնարավորություն կտա»,- հայտնում է Վարդանյանը՝ նշելով, որ ներկայում երկորդ փուլն է:

«Ցանկանում եմ, որ մարդիկ, որոնք անտարբեր չեն, որոնք պատրաստ են զոհաբերել իրենց բարեկեցությունը, իրենց սովորական առօրյան, ասեն. «Պատրաստ եմ տեղափոխվել Հայաստան: Պատրաստ եմ գնալ բանակ և պաշտպանել Հայաստանը: Պատրաստ եմ անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանում լինի խաղաղություն, և միևնույն ժամանակ լինի ուժեղ անվտանգություն»: Միայն միավորվելով մենք պետք է մշակենք օրակարգը, դա նույնպես շատ կարևոր հարց է»,- հավելել է գործարարը:

«Մենք պետք է հասարակական շարժում ունենանք: Այն, ինչ այնում ենք Future Armenian նախագծում, 108 000 մարդու է միավորում 107 երկրից, հիմնականում՝ Հայաստանից… Արդեն ստեղծել ենք ռազմավարական զարգացման կենտրոն, որը զարգացնում է որոշակի փոփոխությունների ծրագիրը: Առաջիկայում կստեղծվի կենտրոն՝ կապված պետության կառավարման, ինչպես նաև ապագա ինստիտուտների կառավարման փոփոխությունների հետ»,- հավելել է նա:

Տեսանյութեր

Լրահոս