«Տարածաշրջանում ուշագրավ ակտիվություն է ցուցաբերում Արաբական Միացյալ Էմիրությունները՝ վճռորոշ ազդեցություն ապահովելով միաժամանակ մի քանի հիմնախնդիրներում». Արմեն Պետրոսյան

Արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Տարածաշրջանում ուշագրավ ակտիվություն է ցուցաբերում Արաբական Միացյալ Էմիրությունները՝ վճռորոշ ազդեցություն ապահովելով միաժամանակ մի քանի հիմնախնդիրներում

1. Չնայած արտաքուստ հարաբերությունների կարգավորման ֆոնին՝ կրկին սրվում է Արաբական #Էմիրություններ-#Կատար մրցակցությունը, որը դրսևորվում է միաժամանակ մի քանի ուղղություններում՝

ա) Նաև Կատար-#Թուրքիա ռազմավարական նշանակության հարաբերությունների վրա ազդելու նպատակով Աբու Դաբին կարգավորում է Անկարայի հետ ունեցած խնդրահարույց հարաբերությունները՝ 10 մլրդ դոլարի ներդրումներ խոստանալով բավականաչափ բարդ վիճակում գտնվող Թուրքիայի համար։ Դրանով իսկ, փաստացի, ԱՄԷ-ն կարևոր փրկօղակի է վերածվում Ռ.Թ. Էրդողանի վարչակարգի արտաքին և ներքին արկածախնդիր քաղաքականության հետևանքով ճգնաժամային իրավիճակում հայտնված Թուրքիայի տնտեսության համար։

բ) #ԱՄԷ-Կատար մրցակցությունը բավականաչափ բարձր ֆոն է ապահովում նաև Աֆղանստանում, որտեղ Աբու Դաբին փորձում է մեծացնել տնտեսական և քաղաքական ազդեցությունը տալիբների իշխանության վրա, ինչպես նաև հասնել Քաբուլի միջազգային օդանավակայանի գործունեության ապահովման հարցում առանցքային դերակատարման՝ որպես այլընտրանք Դոհային և Անկարային։

2. Առաջարկում է ԱՄԷ-#Իրան-Թուրքիա ճանապարհային նոր մուլտիմոդալ փոխադրումների ձևաչափ՝ Պարսից ծոցից դեպի Միջերկրական և Սև ծովեր՝ որպես այլընտրանք Սուեզի ջրանցքին։

3. ԱՄԷ-ն ձգտում է վերածվել սիրիական հակամարտության շրջանակներում ներգրավված առանցքային արաբական դերակատարի՝ լրջագույն մանևրի հնարավորություն ստեղծելով Բաշար ալ-Ասադի վարչակարգի համար՝ Ռուսաստանի, Իրանի ազդեցությունից կախվածությունը թուլացնելու տեսանկյունից։

4. #Իսրայելի հետ տասնամյակներ շարունակ բացակայած հարաբերությունների կարգավորումից հետո բազմոլորտ համագործակցություն է փորձում խթանել Թել Ավիվի հետ։

5. Շարունակում է ակտիվացնել ռազմավարական բնույթի համագործակցությունը նաև եվրոպական ուղղությամբ՝ հատկապես #Հունաստանի ու #Ֆրանսիայի հետ՝ որպես կարևոր ուղղություն շեշտադրելով Արևելյան Միջերկրականում սահմանային վեճերում համընդհանուր համախոհությունը։

6. Քաղաքական և տնտեսական ոլորտներում ուշագրավ մրցակցություն է նկատվում արաբական աշխարհում առանցքային դաշնակիցներ ԱՄԷ-ի և #Սաուդյան Արաբիայի միջև։

Հ.Գ. Վերոնշյալի համատեքստում գուցե հնարավոր լինի զգալի արդյունավետություն ապահովել #Հայաստան-ԱՄԷ հարաբերություններին հայկական կողմի նախաձեռնությամբ առարկայական խթան հաղորդելու փորձով։ Այս տեսանկյունից կարելի է դիտարկել նաև ռազմավարական, տնտեսական, քաղաքական ուղղություններով բազմոլորտ առաջարկների փաթեթով որևէ բարձրաստիճան այցի կազմակերպումը դեպի Աբու Դաբի»։

Տեսանյութեր

Լրահոս