«Սարերի հովին մեռնեմ» երգը՝ նոր մշակմամբ
Լոս Ռեյես խումբը, որը հիմնադրվել է հինգ տարի առաջ, նորովի ներկայացրել է «Սարերի հովին մեռնեմ» երգը:
Խումբն ի սկզբանե նվագել է բացառապես իսպանական ֆլամենկո ոճի երաժշտություն և խմբի համահիմնադիր կիթառահար Տիգրան Այվազյանի հեղինակային ստեղծագործությունները։
«Պատերազմից հետո, էլ ավելի կարևորելով մեր մշակույթի պահպանումը, որոշեցինք հայկական երգերի ֆլամենկո ոճով մշակումների շարք անել, որոնցից են՝ «Քանի վուր ջանիմ», «Նուբար֊Նուբար», «Դուն իմ մուսան ես», «Սարերի հովին մեռնեմ» և այլն»,- այս մասին 168.am-ին հայտնեց խմբի անդամ, օպերային երգչուհի Անի Պիվազյանը:
«Համերգային կատարումով շարքը ներկայացրեցինք Արամ Խաչատրյան տուն թանգարանում մեր խմբի թեմատիկ համերգի ժամանակ։ Համերգի կարևորագույն նպատակն էր հայկական երաժշտության նորովի և թարմ մատուցման պոտենցիալ հնարավորության ցուցադրումը (առանց ադրբեջանատաջիկական ելևէջների)»,- հայտնեց Ա. Պիվազյանը:
Խումբը մեկ ամիս առաջ նկարահանել է «Սարերի հովին մեռնեմ» երգի տեսահոլովակը, որի պրեմիերան տեղի է ունեցել այսօր: