Կաթողիկոսն ընդունել է «Սինոփսիս»–ի նախագահ Չի-Ֆուն Չանին
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 15-ին ընդունել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանին՝ ուղեկցությամբ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի։ Այս մասին տեղեկացավ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
«Հանդիպման սկզբում Հովիկ Մուսայելյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ներկայացրել «Սինոփսիս» ընկերության նախագահին։
Ապա պարոն Մուսայելյանը անդրադարձավ «Սինոփսիս Արմենիա» ընկերության կողմից կազմակերպած ամենամյա մրցանակաբաշխությանը, որի ընթացքում ՀՀ պետական մրցանակ է շնորհվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրում ունեցած անձանց՝ տեղեկացնելով, որ այս տարի մրցանակաբաշխության դափնեկիրը «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Վեհափառ Հայրապետը, ողջունելով հյուրերին, իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցել Չի-Ֆուն Չանին՝ ՀՀ պետական մրցանակին արժանանալու առիթով և մաղթեց նրան նորանոր ձեռքբերումներ ու արդյունավետ գործունեություն ի նպաստ մարդկության բարօր ու ապահով կյանքի կերտման։
Նշվում է, որ Չի-Ֆուն Չանը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ մեծ պատիվ է լինել հայ ժողովրդի հոգևոր կենտրոնում։
Ներկաները քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ապագայի հեռանկարները։