ԱԽ այսօրվա հայտարարությունը՝ կապված Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների հետ, խախտում է ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների միջազգային պահանջները․ Արման Թաթոյան
ԱԽ այսօրվա հայտարարությունը՝ կապված Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների հետ, խախտում է ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների միջազգային պահանջները:
1) Մասնավորապես, ԱԽ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը հղում է անում ԽՍՀՄ չկոնկրետացված ինչ-որ քարտեզների ու նշում, որ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող հատվածները ՀՀ տարածքում չեն գտնվում: 
Այնուհետև, ԱԽ հայտարարությունը խոսում է այլընտրանքային ճանապարհների ցանցի ստեղծման մասին ու դրանով իսկ, ըստ էության, թույլատրելի է համարում ադրբեջանական վերահսկողությունը նշված ճանապարհների նկատմամբ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վստահ համոզմամբ՝ ԱԽ-ի այս հայտարարությամբ ամբողջությամբ անտեսված են մարդու իրավունքների պահանջները, անտեսված է այն, որ ադրբեջանական վերահսկողությունը նշված ճանապարհների նկատմամբ ոտնահարում է Հայաստանի բնակչության՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված և միջազգայնորեն ճանաչված կենսական իրավունքները:
2) Նախ, ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝
«1.Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:
Սահմանադրության 2-րդ գլուխը երաշխավորում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները:
ՀՀ Սահմանադրության 191-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը: Սահմանադրության 52-րդ հոդվածն ամրագրում է նշված մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իր իրավունքների և ազատությունների խախտման դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու յուրաքանչյուր անձի սահմանադրական իրավունքը:
ԱԽ-ի հայտարարությունը միջազգային պահանջների թվում անտեսել է ԵԱՀԿ 2017թ. դեկտեմբերի 19-ի պաշտոնական ուղեցույցը Պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի 2021թ. ուղեցույցը միջազգային սահմաններին մարդու իրավունքների վերաբերյալ և այլն: Այս ակտերն ամրագրում են մարդու իրավունքները՝ որպես սահմանային ցանկացած գործընթացի պարտադիր բաղադրատարր:
3) Խնդիրն այն է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո մինչ օրս, այդ թվում՝ կապված 2021թ. նոյեմբերի 10-ին և 14-ին հայտարարված համապատասխանաբար Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային ու մաքսային հսկողության անցակետեր սահմանելու հետ, տեղում այցերով և մշտադիտարկմամբ, Պաշտպանին հասցեագրված անհատական ու կոլեկտիվ կոնկրետ բողոքների քննությամբ ձեռք է բերել հավաստի փաստեր այն մասին, որ այդ ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների հայտնվելու պահից խախտված են Հայաստանի քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգության, ազատ տեղաշարժի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, տնտեսական գործունեության ազատության իրավունքները, երեխայի շահերը և այլն: Չկան այս իրավունքների պաշտպանության, խախտում կատարողներին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ և այլն:
Մասնավորապես, Գորիս-Կապան ճանապարհին արձանագրվել են ՀՀ բնակչության իրավունքները խախտող ադրբեջանական արարքների այնպիսի փաստեր, ինչպիսիք են՝ ճանապարհը Որոտանի և Դավիթ Բեկի հատվածներում օգոստոսի 25-27-ը դիտավորությամբ կամայական փակելը, դրանով ՀՀ Նոր Առաջաձոր, Բարձրավան, Որոտան, Շուռնուխ բնակավայրեր մեկուսացման և հումանիտար ճգնաժամի առաջ դիտավորյալ կանգնեցնելը, քաղաքացիական մեքենաների ուղղությամբ քարեր նետելը, մայթեզրին՝ ադրբեջանական դիրքերի հարևանությամբ կանգնելու փորձ կատարող քաղաքացիական մեքենաներին զենքով սպառնալը, ահաբեկելու նպատակով ավտոբուսով երեխաների կանգնեցնելը, ՀՀ-ում օրինական հիմունքներով գտնվող Իրանի քաղաղացիներից անօրինական վճարներ գանձելը, նրանցից մեքենայի վառելիք տրամադրելու և այլ անօրինական պահանջներ ներկայացնելը և այլն:
Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական, այսպես կոչված, անցակետի պատճառով հումանիտար լրջագույն խնդիրների վտանգի առաջ է կանգնում Կապան համայնքի 6 գյուղի՝ Ճակատենի, Շիկահողի, Սրաշենի, Ծավի, Ներքին Հանդի, Շիշկերտի բնակչությունը: Դրանից բացի, փաստերը հաստատում են, որ պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն այդ ճանապարհի տարբեր հատվածներում ինքնին խաթարել է նշված բնակավայրերի քաղաքացիական բնակչության ազատ տեղաշարժը, արձանագրվել են ճանապարհի մայթեզրին նրանց զենքով ու դիմակավորված հայտնվելու փաստեր (այդ թվում՝ նոյեմբերի 14-ին): Պետք է հիշել, որ 2021թ. փետրվարի 26-ին այս ճանապարհը մի քանի ժամով փակվել էր ադրբեջանական զինված ծառայողների սադրանքի պատճառով:
Եվս մեկ կարևոր հանգամանք՝ այլընտրանքային ճանապարհների կառուցում չի նշանակում, թե դրանով վերացվում է Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ներկա ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողներից բխող իրական սպառնալիքները ՀՀ բնակչության ու հատկապես նրանց տեղակայման դիրքերի հարևանությամբ գտնվող համայնքների բնակիչների կյանքին ու անվտանգությանը:
Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական այն ծառայություններն են, որոնք պատերազմի ընթացքում խոշտանգել, սպանել են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց և դրա համար չեն պատժվել:
Պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները խորացրել հայատյացությունն ու թշնամանքի քարոզը: Ադրբեջանական զինված ծառայողներն այդ ճանապարհներին են հայտնվել պատերազմի սպառնալիքի ու ցեղասպան քաղաքականության արդյունքում (այս փաստերը հաստատվում են ապացույցներով):
Երկու երկրների միջև տեղի չի ունեցել դելիմիտացիա կամ դեմարկացիա:
Ուստի, ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն ինքնին մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին ՀՀ բնակչության իրավունքների խախտում է:
ՀՀ հանրային իշխանության ցանկացած մարմին, այդ թվում՝ ՀՀ անվտանգության խորհուրդը պարտավոր է իր գործունեության մեջ, նաև հրապարակային հայտարարություններում ղեկավարվել մարդու իրավունքների պահանջներով և չի կարող անել այնպիսի հայտարարություններ, որոնք անհնար են դարձնում կամ վտանգում են մարդու իրավունքները:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան