Ընդհանրապես երեխաներին, հղիներին պատվաստելը լինում է վերջին էտապում, սակայն արդեն կան բավականին տվյալներ, որ պատվաստանյութը կիրառելի է այս խմբերի համար. Համաճարակաբան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Հայաստանում մոտ 50 երեխա արդեն իսկ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:

«Երեխաների պատվաստվելու հնարավորությունը ստեղծված է: Ծնողների թույլտվությամբ, գրավոր համաձայնությամբ, իհարկե, կարող են 12 տարեկանից բարձր երեխաները պատվաստվել: Մոտ 50 երեխա ունենք, որ պատվաստվել են»,- ասել է Ավանեսյանը:

Միաժամանակ նախարարը նշել է, որ պատվաստումները քիչ են հղիների շրջանում:

«Որոշ անձինք շատ մեծ դեր խաղացին՝ վախեցնելու և ապատեղեկատվություն տարածելով զերծ պահելու նրանց պատվաստվելուց: Կոչ եմ անում անպայման խորհրդակցել հսկող բժշկի հետ և այդ խորհրդատվության արդյունքում անպայման պատվաստվել»,- հորդորել է նախարարը:

Մանկաբույժների կարծիքով՝ երեխաները վարակի աղբյուր են, ուղղակի նրանք թեթև են տանում հիվանդությունը, քան մեծահասակները, հետևաբար՝ անչափահասների շրջանում պատվաստումների մեկնարկի մասին կարելի է խոսել միայն խոցելի խմբի շրջանում պատվաստումներն ավարտելուց հետո:

Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի փոխանցմամբ՝ կորոնավիրուսով վարակվելիս երեխաների մոտ հանդիպող հիմնական նշաններն են՝ քթահոսությունը, կոկորդի ցավը, ոչ շատ բարձր ջերմությունը: Այսինքն, այլ սուր շնչառական (ռեսպիրատոր) վիրուսային վարակներից կլինիկորեն էական տարբերություն չունի:

«Այս պահին դժվար է ասել՝ դեպի նվազում գնո՞ւմ է վարակելիությունը, թե՞ ոչ, բայց ավելի շուտ կասեի՝ կայունացման միտում ունի: Համենայնդեպս, մենք այդ պիկը դեռ չենք հաղթահարել, էլի օրական դեպքերը շատ են, մահերը, ցավոք սրտի, գնալով շատանում են, ուղղակի պետք է վարակի հետ համահունչ ապրել՝ ճիշտ պահպանելով հակահամաճարակային կանոնները՝ դպրոցներում խստագույն կերպով հետևելով դրանց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մերի Տեր-Ստեփանյանը:

Ինչ վերաբերում է  երեխաներին պատվաստելուն՝ համաճարակաբանը նշեց. «Մի շարք երկրների փորձը կա. արդեն մտածում են 5-12 տարեկաններին պատվաստելու մասին. վաղ թե ուշ դա լինելու է: Pfizer-ը իջեցրել է դեղաչափը: Ընդհանրապես երեխաներին, հղիներին պատվաստելը լինում է վերջին էտապում, որովհետև ավելի խոցելի են, սակայն արդեն կան բավականին տվյալներ, որ կիրառելի է պատվաստանյութը, և կողմնակի ազդեցությունն այնքան չէ, որ խնդիր առաջացնի այս խմբերի պատվաստման համար»:

Հավելենք, որ աշխարհի տասնյակ երկրներում COVID-19-ի դեմ պատվաստում են նաև երեխաներին։ Օրինակ՝ Գերմանիայում պատվաստումը հասանելի է նաև 12-17 տարեկան երեխաների համար, իսկ Չինաստանում պատվաստում են նաև 3-5 տարեկաններին։

Հայաստանում առողջապահության նախարարի հրամանով՝ փոփոխություն է կատարվել «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում և սահմանվել է, որ «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել 12 տարեկանից սկսած երեխաները՝ ծնողների գրավոր համաձայնության դեպքում։

Տեսանյութեր

Լրահոս