Բաժիններ՝

Նոր ծրագրի վճարման գործընթացը սկսվելու է վաղվանից. Նախարարությունը՝ հադրութցիներին

Արցախից տեղահանվածները, հիմնականում՝ հադրութցիները, նոյեմբերի 9-ին բողոքի ակցիա իրականացրեցին Հանրապետության հրապարակի մոտ, ապա շարժվեցին դեպի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

Նրանք հիմնականում պահանջում են, որպեսզի իրենց կարգավիճակի հարցը լուծվի, փախստականի կարգավիճակ ունենան, ինչպես նաև կարևորում են Արցախի վերջնական հարցի լուծումը, որպեսզի հանգիստ և անվտանգ կարողանան ապրել հայրենի հողում:

«Սկզբում հանդիպում էինք պահանջում՝ հույս ունենալով, որ այդ հանդիպումն արդյունք կտա, սական փոխվարչապետի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալների մակարդակով հանդիպումներ ենք ունեցել, վերջում պարզվել է, որ ժողովրդի ասածն ընդհանրապես հաշվի չեն առնում, հատկապես վերջին հանդիպումը, որը եղել է սոցապնախարարի հետ, ինչպես նաև Արցախի Տարածքային կառավարման ու պետական նախարարի հետ:

Իշխանությունների ստրատեգիան այն է, որ մեզ ամեն ինչից զրկեն այստեղ, ստիպված վերադառնանք Արցախ՝ ապրելու: Բայց այնտեղ այս պահին ապրել հնարավոր չէ՝ սկսած բնակարանների խնդրից, սոցիալական անարդարությունից: Այսօր առաջնայինը Արցախի կարգավիճակի հարցն է»,- մեզ հետ զրույցում ասաց հադրութցիներից մեկը՝ նշելով, որ նախքան ունեցվածքը կորցնելը լավ են ապրել, զբաղվել են հողագործությամբ, այգեգործությամբ:

«Երկու ամսից ավելի է՝ 240 ընտանիքի անունից, 1000-ից ավելի ստորագրությամբ՝ ՀՀ վարչապետին նամակ ենք գրել, հանձնել կառավարություն: Հիմնական պահանջը եղել է մեր, Արցախի կարգավիճակը»,- նշեց մեր զրուցակիցը:

Հադրութցի Լևոնն էլ տեղեկացրեց, որ իրենք նաև սոցիալական աջակցություն չեն ստանում հուլիս ամսից:

«Որոշ մարդկանց սննդամթերքով, շորով օգնում էին, դա էլ այլևս չկա: Ինչ վերաբերում է սոցիալական աջակցությանը՝ ասում էին, որ սեպտեմբերից հաշված 25.000-ական դրամները տալու են մինչև դեկտեմբեր, իսկ թե դրանից հետո ի՞նչ են անելու՝ չգիտենք»,- հայտնեց  նա:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանից փորեցինք պարզել, թե ո՞րն է պատճառը, որ սոցիալական աջակցության ծրագրից մեր հայրենակիցները չեն օգտվել հուլիս ամսից։ Ի պատասխան՝ նա ասաց.

«Արցախցիների սոցիալական աջակցության նոր ծրագիրը մեկնարկել է սեպտեմբեր ամսվանից։ Նոր ծրագրի վճարման գործընթացը սկսվելու է վաղվանից․ քաղաքացիները ստանալու են սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների սոցիալական աջակցությունը միանգամից։ Ծրագիրը քառամսյա է․ հնարավոր շարունակության կամ այլ ծրագրերի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս