«Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն իր այդքան սիրելի ճանապարհով չեկավ, գուցե այնտեղ անակնկալների՞ հանդիպեր․ հարցն իրեն ուղղեք՝ ինչո՞ւ էր շրջանցել Որոտանի ճանապարհը». Արարատ Աղաբեկյան

Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս բարձրանալ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի դիրքեր, որպեսզի սահմանային իրավիճակի վերաբերյալ որևէ տեղեկություն չտարածվի։ Նման կարծիքի է ազատամարտիկ, շուռնուխեցի Արարատ Աղաբեկյանը՝ Աշխարհապետը։

Ըստ նրա, եթե պատգամավորները ցանկանում են բարձրանալ դիրքեր, հատկապես նրանք, որոնք ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ են, բնականաբար, նրանք գիտեն, թե որ տեղեկատվությունը պետք է հանրայնացնել, որը՝ ոչ։

Հիշեցնենք, որ այս խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Օրերս Նիկոլ Փաշինյանն իր շարասյունով եկավ Սյունիք, նախկինում Շուռնուխով էր գալիս ու գնում մինչև մարզկենտրոն, բայց այս անգամ այդ ճանապարհը շրջանցեց, մտավ, Տաթևով դուրս եկավ՝ օգտվեց այլընտրանքային ճանապարհից։ Այդ ճանապարհը մեզ պետք չէր, մենք ճանապարհ ունենք, այսինքն՝ այլընտրանքային ճանապարհը պետք է այն դեպքում, երբ այս մեկը փակ լինի, բայց այս մեկը գործում է, մերն է, ինչո՞ւ են տվել թշնամուն ու գնացել այլ ճանապարհներ են սարքում։ Հետաքրքիր է, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն իր այդքան սիրելի ճանապարհով չեկավ, գուցե այնտեղ անակնկալների՞ հանդիպեր, չէ՞ որ նախկինում իրեն այդ ճանապարհի վրա էին ընդունում, հարգում։ Ամեն դեպքում այս հարցն իրեն ուղղեք, ինչո՞ւ էր շրջանցել Որոտանի ճանապարհը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արարատ Աղաբեկյանը։

Նրա խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Սյունիքում ամեն ինչ լավ է, ապա թող Որոտանի ճանապարհով գնար Սյունիք, տեսներ ադրբեջանական ոստիկանական կետը ու իր հռչակած «անվտանգ» ճանապարհով շարունակեր ճանապարհը։

«Նիկոլն ասում է՝ Սյունիքն անվտանգ է, չէ՞, դե թող գար, մեկ անգամ էլ համոզվեր, գուցե այդպիսով կարողանար մեզ «դարձի» բերեր, որ մենք էլ հավատայինք, թե Սյունիքում ամեն ինչ լավ է։ Փոխարենը՝ գնացել է, Տաթևի խորդուբորդ ճանապարհով է երթևեկել։ Այ մարդ, դեռ մեքենայիդ 24 մլն-ը չփակած, ո՞ւր ես այդ ճանապարհով երթևեկում։

Ինձ նաև մեկ հարց է հետաքրքրում՝ Նիկոլ Փաշինյանը մեր ճանապարհներին ի՞նչ գնահատական կտա, բարվո՞ք է, թե՞ անմխիթար պլյուս անմխիթար։ Այդ ճանապարհի պատճառով երթևեկության կանոնները լրիվ պարալիզացված վիճակում են։ Այն նախկինում նախատեսված է եղել ոչ թե այլընտրանքային ճանապարհի, այլ նախատեսված է եղել գյուղական նշանակության համար, այսինքն՝ տրակտորների ու այլ տեխնիկաների երթևեկության համար»,- հավելեց նա։

Միաժամանակ նա նշեց, որ Տաթևի ճանապարհով կարող են անցնել միայն կցորդով բեռնատարները, և ռիսկը մեծ է, որ փոքր վրիպումների դեպքում մեքենաները կարող են հայտնվել ձորում։

«Ես մի օրինակ բերեմ՝ հիմա որ ագռավի հետևից մի ցախավել կախենք, նա կդառնա՞ սիրամարգ, իհարկե ոչ, նա կմնա նույն ագռավը՝ հետևից էլ մի ցախավել կախած։ Օրերս եմ այդ ճանապարհով երթևեկել, դրանք անտառամեջ, արև չտեսնող ճանապարհներ են։ Նիկոլ Փաշինյանն այս ճանապարհով մեր նորմալ ճանապարհի 40 տոկոսն էլ չի կարողանում ապահովել, նա պետք է ամեն ջանք դներ, որպեսզի մեր նորմալ ճանապարհը նման վիճակում չհայտնվեր։ Այս ամենն իմ ուղեղի մեջ չտեղավորվող երևույթ է»,- շեշտեց նա։

Տեսանյութեր

Լրահոս