Ինչպե՞ս Երևանն ընդունեց ամերիկացի քաղաքական գործիչ Ուիլյամ Հասկելին

1919 թվականը Հայաստանի Առաջին Հանրապետության ամենածանր շրջաններից մեկն էր։ Դա Հայաստանում և Արցախում թուրք-թաթարական խմբերի կողմից վայրագություններ հրահրելու ամենաթեժ շրջանն էր։ Հենց այդ ժամանակ էր, որ Հաշտության վեհաժողովի ժամանակ Հայաստանի կոմիսար նշանակված գնդապետ Ուիլյամ Հասկելը  եկավ Հայաստան։ Ամերիկացի ռազմական, քաղաքական գործիչը Հայաստանում կոմիսար նշանակվեց 1919 թվականի հուլիսին, և արդեն օգոստոս ամսին նա ժամանեց Հայաստան։ Գնդապետ Հասկելի նշանակումն ու Հայաստան ժամանումը մեծ ոգևորություն առաջացրեց Հայաստանում և հատկապես՝ Երևանում։

Մասնավորապես, ամերիկացի քաղաքական գործիչն իր պատվիրակության հետ մեկտեղ՝ նախ՝ ժամանաեց Վանաձոր, որտեղ մեծ թվով մարդիկ դիմավորեցին գնդապետին, ապա շարժվեց Գյումրի և հասավ Երևան։ Հասկելի ժամանման, ժողովրդի ու պետության կողմից նրա դիմավորման մասին մանրամասները ներկայացնում է Սիմոն Վրացյանը.

«Օգոստոսի 21-ի առավոտյան Հասկելը հասավ Երևան։ Քաղաքն ամբողջ զարդարված էր դրոշակներով, գորգերով ու կանաչով։ Բոլոր խանութները փակ էին։ Փողոցներում տիրում էր արտակարգ եռուզեռ։ Ամենքը դուրս էին եկել վեհաժողովի ներկայացուցչին ընդունելու։ Վարչապետը, բոլոր նախարարները, Խորհրդարանի նախագահը, զինվորական հրամանատարական կազմը, քաղաքապետը, քաղաքագլուխը, թեմակալ առաջնորդը, ամերիկյան, անգլիական և ֆրանսիական ներկայացուցիչները` ամենքը կայարանում էին, ուր շարքով կանգնած էին զինվորները իրենց նվագախմբով։ Ընդունելության ծիսական մասը վարում էր մայրաքաղաքի պարետ Ա. Շահխաթունին։

Ընդունելության արարողությունից, վարչապետ Խատիսյանի ողջույնի խոսքից, Հասկելի պատասխանից ու պատվո պահակի ընդունելությունից հետո, շքերթը մեկնեց քաղաք։ Առջևից գնում էին Սասունի և Շատախի ձիավորները` ազգային տարազով և դաշնակից պետությունների դրոշակներով։ Նրանց հետևում էին Հասկելի ու վարչապետի և մյուս դիմավորողների ինքնաշարժերը։ Քաղաքային ինքնավարության շենքի առջև կանգնած էին որբերը թարմ պսակներով։ Աբովյան պողոտան լիքն էր անհաշիվ բազմությամբ։ Հասկելին հատկացված էր Երևանի լավագույն տներից մեկը, որի առջև կանգնած էին քաղաքազորը, անգլիական հնդիկ զինվորները, համքարարությունները իրենց դրոշակներով։

Հասկելի հասնելուն պես նվագախումբը հնչեցրեց «Մեր հայրենիքը»։ Հասարակությունը ողջունեց որոտընդոստ ծափերով ու «կեցցեներով»։ Հասկելը դիտեց զորքը, հարց ու փորձ արավ զորքի սպառազինության ու հագուստի մասին։ Զորամասը հանդիսավոր քայլերով անցավ նրա առջևից»։ (Հատվածը վերցված է Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գրքից։ Երևան, 1993 թվական, էջ 320-321):

Երևան ժամանելուն պես Հասկելը տեղավորվեց վերևում արդեն իսկ նշված Երևանի լավագույն տներից մեկում, որտեղ էլ ընդունեց Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Կառավարության հետ քննարկումների ժամանակ Հասկելը ծանոթացավ Հայաստանի վիճակի մասին, ինչպես նաև պաշտոնյաներին ներկայացրեց իր ծրագրերի մասին։ Արդեն իսկ կառավարության նախագահի հետ հանդիպման ժամանակ նա մանրամասն ներկայացրեց այն բոլոր ծրագրերը, որոնք ցանկանում է իրագործել.

«Նույն օրը ևեթ Հասկելը երկար տեսակցություն ունեցավ կառավարության նախագահի հետ։ Հուսատու էին նրա խոսքերը. Նա հաղորդեց, որ ինքը Վեհաժողովից հանձնարարություն ունի պաշտպանելու բոլոր հայերին, ուր և գտնվեն նրանք` Հայաստանում, Ազրբեջանում, Թուրքիայում թե Վրաստանում։ Զինվորական օգնություն առայժմ չի կարող տալ, բայց արդեն Փարիզ է ուղարկել 3 սպաներ` խնդրելով անմիջապես զորք հասցնել Հայաստան, այլև խնդրել է, որ անգլիական զորքերի մի մասը թողնվի Հայաստանում։ Ինքը ամեն միջոց ձեռք կառնե պաշտպանելու համար Հայաստանի սահմանները և կպահանջե, որ Ազրբեջանի կառավարությունը վերջ տա գրգռիչ գործունեության Հայաստանի մահմեդականների մեջ։ Ձեռք կառնե նաև կտրուկ միջոցներ, որ Հայաստանը ստանա զենք ու ռազմամթերք և որ վրաց կառավարությունը արգելք չլինի նրանց փոխադրության։ Մասնավորապես, կաշխատե ապահովել Հայաստանի պարենավորման գործն ու մթերքի հայթայթումը։ Դրա համար նա Բաթումում թողել է իր սպաներից մեկին` Հայաստանի համար ստացվող ապրանքները փոխադրելու համար»։ (Նույն տեղում` էջ 321):

Առաջիկայում կկարդանք նաև, թե Հասկելը հատկապես ի՞նչ խոստումներ տվեց Հայաստանի Հանարապետության ղեկավարությանը և ի՞նչ ծրագրերի մասին խոսեց իր ճառում։ Եվ թե այդ խոսքերից որոշ ժամանակ անց ի՞նչ կարողացավ անել Հասկելն ու ի՞նչ հայտարարությամբ հանդես եկավ 1920 թվականի մայիսին բոլշևիկյան ապստամբության ժամանակ։ Հարկ է միայն նշել, որ հերթական անգամ Հասկելի ժամանելու լուրը լսելով՝ հայ ժողովուրդը ոգևորվեց և սկսեց հույսեր կապել օտարերկրացի պաշտոնյայի հետ։ Այնինչ մինչ օրս դեռ չենք կարողանում գիտակցել, որ Հայաստանին փրկություն ու հզորություն բերողը միայն մենք ենք։

Շարունակելի….

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս