Նիկոլ Փաշինյանը նախապես լեգիտիմացրել է բանակի վերացումը
Օրեր առաջ՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈՒ-ն գործել է՝ ըստ նախնական կիրառման պլանի:
«Զինված ուժերն ունեն կիրառման պլան, և զինված ուժերը գործում են՝ ըստ իրենց կիրառման պլանի: Էնպես չի՝ սուբյեկտիվ ցանկություն է, որ մեկ էլ զինված ուժերը հանում ես, և այլն, և այլն: Այսինքն, ինստիտուտ է, այնուամենայնիվ, հետո հետ կդառնանք և կտեսնենք, թե էդ ինստիտուտը ոնց է աշխատում: Եվ, այո՛, կա կիրառման պլան, կան անհրաժեշտ ընթացակարգեր, և էդ ընթացակարգերը պետք է աշխատեն, ապահովագրելու-չապահովագրելու մասին չի»,- հավելել էր Փաշինյանը:
Նույնը միտքը Փաշինյանն արտահայտել էր 2020-ի դեկտեմբերի 16-ին՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում.
«Եվ «պատերազմին պատրաստ չենք» արտահայտությունն այնքան էլ կոռեկտ արտահայտություն չէ: Որովհետև Զինված ուժերն ունենում են կիրառման պլան, և Զինված ուժերը միշտ պետք է պատրաստ լինեն պատերազմին»,- նշել էր Փաշինյանը, որից հետո առաջ քաշել մի արգումենտ, որով, ըստ էության, փորձելու էր լեգիտիմացնել բանակի «վերացումը»:
«Որովհետև եթե Զինված ուժերը պատրաստ չեն պատերազմի, ուրեմն իրենց գոյությունն անիմաստ է»,- ընդգծել էր նա:
Ըստ այդմ՝ պատահական չէ բանակին և սպաներին պատերազմի պարտության գլխավոր մեղավորներ ճանաչելու փաշինյանական փորձերը, որպեսզի հետո «անկարող» ճանաչի զինված ուժերին և, օրինակ, Սոթքից Խոզնավար հատվածի անվտանգությունը հանձնի ռուս խաղաղապահներին, սահմանապահներին՝ հայկական զորքին պարտադրելով միակողմանի հետքաշում:
Մեկ անգամ չէ, որ գրել ենք՝ նախկին տեսքով և դասական կերպարով հայկական բանակի վերացումը ադրբեջանաթուրքական տանդեմի երազանքն է, ինչն արդեն վաղուց փորձում է իրականացնել Նիկոլ Փաշինյանը: Մինչդեռ սրան զուգահեռ և մեր քթի տակ Ադրբեջանը ստեղծում է թուրքական բանակի փոքր մոդել: Ընդ որում, հայկական բանակի վերացումը կատարվում է գեղեցիկ ձևակերպումների ներքո:
2020-ի դեկտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.
«Դուք ասում եք, որ խոսում ենք պարտության մասին: Եվ շատ կարևոր է հասկանալ, թե ինչու է տեղի ունեցել այդ պարտությունը: Որովհետև, օրինակ, երկու օր առաջ ես հանդիպում էի առաջնագծից վերադարձած, զորացրված քաղաքացիների հետ, և նրանք պատմում են դրվագներ, որոնց էությունը պետք է պարզաբանվի: Օրինակ, պատմում են մի այսպիսի դրվագ՝ թե ինչպես ջոկատը կամ միավորումը գնացել և փորձել է սպառված զենք-զինամթերքը համալրել։ Եվ տալիս են կոնկրետ անձի անուն, ով իրենց հրաժարվել է զենք տալ, և իրենք ստիպված են եղել կոտրել զինամթերքի պահեստի դռները զինվելու համար՝ տեսնելով, որ այդ պահեստն ամբողջությամբ լիքն է բոլոր անհրաժեշտ զենքով և զինամթերքով: Սա, եթե հաստատվի, պարտության պատճառների դրվագներից մեկն է: Մենք պետք է հասկանանք, թե ինչու է այսպես տեղի ունեցել: Ես կարող եմ վստահ լինել մի բանում, որ, առաջինը, նախ այդ վկայությունն այն մասին է, որ այդ պահեստը լեփ-լեցուն է եղել անհրաժեշտ զինամթերքով, և կոնկրետ անձ կողպել է պահեստի դռները նրանց առաջ և հրաժարվել զենք տրամադրել»,- պնդել էր Փաշինյանը:
2020-ի նոյեմբերի 10-ին էլ «Զրույց ժողովրդի հետ. վերջին իրադարձությունների մասին» վերտառությամբ ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր.
«Օրինակ, մենք բախվել ենք այնպիսի տարօրինակ դեպքերի, որ, օրինակ, Զինված ուժերի զորամասը, գունդը պետք է մարտական նպատակով տեղափոխվի, բայց այդ գնդի դռները, տվյալ բնակավայրի բնակիչներ փակում են զորամասի դռները, շրջափակում են դռները, մեքենաները և թույլ չեն տալիս, որ զորամասից մեքենաները դուրս գան: Մենք ունեցել ենք այսպիսի, ես չեմ հաշվել, բայց տասնյակին մոտիկ դեպքեր, և որի արդյունքում մենք ունենում ենք առաջնագիծ զինվորի գունդը, տեխնիկան առաջնագիծ հասնելու խնդիր: Իհարկե, շատ դեպքերում արվել է, շատ կոշտ միջամտություններ են արվել, որոշ դեպքերում հնարավոր չի եղել նման միջամտություն անելու, որովհետև էլի նույն պատճառով. ոստիկանական կոնգտինգենտը նույնպես գործուղված է եղել առաջնագիծ և դրա պատճառով երբեմն հնարավոր չի եղել նման գործողություններ իրականացնել»:
Իրականում Փաշինյանը թույլ չի տվել կոշտ միջամտություններ՝ պատերազմի օրենքներով պատիժ: Վերևում նկարագրված դեպք եղել է նաև Իջևանում, և պայմանագրային զինծառայողների «նավոդկով» հարազատները փակել են ճանապարհը, որ Արցախ չգնան, և արդյունքում չեն գնացել: Եվ չնայած ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի պնդմանը, պայմանագրային «դասալիքները» ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվել:
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը, բնավ, նպատակ չունի վերացնել բանակում առկա սխալները և հզորացնել զինված ուժերը: Նա ուղղակի ասում է՝ թերություն կա, պետք է ազատվել դրանից:
Բանակի կազմաքանդման և վնասման օպերացիայի տրամաբանության մեջ են, ըստ էության, «անորակ հրթիռների» գործով և ռազմամթերքի մատակարարման գործընթացում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքները: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ սպառազինության մատակարարման և բանակի պահանջների բավարարման հարցում լրջագույն խնդիրների առջև ենք կանգնած: Այս մասին առաջիկայում մանրամասն կանդրադառնանք: Ի դեպ, սա ևս մտնում է Ալիևի պլանների մեջ: