«Անցած օրն եմ եկել, այնտեղ կանգնած են հարևան պետության ներկայացուցիչները, բայց հայ քաղաքացիներին բան չեն անում». ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ Սյունիքի ճանապարհների մասին

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Փայլասարում որևէ փոփոխություն չի եղել։

«Փայլասարում որևէ փոփոխություն չկա, նախորդ օրը սահմանապահ զորքերի հրամանատարը եղել է այստեղ և հարցերին պատասխանել է»,- ասաց Արամ Հակոբյանը։

Հարցին՝ Փայլասարից ռուսական զինուժն իջել է, ի՞նչ պայմանավորվածությունների արդյունքում է դա եղել, Արամ Հակոբյանը պատասխանեց, որ այդ իրավիճակին ինքը տեղյակ չէ։

Ինչ վերաբերում է անորակ հրթիռների վերաբերյալ քրեական գործին, ԱԱԾ տնօրենի տեղակալը նշեց, որ քննություն է ընթանում։

«Մարդիկ կան, որ ձերբակալված են, ինչ-որ ժամանակավոր պահվում են։ Գործը կավարտվի, ինչ-որ տեղեկատվություն կտրամադրվի։ Ես տեղյակ չեմ՝ Արտակ Դավթյանը հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ։ Նման գործառույթների հետ ես կապ չունեմ»,- նշեց Ա. Հակոբյանը։

Անդրադառնալով Սյունիքի ճանապարհներին, Արամ Հակոբյանն ասաց, որ Սյունիքի ճանապարհն անվտանգ է։

«Անցած օրն եմ եկել, ճիշտ է, այնտեղ կանգնած են հարևան պետության ներկայացուցիչները, բայց հայ քաղաքացիներին բան չեն անում»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է քաղաքացիների կողմից ահազանգերին, որ Որոտանի ճանապարհին թշնամին իրենց կանգնեցնում և ստուգում է, Արամ Հակոբյանն ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի։

Լրագրողների այլ հարցերի նա չպատասխանեց։

Տեսանյութեր

Լրահոս