Արդյոք կլինի՞ փաստաթղթի ստորագրում, թե՞ ոչ. Ի՞նչ սպասել մոսկովյան հնարավոր հանդիպումից

Նոյեմբերի առաջին տասնօրյակում Փաշինյան-Պուտին-Ալիև հնարավոր հանդիպման լուրը շարունակում է մնալ վերջին օրերին Հայաստանում քննարկվող ամենաթեժ թեման: ՀՀ ԱԳՆ-ն, երեկ նաև ԱԺ-ում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փորձեց հերքել մամուլում տարածված տեղեկությունները՝ նշելով՝ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ։ Միաժամանակ նա նշեց, որ այս պահին և, ընդհանրապես, պարբերաբար, գրեթե մշտական բնույթով քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ ու, ենթադրաբար, այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում: Նա նաև ընդգծեց, թե փաստաթղթերի ստորագրում, անշուշտ, չի նախատեսվում: Միրզոյանի խոսքով՝ այնուամենայնիվ, նման հանդիպումները Հայաստանի համար բազմաթիվ կիրառական նշանակություններ ունեն, քանի որ հնարավորություն կարող են ստեղծել հասցեագրելու հետպատերազմյան ողջ հումանիտար խնդիրների թնջուկը ու գերիների շուտափույթ ազատ արձակումը, նաև՝ Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքներում Հայաստանի մշակութային ժառանգության հուշարձանների հարցն ու բազմաթիվ այլ հարցեր: Միրզոյանը նշեց նաև, որ բանակցությունները որոշակի գաղտնիության կոմպոնենտ են պարունակում:

Այնուամենայնիվ, մամուլում և տարատեսակ աղբյուրներում շրջանառվում են տեղեկություններ, որ նման հանդիպում նախապատրաստման փուլում է, և դրա օրակարգում լինելու է երկու կարևոր փաստաթուղթ կամ տեքստ, որոնցից մեկը վերաբերելու է՝ սահմանազատման և սահմանագծման, իսկ մյուսը՝ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեմային՝ մասնավորապես խոսքը, այսպես կոչված, թյուրքական, Նախիջևանի կամ Զանգեզուրի միջանցքի մասին է: Արարատ Միրզոյանը, իհարկե, փորձում է ինչ-որ բան հերքել, սակայն չի փակում թեման՝ նշելով, որ հանդիպման առաջարկներ միշտ են քննարկվում, և դրանց արդյունքում կարող է հրապարակվել համաձայնեցված տեքստ: Ինչ խոսք, համաձայնեցված տեքստ կարելի է որակել նաև նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունները, որոնք ճակատագրական դարձան և որոնք փաստաթղթի զորություն ունեն:

«Եթե ՌԴ-Հայաստան-Ադրբեջան հանդիպման անցկացման մասին պայմանավորվածություն ձեռք բերվի, Կրեմլը ժամանակին կտեղեկացնի»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել էր ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Պուտին-Ալիև-Փաշինյան հնարավոր հանդիպման մասին ԶԼՄ-ում տարածված լուրերը, ըստ էության չհերքելով տեղեկությունը, թե նման հանդիպում է նախապատրաստվում:

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Կրեմլից նման հանդիպման հերքման բացակայությունն արդեն իսկ հետաքրքիր տեղեկություն է: Ըստ նրա, սովորաբար, երբ հանդիպումները նախապատրաստման փուլում են, հենց այդպիսի հայտարարություններ են հնչում: Տարասովի տեղեկությունների համաձայն ևս՝ նման հանդիպում նախապատրաստվում է, և դա նաև տրամաբանական է, որ հասունացել է:

«Նորություն չկա նրանում, որ հունվարի 11-ի եռակողմ հանդիպումից և պատերազմից հետո ստորագրված երկու հայտարարություններից հետո որոշակի դադարներով, անհաջողություններով, բայց ընթանում են աշխատանքներ հետպատերազմյան իրավիճակը ռեգիոնում կարգավորելու, խաղաղություն հաստատելու համար, առանց որի հնարավոր չէ ճանապարհ բացել: Ռուսաստանը որքա՞ն ժամանակ կարող է վերահսկել այդ ճանապարհը, այն կարող է անվտանգ գործել միայն խաղաղության դեպքում, որին այս ընթացքում հնարավոր չեղավ հասնել: Ոչ դեմարկացիայի, և ոչ էլ ապաշրջափակման մասին մենք նոր չէ, որ լսել ենք, ապաշրջափակման մասին ձևակերպումներ կային նոյեմբերի 9-ի հայտարարությունում, իսկ դեմարկացիայի մասին խոսք եղավ մայիս ամսին: Պարզ է, որ հանդիպում պետք է տեղի ունենա, այդպիսին նախապատրաստվում է, սակայն, կարծում եմ՝ օրակարգն այնքան էլ հստակ չէ: Ամենայն հավանականությամբ, կան ինչ-որ մշակումներ, պատկերացումներ, սակայն տեղում վերջին համաձայնեցումները կամ անհամաձայնությունները չափազանց կարևոր են, հատկապես, երբ բոլոր երկու հարցերում էլ կան լուրջ տարաձայնություններ, և առաջ ընթանալու համար, ինչպես ՌԴ նախագահն ասաց, հարկավոր են փոխզիջումներ, ինչը Հայաստանի և Ադրբեջանի մոտ այնքան էլ լավ չի հաջողվում»,- ասաց Տարասովը:

Նրա խոսքով՝ հետպատերազմյան կարգավորման գործընթացները լիովին այլ ճանապարհով կընթանային, եթե Երևանը Բաքվից և Անկարայից այլ ուղերձներ ստանար, եթե դեմարկացիայի թեման ևս չգար առաջնային օրակարգ, քանի որ սահմանազատումը կարող է հաջողությամբ իրականացվել հարաբերություններում դրական դինամիկայի դեպքում, հնարավոր չէ բոլոր հարցերը լուծել միջնորդությամբ և թշնամական հարաբերությունների դեպքում:

«Ինչպես տարածաշրջանում, այնպես էլ կողմերի միջև իրավիճակը բավականին բարդ է, քանի որ դրական նախադրյալներ գործընթացի համար չկան, ու խոսել, հստակ ասել, որ ինչ-որ բան կստորագրվի՝ բարդ է, կարող է ինչ-որ համաձայնություններ լինեն, նախապատրաստություններ, դա կանխագուշակելը բավականին բարդ է, հատկապես, երբ ՀՀ ԱԳՆ-ն նշում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ու ԵՄ-ն պետք է որոշ ուղղություններով խորհրդակցական աշխատանքներ իրականացնեն: Կարծում եմ՝ համաձայնեցման ենթակա որոշ հարցեր դեռ կան, թե ինչպես է Երևանն ընկալում, ինչպես է Մոսկվան ընկալում այս ամենը»,- ասաց նա:

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ որևէ տեղեկություն չունի, սակայն կարող է վերլուծել, որ փոխվարչապետների մակարդակով աշխատանքը շարունակվում է, թվում է՝ կա առաջընթաց, ինչ-որ պայմանավորվածություններ, սակայն դա Ադրբեջանը փորձում է ներկայացնել «միջանցք», ինչը, ամենայն հավանականությամբ, այդպես չէ:

«Այդպես չէ, որովհետև թե՛ ռուսական, թե՛ հայկական կողմերը պաշտոնապես ասել են, որ խոսքը ճանապարհի մասին է: Պարզ է, որ Ադրբեջանը ցանկանում է ներկայացնել դա այլ կերպ, քանի որ գտնվում է հետպատերազմյան տրամադրությունների մեջ: Սա՝ ինչ վերաբերում է ապաշրջափակման թեմային: Կա Ղարաբաղի կարգավիճակի հարցը ևս, այս հարցում բոլոր երեք կողմերն ունեն տարբեր մոտեցումներ, դժվար է պատկերացնել, թե ինչ է հնարավոր այս մասով, և կա դեմարկացիայի հարցը, այս մասին ՌԴ նախագահը խոսեց, կարծում եմ՝ եթե այդ մասով որոշակի համաձայնեցումներ չլինեին, նա չէր խոսի, կա պատկերացում, պարզապես դա ամրագրված չէ, և թե ինչը երբ կհամաձայնեցվի, ինչ ձևաչափով՝ բարդ է ասել, քանի որ այս ամենին զուգահեռ՝ աշխատում է ակտիվ կերպով Արևմուտքը՝ և կողմերի, և Ռուսաստանի, Թուրքիայի հետ, իսկ սրանք բարդ հարցեր են, ոչ մի կողմ չի ցանկանում զիջել իր շահերը, ու դա հասկանալի է: Կարող է լինել հանդիպում, բայց տարաձայնություններ կան բոլոր հարցերով, թերևս, ամենաթեթև թեման սահմանազատումն է, որը պետք է քարտեզի հիման վրա տեղի ունենա, մնացած հարցերն ավելի բարդ ու բազմակողմ են, հավակնոտ, ու այստեղ Ռուսաստանի համար ևս հեշտ չէ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս