Իրանի ռեֆորմիստական կառավարությունն առաջնորդվում էր պատրանքներով, որոշ դեպքերում՝ նաև 44-օրյա պատերազմի ընթացքում. Վարդան Ոսկանյան

«Թշնամուն, անշուշտ, չպետք է թերագնահատել, բայց կարծում եմ՝ Ադրբեջանի գործողություններում «բլեֆի» որոշակի բաղադրիչ կա»,- ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը այսօր տեղի ունեցած «ՀՀ-ին և Արցախին սպառնացող վտանգները և հաղթահարման ուղիները» թեմայով քննարկման ընթացքում և միտքը հիմնավորելու համար բերեց պարզագույն մի օրինակ.

«Ակնհայտ է՝ երբ Ադրբեջանը ավելացնում է իր ռազմական ծախսերը 500 միլիոն դոլարով, ապա դա բացառապես ավելացում չէ, դա  44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կրած հսկայական կորուստների վերականգնում է։ Ադրբեջանը կրել է հսկայական կորուստներ, մենք դա պետք է հստակորեն արձանագրենք։ Կարծում եմ՝ առնվազն 500 միլիոն դոլարի կորուստ Ադրբեջանը ռազմական տիրույթում կրել է։ Հետևաբար, այդ 500 միլիոն դոլարն օգտագործվել է ոչ թե ռազմական ներուժն ավելացնելու համար, այլ առկա կորուստները կամ դրանց մի մասը գոնե վերականգնելու համար»։

Նա ուշադրություն հրավիրեց նաև Ադրբեջանի ներսում տասնամյակներ շարունակ ձևավորված կեղծ հասարակական համոզումներին, թե առկա բոլոր խնդիրներն առնչվում են Արցախի հիմնահարցի հետ, և որի «լուծումից» հետո դրանք էլ  ինքնաբերաբար լուծվելու են:

«Նույն «բլեֆի» սահմաններում Բաքվի բռնապետը հայտարարում է, որ Արցախյան հիմնախնդիրը լուծվել է, իրականում մենք գիտենք, որ հիմնախնդիրը չի լուծվել, և ընդհանրապես, Արցախյան հիմնախնդրի չլուծվածության համատեքստում չի փոխվել»,- նկատեց իրանագետը՝ հավելելով, որ այս սպասումների չարդարացվածությունը դժգոհություն է առաջացնում հանրության մոտ:

Մեկ այլ գործոն, ըստ բանախոսի, որն ի վնաս Ադրբեջանի է աշխատում, այդ երկրի ինքնիշխանության որոշակի կորուստն է՝ ավելի մեծ կախումը Թուրքիայից, նաև Ադրբեջանի ներսում իրանական ազդեցության ավելացումը:

«Այժմ Ադրբեջանում շատ խնդիրներ լուծելու առումով Էրդողանն ունի շատ ավելի մեծ հնարավորություններ, քան անձամբ Իլհամ Ալիևը։ Բացի դա՝ Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածք հռչակվող տարածքում տեղակայված են երկու օտարերկրյա պետությունների ռազմական ուժեր՝ ռուսական խաղաղապահ ուժերը և նաև՝ թուրքական ռազմակայանն արդեն»,- մանրամասնեց Վարդան Ոսկանյանը՝ հիշեցնելով նաև Ադրբեջանում իրանական ազդեցության մասին՝ բոլորի համար ակնհայտ է, որ այս տարածաշրջանում Ադրբեջանը այժմ իր թիվ մեկ սպառնալիքը համարում է նույնիսկ ոչ թե ռուս խաղաղապահների ներկայությունը, այլ իրանական ազդեցությունը  պետության ներսում։ Իրանական ազդեցությունը, որը տասնամյակներ շարունակ աշխատել է ոչ թե այս պետության ռազմաքաղաքական վերնախավի հետ, այլ պետության հասարակ բնակչի հետ՝ այն նույն մեթոդաբանությամբ, ինչ մեթոդաբանությամբ իրանական հոգևորականությունն աշխատում էր սեփական պետության ներսում»:

Իրանագետը նշեց, որ հաշվի առնելով այս հանգամանքները՝ Հայաստանը պետք է օգտագործի այն հնարավորությունները, որոնք ստեղծվել են տարածաշրջանում.

«Իրանի քաղաքական վերնախավում տեղի է ունեցել լրջագույն փոփոխություն, որը մենք չենք արձանագրել. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բացահայտ ստանձնել է այս պետության քաղաքական ղեկավարումը։

Այս համատեքստում Իրանի հետ աշխատելու լրջագույն հնարավորություններ կան՝ հաշվի առնելով քաղաքական փոփոխություններն այս պետության ներսում, աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնք ցույց տվեցին, որ Իրանի ռեֆորմիստական կառավարությունն առաջնորդվում էր պատրանքներով, որոշ դեպքերում՝ նաև 44-օրյա պատերազմի ընթացքում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս