«Շուշիի պաշտպանության պատասխանատուն Սեյրան Օհանյանը չէ, նա կազմակերպել է Քարինտակի առաջին օպերացիան, որի ժամանակ ջարդվել է 750 ադրբեջանցի». Շուշեցի պատմաբան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն այսօր խորհրդարանում տեղահանված արցախցիների սոցիալական, կրթական, իրավական խնդիրների վերաբերյալ տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ, քննարկման մասնակից արցախցիներից հետաքրքրվեց, թե տեղյա՞կ են՝ ո՞վ է Արցախի պատերազմի ժամանակ եղել Շուշիի պաշտպանության հրամանատարը։
Պատասխանելով հարցին, Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ կխոսի այն ամենի մասին, ինչը տեսել է «սեփական աչքով»։
«Մինչ օրս մենք այդպես էլ չհասկացանք, թե Շուշին պաշտպանության պատասխանատու ունե՞ր, թե՞ ոչ։ Ամեն դեպքում վերջին օրերին լսեցինք, որ Սեյրան Օհանյանն է լծվել այդ գործին, այն էլ՝ կամավոր հիմունքներով։
Սակայն չեմ հնչեցնի անուն, բայց եղել է, որ առաջարկել են Նիկոլ Փաշինյանին և Արցախի նախագահին, որպեսզի Շուշիի պաշտպանության գործը հանձնի իրեն՝ ասելով, որ հետագայում, թե՛ հաղթանակի, թե՛ պարտության դեպքում, պատրաստ է կրել պատասխանատվություն։ Սակայն մերժվել է, այդ ժամանակ չէինք հասկանում՝ ինչու է մերժվում, բայց հիմա բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, թե ինչու մերժվեց։ Շուշիի պաշտպանությունը, ըստ էության, տարերային բնույթ էր կրում, եթե հիշում եք՝ մարդիկ շրջվարչակազմում աղիողորմ նամակներ էին գրում, թե՝ փրկեք մեզ, մենք այստեղ փակված ենք, քանի որ մի քանի հարյուր թշնամի կար Շուշիում ու ոտ-ոտ քայլում էին»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Ըստ պատգամավորի, թշնամուն քաղաքից հանելու որևէ օպերացիա չէր կատարվում։
Նա նաև շեշտեց, որ բոլորն էլ տեղյակ են, թե այդ օրերին ինչպես զոհվեցին ՀՀ ԱԱԾ զինվորները, այսինքն՝ համակարգված ոչինչ չկար, և այդպես էլ չիմացան, թե ով էր զբաղվում Շուշիի պաշտպանությամբ, բացի վերջին օրերին Սեյրան Օհանյանի անունը շրջանառվելուց, ով որևէ բան չէր կարող փոխել, քանի որ Շուշին հանձնելու որոշումն արդեն կայացվել էր։
Հարցին անդրադարձավ նաև շուշեցի պատմաբան Աշոտ Հարությունյանը՝ նշելով, որ շատ բաների մասին չի խոսում, քանի որ հարցը ռազմական դատարանի խնդիրն է։
«Շուշիի պաշտպանության պատասխանատուն կա, սակայն Սեյրան Օհանյանը չէ։ Ես Շուշիում անմիջապես Սեյրան Օհանյանի հետ հանդիպել եմ շրջվարչակազմի ռմբապաստարանում։ Սեյրան Օհանյանը կազմակերպել է Քարինտակի առաջին օպերացիան, որի ժամանակ ջարդվել է 750 ադրբեջանցի, դիակներն ամբողջությամբ Քարինտակում փռված են եղել։ Մենք պատրաստվում էինք այդ «գյոռբագյոռ» ասած օպերացիային, սակայն անհասկանալի բան կատարվեց։ Սա թողնենք ռազմական դատարանին»,- նշեց Աշոտ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 28-ին Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հանդես էր եկել մարտակոչով, որտեղ մասնավորապես նշել էր. «2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը, Թուրքիայի բացահայտ դրդմամբ, լայնամասշտաբ պատերազմ է սկսել Արցախի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով։ Մեկ ամիս է` հայ մարդը կյանքի ու մահվան կռիվ է մղում ոխերիմ թշնամու դեմ։ Այս օրհասական պահին իմ կոչն եմ ուղղում Արցախում, Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր արցախցիներին, իմ մարտական ընկերներին ու ողջ հայությանը. վտանգված է մեր պետությունն ու պետականությունը, մեր հայրենիքը, Արցախն ու հայությունը, այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն»։
Վիտալի Բալասանյանն իր այս մարտակոչը հնչեցրել էր այն բանից հետո, երբ մեկ օր առաջ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ և հորդորել, որպեսզի իրեն հանձնի Շուշիի պաշտպանությունը։
Այս մասին նաև հանդիպումից մոտավորապես մեկ ամիս անց իր հարցազրույցներից մեկում մանրամասներ էր ասել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Վիտալի Բալասանյանը հանդես եկավ մարտակոչով, ասաց՝ «կոչ եմ անում գալ Արցախ, միանալ պայքարին։ Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանին ասել է հետևյալը՝ «ո՞րն է ամենածանր ուղղությունը, որ ունենք ռազմաճակատում», Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Շուշին, Բալասանյանն ասել է՝ «հանձնարարեք ինձ Շուշիի պաշտպանությունը, եթե ես չհաջողեմ, դա առիթ է, որ վեր կենաք ու հրապարակային ասեք՝ Վիտալի Բալասանյանը չկարողացավ իրականացնել Շուշիի պաշտպանությունն ու Շուշին ընկավ, «կհռչակեք ինձ դավաճան։ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է ու ասել է՝ «գնացեք ու անցեք Շուշիի պաշտպանությանը։ Սակայն, մինչև վերջին օրն այդպես էլ Բալասանյանը չի անցել Շուշիի պաշտպանությանը, քանի որ Բալասանյանին Արցախում ասացին, որ նման ցուցում մենք չենք ստացել. հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ չթույլատրեցին Վիտալի Բալասանյանին իրականացնել Շուշիի պաշտպանությունը»։
Այս տեղեկատվությունը չէր մանրամասնել Նիկոլ Փաշինյանի խոսնակը, ընդգծելով, որ Բալասանյան-Փաշինյան հանդիպմանը ներկա չի եղել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում