Բաժիններ՝

86 տարեկանին ասես՝ դուրս արի, վերելակի գումար հավաքի՞. Բարձրահարկ շենքում վերելակի փող հավաքող են փնտրում

Մեկ ամսից ավելի է՝ Խորենացի 29 շենքի առաջին մուտքի վերելակը չի աշխատում: 11 հարկանի այս շենքի միայն մեկ մուտքում կա շուրջ 33 բնակարան, որի բնակիչներից և ոչ ոք, պարզվում է, չի ցանկանում ստանձնել վերելակի գումարը հարևաններից հավաքելու դերը:

Սոնա Դարբինյանը, ով 5 տարի կատարել է այս աշխատանքը, հրաժարվում է շարունակել այս «գործը»՝ նշելով, որ պատճառներ կան, այդ թվում՝ առողջական:

«Մուտքում բնակիչների մեծ մասը հիմնական չէ, վարձով են բնակվում, իսկ հիմնական բնակիչների մեծամասնությունը տարիքով է: Ով էլ ի վիճակի է՝ հրաժարվում է այդ պարտականությունից: Ի՞նչ է նշանակում՝ պայմանագիր կնքի բնակիչը: Դա բնակչի՞ն է պատկանում: Ես ինքնակամ եմ հավաքել, առաջին հերթին՝ ինձ համար, քանի որ բարձր հարկի բնակիչ եմ, բայց ես չեմ իմացել, որ իմ անունով պայմանագիր է կնքվել: Քանի որ ես եմ այդ հարցով զբաղվել, վերցրել են իմ անձնագրի պատճենը ու իմ անվան տակ պայմանագիր են բացել: Անձը թակելով իմ դուռը՝ ներկայացել է որպես ՀԷՑ-ի աշխատակից, հետաքրքրվել է՝ հիմա ե՞ս եմ վերելակի գումարը հավաքում, պատասխանել եմ, որ այո՛, ինքն էլ տվել է բացատրություն՝ քանի որ ես եմ այդ հարցով զբաղվում, իմ տվյալներն իրենց մոտ պետք է լինի: Պահանջել է իմ անձնագրի պատճենը, ներկայացրել եմ, բայց չեմ իմացել, որ իմ անվան տակ առանձին պայմանագիր պետք է կնքեն»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց տիկին Սոնան:

Հարցին, թե ինչո՞ւ է հրաժարվել, նա պատասխանեց, որ պատճառներ կան, ինչպես նաև առողջական խնդիրներ ունի:

«Վերջերս խնդիրներ եղան՝ վերելակի գումարը բարձր էր գալիս՝ 15.000, դրանից առաջ էլ 14․000 դրամ էր: Հասկանո՞ւմ եք, շենքի բնակիչը սկսեց վրդովվել, թե ինչո՞ւ այսքան շատ պետք է լինի գումարը, հետո մենք պարզեցինք, որ վերելակի հոսանքին միացված է նաև դոմոֆոնի, ինչպես նաև դրսում դրված գովազդային վահանակի հոսանքը: Հիմա քանի որ ես չեմ ուզում, բնակիչներից ոչ ոք չի ուզում: 86 տարեկանին ասես՝ դուրս արի, վերելակի գումար հավաքի՞: Դա ի՞նչ է նշանակում: Բոլորը հրաժարվում են: Թող մի հատ ուրիշ ձև մշակեն: Վերելակի հաշվեհամարին ես ամեն ամիս ստանում եմ գումարի չափը: Դրանից սկսում են օգտվել 4-րդ հարկից, այն էլ՝ ոչ բոլորը: 4-րդ հարկից միայն մի բնակիչ է օգտվում, ու տվյալ պահին քանի բնակիչ է օգտվում վերելակից, այդ գումարը բաշխվում է այդքան անձի վրա: 20 հոգի է օգտվում մեր մուտքում»,- հավելեց նա:

Համատիրության աշխատակիցներից Գևորգը, ով վերելակների տեխնիկական սպասարկմամբ է զբաղվում, մեզ փոխանցեց, որ վերելակը սարքին, շահագործելի վիճակում է, խնդիրը ՀԷՑ-ի ու բնակիչների միջև է:

«Նախ՝ չեն վճարում, դա՝ մեկ, երկրորդ՝ ամեն շենքում վերելակի հոսանքի հաշվիչը պետք է լինի բնակիչներից մեկի անունով: Հիմա ում անունով որ կա, այդ անձը հրաժարվել է, ասում է՝ իմ անունով մի արեք, իսկ ՀԷՑ-ն ասում է, որ պետք է լինի բնակիչներից մեկի անունով: Նրանք էլ իրար վրա են գցում, ու այդպես հարցը մնացել է: Այդտեղ վտանգ չկա, էլի: Չեն մուծում, անջատում են, տվյալ մարդու տանը հո չե՞ն կպնում: Եղածը մի անձնագիր են տանելու, պատճենեն, անուն-ազգանունը գրեն, ու վերջ: Մենակ այդ շենքում չէ խնդիրը. վերելակից օգտվում են, հետո երբ գալիս է գումարը հավաքելու ժամանակը, ասում են՝ չենք օգտվում: Շենք կա՝ լավ է մուծում, մի բան էլ ավելի շատ են հավաքում, շենք էլ կա՝ մինչև հավաքում են՝ մարդու կյանքի կեսը գնում է»,- ընդգծեց նա:

ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալի Սարջանյանն էլ հայտնեց, որ վերելակների հետ կապված խնդիրն ամեն տեղ տարբեր ձևով է կարգավորվում: Պայմանագիր կնքվում է մի հոգու հետ, ու ինքն է արդեն այդ վճարումները կատարում: Տարիներ շարունակ այդպես է եղել։

Հարցին՝ այսինքն, եթե բնակիչներից ոչ ոք չի ստանձնում գումարը հավաքելու պարտականությունը, մարդիկ զրկվո՞ւմ են վերելակից օգտվելուց, նա պատասխանեց. «Բնականաբար: Երբ շենքից ընտրեն մեկին՝ հարցը կլուծվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս