«Պարտադրում են պատվաստվել»․ թիվ 1 տուն-ինտերնատի խնամյալներն ու աշխատակիցներն ահազանգում են
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարեցներից մեկն ահազանգել էր 168.am-ին, որ իրենց՝ չպատվաստված խնամյալներին, ստիպում են մինչև հոկտեմբերի 14-ը պատվաստվել։ Նույնաբովանդակ ահազանգ ստացել ենք նաև տվյալ հաստատության մեկ աշխատակցից․
«Արդեն 2 շաբաթ է, ընկած են աշխատողների հետևից, ասում են՝ պարտադիր պետք է պատվաստվեք։ Անցած շաբաթ էլի մի քանի աշխատակից պատվաստվեց։ Ծերերին, ճիշտ է՝ դեռ մի քանի ամիս առաջ են սկսել պատվաստել, բայց այս նոր կարգը ինչ ուժի մեջ է մտել, նորից սկսել են ակտիվ քարոզչություն տանել, որ չպատվաստված խնամյալներն էլ պատվաստվեն»։
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի աշխատակցի խոսքով՝ հաստատությունում՝ առանձին շենքում, տարեցների համար գործում է նաև հիվանդանոց, և ի տարբերություն մյուս մասնաշենքի՝ այստեղ գրեթե բոլոր խնամյալներին պատվաստել են, քանի որ նրանք անգամ չեն գիտակցում, թե կորոնավիրուսն ինչ է․
«Ճիշտ է, նրանց պատվաստելուց առաջ ասում են, որ քովիդի դեմ են պատվաստում, բայց նրանք չեն էլ իմանում, թե քովիդն ինչ է, ուր մնաց՝ դրա դեմ պատվաստանյութն իմանան ինչ է։ Հիմնականում բողոքող տարեցները առաջին մասնաշենքից են, ոչ հիվանդանոցից։ Ինչ վերաբերում է աշխատողներիս, չենք ուզում, բայց ստիպված ենք, ներքին խոսակցություններ են գնում, որ ով չպատվաստվի՝ հեռացնելու են, անգամ արձակուրդում գտնվող աշխատակիցներ ունենք, իրենց էլ են զանգել, ասել, որ գան պատվաստվելու․․․»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, նման ահազանգ չեն ստացել, և, որ COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացը նախարարությունը շատ վաղ է սկսել: Պատվաստվող ՊՈԱԿ-ներից առաջինը հենց Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը և Նորքի տուն-ինտերնատն են եղել․
«Նախքան պատվաստման գործընթացը՝ դեռ ամիսներ առաջ, իրենց հետ իրազեկման աշխատանքներ են տարվել, պարբերաբար բժիշկներ էին այցելում իրենց, ներկայացնում, ծանոթացնում պատվաստանյութերի հետ, ինչպես մյուս քաղաքացիներին, այնպես էլ իրենց ընտրության հնարավորություն ենք տալիս, և իրենց ընտրությամբ պատվաստվում են այն պատվաստանյութով, որն իրենք են նախընտրում։ Շահառուներն իրենց կամքով են պատվաստվել, պատվաստման գործընթացը կազմակերպվել է և՛ տեղում, և՛ պոլիկլինիկաներում»։
Զառա Մանուչարյանից հետաքրքրվեցինք, թե քանի՞ խնամյալ և քանի՞ աշխատակից կա Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում, և այսօրվա տվյալներով նրանցից քանի՞սն են պատվաստվել կորոնավիրուսի դեմ։
«Թիվ 1 տուն-ինտերնատում 205 շահառու կա, պատվաստվել է 150-ը, իսկ 127 աշխատակցից՝ 58-ը։ Նորքի տուն-ինտերնատում շահառուների և աշխատակիցների ընդհանուր թիվը 323 է, պատվաստվել են 112-ը։ Երկու հաստատություններում էլ իրազեկման աշխատանքները շարունակվում են, ու միայն իրենց ցանկության դեպքում են պատվաստվում։
Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ չնայած պատվաստումների վերաբերյալ իրազեկման, իսկ բուն պատվաստման գործընթացը դեռ ամիսներ առաջ է սկսվել, սակայն կան տարեցներ և տուն-ինտերնատի աշխատակիցներ, որ հրաժարվում են պատվաստվել, Մանուչարյանը պատասխանեց․
«Մի քանիսին ցուցված չէ, մյուսների մասով էլ իրազեկման աշխատանքներ են տարվում, որպեսզի գիտակցելով դրա անհրաժեշտությունն ու կարևորությունը՝ պատվաստվեն»։
Ճշտող հարցին՝ տուն-ինտերնատների այն խնամյալները, որոնք կհրաժարվեն պատվաստվել, արդյոք հոկտեմբերի 14-ից պե՞տք է թեստավորվեն, եթե այո, ապա թեստավորման գումարը սեփակա՞ն միջոցներից են վճարելու, թե՞ տարեցների փոխարեն՝ նախարարությունն է վճարելու, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակը պատասխանեց․
«Տուն-ինտերնատի աշխատակիցները թեստավորվելու են իրենց միջոցներով, իսկ խնամյալների համար թեստավորվելու պարտադիր պահանջ չկա»։