«Իրավիճակը պայթյունավտանգ է. կարող է մեծ հրդեհ բռնկվել տարածաշրջանում». Փույա Հոսսեյնի
«Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր տնօրեն Փույա Հոսսեյնիի կարծիքով՝ իրավիճակը տարածաշրջանում պայթյունավտանգ է:
«Շատ պայթյունավտանգ է, կարող է մեծ հրդեհ բռնկվել տարածաշրջանում, բայց Իրանի արտգործնախարարի այցը Ռուսաստան հենց դրա համար է, փորձում են դիվանագիտական ձևով Ռուսաստանի միջնորդությունով լարվածությունը թուլացնել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Փույա Հոսսեյնիի խոսքով՝ Իսրայելը փորձում է Ադրբեջանին օգտագործել Իրանի դեմ. «Բայց ոչ միայն Ադրբեջանը, այլև այլ երկրներ են այդ շարքում: Վերջերս Իսրայելը և ԱՄՆ-ը մի ծրագիր են սկսել իրար հետ, որը կոչվում է «Հազար դաշույն». դա Իրանի դեմ է, որ բազմաթիվ միջոցներով Իրանին վնասեն՝ հարևան երկրների միջոցով, և Իրանը մեծ վտանգ է տեսնում: Իսրայելը հիմա գործում է Ադրբեջանի միջոցով: Իրանը ուլտիմատում է դրել Ադրբեջանի դիմաց, որ՝ ուղղությունը հստակ ցույց տա՝ կամ Իրանի կողմից է, կամ Իսրայելի: Ադրբեջանը կանգնած է ընտրության առաջ»:
Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանում սահմանների փոփոխության վերաբերյալ Իրանի արտգործնախարարի հայտարարությունը վերաբերում է Սյունիքին և Ադրբեջանի կողմից հայտարարված «Զանգեզուրի միջանցքին»:
«Իրանն ուզում է, որ Ռուսաստանն ավելի ակտիվ աշխատի և արձագանքի Ադրբեջանի և Թուրքիայի նկրտումներին: Իրանը փորձում է ավելի ակտիվ դեր ստանձնել Անդրկովկասում և թույլ չի տա, որ նման բան տեղի ունենա»,- ընդգծեց նա:
Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին Twitter-ում գրել է. «Շուտով այս տարածաշրջանի տարանցման քարտեզը լիովին փոփոխության է ենթարկվելու: Նրանք, որոնք այս ուղղությամբ չարաճճիություն էին արել, պետք է իմանան, որ մեզ համար որևէ փակ ճանապարհ չի մնա, բայց վառված կամուրջները չեն վերականգնվի»:
Փույա Հոսսեյնիին խնդրեցինք մեկնաբանել Ռոստամ Ղասեմիի հայտարարությունը:
«Մյուս կողմը փորձում է Իրանին շրջափակման մեջ գցել, փակել Իրանի ճանապարհը դեպի Եվրոպա, դեպի Ռուսաստան, աղքատացնի Իրանի գեոպոլիտիկ դերը տարածաշրջանում, և Իրանը ամեն գնով դիմադրելու է: Իրանն իր ճանապարհը դեպի Եվրոպա Հայաստանի միջոցով ամեն կերպ կպահպանի: Դրանից բխում է Հայաստանի շահը, Իրանի շահը, ինչո՞ւ չէ՝ Չինաստան, Հնդկաստան: Մեծ ծրագիր է Պարսից ծոց-Սև ծով ծրագիրը, որը ևս փորձում են խոչընդոտել, բայց Իրանը ամեն ձևով այն պահելու է»,- ի պատասխան՝ ասաց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում