«Ցավոք, կյանքը ցույց է տալիս, որ այդպես էլ է պատահում…». Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի առիթով Ուինսթոն Չերչիլն ասել է. «Դպրոցի ուսուցիչներն այնպիսի իշխանություն ունեն, որի մասին վարչապետները միայն կարող են երազել»: Դա բացարձակ ճշմարտություն է բոլոր դարերի և բոլոր սերունդների համար, որովհետև Ուսուցիչն աշխատում է ամենապատասխանատու խնդրի վրա` նա ձևավորում է Մարդուն:
Սովորական ուսուցիչը՝ պատմում է, լավ ուսուցիչը՝ բացատրում է, բարձրակարգ ուսուցիչը՝ ցույց է տալիս, իսկ հանճարեղ ուսուցիչը՝ ոգեշնչում է: Հայաստանը նորից կվերածնվի, կամրանա ու կհաղթանակի, եթե Արցախի, Հայաստանի և Սփյուռքի ուսուցիչները ոչ միայն կրթեն, այլ նաև շարունակ ոգեշնչեն իրենց սաներին: Ազգային դպրոցը՝ հայապահպանության, հայոց ինքնության և պետականության անսասան հիմքն ու երաշխիքն է:
Սիրելի Հայ ուսուցիչներ,
մասնագիտական տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ երկար կյանք ու անսահման հպարտություն: Ազգային ոգին թող երբեք չնահանջի Ձեր մեջ: Դուք այն վառվող ջահն եք, որը լուսավորել է հայոց միտքը: Ձեր ջանքերով ու նվիրումով կայացած կրթօջախները սերունդներ են ապրեցրել, զարգացրել և հանրահռչակել: Միայն անգետ ու անշնորհակալ մարդը չի գնահատի այն անգին ջանքերը, որոնք դուք ներդնում եք Ազգի հարատևության և Մարդ ստեղծելու գործում:
Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ և որպես աշակերտ՝ անչափ շնորհակալ եմ Ձեզ, սիրելի՛ ուսուցիչներ:
Հ.Գ. Առավել քան վստահ եմ, որ կապիտուլյանտի ու նրա տխրահռչակ թիմակիցների Ուսուցիչները երբեք չէին պատկերացի, որ Հայրենիք ազատագրողների, պաշտպանողների ու զարգացնողների կողքին կարող էին ի հայտ գալ նաև Հայրենիք ավիրողներն ու հանձնողները: Ցավոք, կյանքը ցույց է տալիս, որ այդպես էլ է պատահում: Հետևաբար միշտ պետք է լինեն այն աշակերտները, որոնք ի զորու կլինեն շտկելու և վերականգնելու ապիկարների բոլոր ձախողումները»: