«Մանվել Փարամազյանն ունի այնպիսի հիվանդություն, որի դեպքում նա չի կարող մնալ քրեակատարողական հիմնարկում. տեսակցությունների արգելքը չի հանվել». Փաստաբան

Սյունիքի մարզի Քաջարանի քաղաքի համայանքապետ Մանվել Փարմազյանի գործի նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է Դատախազություն, հաջորդիվ այն ուղարկելու են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Փարամազյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Նրա խոսքով՝ Մ. Փարամազյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ բազմաթիվ բողոքներ են ներկայացվել, միջնորդությունները բողոքարկվել  են տարբեր ատյաններում՝ նրան կալանքի տակ պահելու և այդ կալանքի ժամկետները երկարացնելու դեմ։

«Նաև առանձին միջնորդություն ենք ներկայացրել գրավը որպես խափանման միջոց կիրառելու հետ կապված՝ բոլոր դեպքերում մերժվել է։ Ընդ որում, Մանվել Փարամազյանի պարագայում խնդիրը նաև այն է, որ նա ունի այնպիսի հիվանդություն, որի դեպքում նա չի կարող մնալ քրեակատարողական հիմնարկում, որովհետև նրա համար պետք է ապահովված լինի համապատասխան պայմաններ, որոնք չեն կարող ապահովել քրեակատարողական հիմնարկում։ Այս ամենը չի հետաքրքրել դատարանների տարբեր ատյաններին, և բոլոր դեպքերում կալանքը պահպանվել է որպես խափանման միջոց»,- նշեց Լուսինե Սահակյանը։

Ըստ նրա, Մանվել Փարամազյանի խափանման միջոցը չփոխելու վերաբերյալ հիմնավորությումնները, որոնք ներկայացրել են տարբեր ատյաններում՝ ակնհայտ անհիմն են և որևէ հիմք չունեն։

«Այստեղ խնդիրն այն չէ, թե քրեակատարողական հիմնարկը պատշա՞ճ է վերաբերում Մանվել Փարամազյանի առողջական խնդիրներին, թե՞ ոչ։ Քրեակատարողական հիմնարկը չի կարող ապահովել այն պայմանները, որոնք անհրաժեշտ են իր համար, որովհետև նա ունի հիվանդություն, որի պայմաններում պարտադիր է, որպեսզի լինի կողմակի անձի խնամք, երբ նա քնած է։ Այսինքն՝ քնած ժամանակ նա համապատասխան ապարատով պետք է քնի, կողքին լինի հսկող մարդ, ինչը, բնականաբար, Քրեակատարողական հիմնարկում չեն կարող ապահովել»,- հավելեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է Մանվել Փարամազյանի հետ տեսակցությունների սահմանափակմանը, Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ տեսակցությունների արգելքը հանված չէ, չնայած միջնորդություն են ներկայացրել նախաքննությունն ավարտելուց հետո, որպեսզի տեսակցությունների արգելքը վերացվի, սակայն չի վերացվել։

«Սա, իհարկե, արտառոց երևույթ է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախ և առաջ ի սկզբանե պատճառաբանություններ չէին ներկայացվել, և հիմք չկար տեսակցություններն արգելելու համար։ Բայց այն բանից հետո, երբ ավարտվել է նախաքննությունը, բնականաբար, խափանման միջոցն ընդհանրապես պահպանվել չէր կարող, բայց փաստը մնում է փաստ, որ մինչ օրս պահպանվում է։ Նախաքննության ավարտի կապակցությամբ ներկայացված մեր միջնորդությունը ևս մերժվել է, և տեսակցությունների արգելքը պահպանվել է»,- եզրափակեց Լուսինե Սահակյանը։

Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանը կալանավորվել է հուլիսի 10-ին։ Հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խարդախություն կազմակերպելու,  կաշառք ստանալու և ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու համար։

Տեսանյութեր

Լրահոս