«Ընդհանուր առմամբ իրականացվել է 377․405 պատվաստում․ առաջին դեղաչափ ստացել են 244․374 քաղաքացի և երկրորդ դեղաչափ՝ 133․31 քաղաքացի». Անահիտ Ավանեսյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում անցկացվում է աշխատանքային հանդիպում՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանի, Արա Զոհրաբյանի և «Ազատ կամք» նախաձեռնության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության թեմայով:

Անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն նախ նշեց, որ թեմայի վերաբերյալ որքան շատ տեղեկատվական հոսքեր ապահովեն՝ այնքան լավ, սակայն նաև պետք է հստակորեն սահմանեն, որ տեղեկատվության հոսքն ապահովվում է ճշմարտացիության սկզբունքից ելնելով։

«Երբ մենք ներկայացնում ենք այս պահին իրականացվող քաղաքականությունը, նախ պետք է ճիշտ ներկայացնենք և ներկայացնելիս փորձենք նաև մեր անձնական պատասխանատվության շրջանակը հստակ գիտակցել, որովհետև գործ ունենք մարդկային կյանքերի ու առողջության հետ»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ Հայաստանում մարտ ամսից սկսած արդեն իսկ աշխատանքներ են տարվել մարդկանց տեղեկատվության տրամադրման, հանրային արշավի պատվաստումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տրամադրման ուղղությամբ։

«Մենք վերջին համավարակն ունեցել ենք գրեթե 100 տարի առաջ և մարդիկ իրենց կյանքի ընթացքում շատ չեն առնչվել վարակիչ հիվանդությունների հետ։ Եթե մարտ ամսին պատվաստման նկատմամբ հակվածության ցուցանիշը 10 տոկոս էր, այսօր այդ ցուցանիշը 40 տոկոսից ավելին է։ Երեկ իրականացվել է 9924 պատվաստում, ընդհանուր առմամբ իրականացվել է 377․405 պատվաստում։ Առաջին դեղաչափ ստացել են 244․374 քաղաքացի և երկրորդ դեղաչափ ստացել է 133․31 քաղաքացի»,- նշեց նա։

Ըստ նրա, Հայաստանում պատվաստումային գործընթացը հապաղեց և հանրության մեջ առաջացավ ապատեղեկատվության, հակաքարոզչության, մանիպուլացիայի արդյունքում առաջացած իռացիոնալ վերաբերմունք, սակայն 4 ամիսների ընթացքում իրենց հաջողվել է հետ պտտել հակաքարոզչության անիվը, որի արդյունքում այսօր արդեն կա լավ ցուցանիշ։

«Այո, ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս իրականացնել նաև պարտադիր պատվաստումներ, բայց այս պահին մենք իրականացնում ենք համալիր հակահամաճարակային միջոցառումներ, որի շրջանակներում գոյություն ունեն մի շարք սահմանափակումներ։ Հայաստանում այս պահին ընդունված քաղաքականությունը համահունչ է աշխարհում կիրառվող ներկայիս քաղաքակնությունը, որը որոշ առումով շատ ավելի մեղմ է։ Արձանագրել ենք, որ Հայաստանը համավարակի դեմ պայքարի ընթացքում խստորեն պահպանել է օրինականության սկզբունքը, բոլոր սահմանափակումները բխել են օրենքից, դրանք եղել են իրավաչափ, անգամ մեր երկրում կիրառված քաղաքականությունը, մշակված օրենսդրական փաթեթները մենք պատրաստ ենք կիսվել այլ երկրների հետ՝ որպես մոդելային օրինակ»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս