
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարությունը:
Ուղերձում նշված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունների արդյունքները վկայում են երկրի քաղաքական ղեկավարության կողմից հետևողականորեն իրականացվող քաղաքական կուրսի հանդեպ Ռուսաստանի քաղաքացիների աջակցության մասին:
Մաղթում եմ Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրի, ռուս ժողովրդի բարգավաճմանը և բարեկեցությանն ուղղված բոլոր գաղափարների և հետագա նախագծերի իրականացում:
Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի և նոր գումարման Պետական դումայի սերտ համագործակցությունը կարևոր ներդրում կունենա հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խթանման գործում»: