Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել անվտանգությունը ԼՂ-ում ջրի խողովակաշարի տեղակայման և գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ժամանակ
Ռուս խաղաղապահները շարունակում են բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի իշխանություններին տեղի բնակիչների խնդիրները լուծելու հարցում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Հաղորդվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման մասնագետներն արձագանքել են Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի ղեկավարի խնդրանքին, որտեղ առանց խաղաղապահների կողմից անվտանգության ապահովման անհնար է սահմանազատման գծի մոտակայքում ջրային ուղիների տեղակայման ինժեներական աշխատանքներ իրականացնել:
«Այսօր ժամանել ենք Մաճկալաշեն բնակավայր՝ օգնություն ցուցաբերելու խողովակաշարի տեղակայման աշխատանքների իրականացման և բնակավայրում խմելու ջուր մատակարարելու սոցիալական հարցում: Տվյալ բնակավայրում խմելու ջրով կապահովվի ավելի քան 400 բնակիչ»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը:
Նշվում է, որ բոլոր հողային աշխատանքներն սկսելուց առաջ ռուս սակրավորները տեղանքի մաքրման աշխատանքներ են անում՝ ստուգելու պայթյունավտանգ առարկաների առկայությունը: