Այս ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը կորցնելով՝ մեծ հարվածի տակ ենք դնում և՛ տնտեսական, և՛ ռազմական անվտանգությունը. տնտեսագետներն արձագանքում են

Այսօր հայտնի դարձավ, որ Կապան-Գորիս ճանապարհին «գերի» մնացած իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել ճանապարհը, որովհետև ադրբեջանական անցակետն անցնելու համար նրանցից գումար են պահանջում:

Հիշեցնենք, որ դեռևս երկու օր առաջ տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանցի սահմանապահ ոստիկանները Որոտանում դրված իրենց անցակետում իրանական բեռնատար մեքենաներից գումար են պահանջում՝ ճանապարհի թույլտվության համար:

Իրան-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի տելեգրամյան պարսկերեն ալիքը տարածել էր անդորրագիրը, համաձայն որի՝ Հայաստանի տարածքում տեղակայված ադրբեջանցի ոստիկաններն իրանական բեռնատարի վարորդից գանձել են 221 մանեթ (մոտ 130 ԱՆ դոլար) գումար։

Նկատենք, որ ՀՀ ԱԱԾ-ն իրավիճակի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել՝ մասնավորապես նշելով, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշերով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.amի հետ զրույցում վստահեցրեց՝ իրավիճակի երկարաժամկետ լուծումը «Հյուսիս-Հարավի» լիարժեք կառուցումն է:

«Հայաստան-Իրան ճանապարհը երեսուն տարիների ընթացքում մշտապես բաց է եղել. մենք  երբեք խնդիր չենք ունեցել բեռնափոխադրումներ կազմակերպելու հարցում՝ հաշվի առնելով նաև այն, որ ինչպես 90-ականներին, այնպես էլ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Իրանը եղել է մեր  ռազմական նշանակության ապրանքների տեղափոխման հիմնական ուղղությունը, քանի որ Վրաստանն ինչպես 1990-ականներին, այնպես էլ վերջին պատերազմի ժամանակ փակել էր ռազմական նշանակության զենք-զինամթերքի մատակարարումը դեպի Հայաստան:

Մենք այս ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը կորցնելով, ըստ էության,  մեծ հարվածի տակ ենք դնում և՛ տնտեսական, և՛ ռազմական անվտանգությունը»:

Տնտեագետը հիշեցնում է, որ Իրանի հետ ունենք տարեկան շուրջ 410 միլիոն դոլարի շրջանառություն. 320 միլիոն դոլարի ներկրում, 90 միլոն դոլարի  արտահանում, իսկ այս ճանապարհի առանց խնդիրների շահագործման խաթարումը հարվածի տակ է դնում փոխադարձ տնտեսական հարաբերությունները.

«Արտահանում ենք հիմնականում էլեկտրաէներգիա, ինչը կախված չէ այդ ճանապարհից, սակայն ներկրվող ապրանքների դեպքում՝ ապրանքների 80 տոկոսը փոխադրվում է այդ ճանապահով: Նշեմ, որ փոխադրվում են ոչ միայն Իրանից ներկրվող ապրանքներ կամ դեպի Իրան արտահանվող ապրանքներ, այլ ասիական երկրներ, Արաբական Էմիրություններ և այլն: Այդ ճանապարհն ապահովում է մեր բեռնափոխադրումների մոտ 30 տոկոսը»:

Տնտեսագետը չի բացառում, որ ադրբեջանական սադրանքները մի օր կթիրախավորեն նաև հայկական բեռնատարները:

Թե որո՞նք են լինելու տնտեսական կոնկրետ հետևանքները, և թե ի՞նչ լուծումներ է տեսնում այս իրավիճակում՝ հարցերին ի պատասխան՝ Սուրեն Պարսյանն ասաց.

«Մենք պետք է հասկանանք, որ եթե իրանական բեռնատարների նկատմամբ կիրառվելու է կրկնակի հարկում (այսինքն՝ բեռանփոխադրողները, մտնելով ՀՀ սահման, վճարում են ճանապարհային հարկ, ևս մեկ անգամ էլ  Ադրբեջանի այդ 21 կիլոմետրանոց վերահսկողության տակ գտնվող հատված մտնելու համար են վճարում), բնականաբար, տրանսպորտային ծախսերը թանկանալու են: Նրանք վերանայելու են բեռնափոխադրման ծախսերը և դրանով պայմանավորված՝  ներկրվող ապրանքների գները թանկանալու են: Սա շղթա է, որը տեղի է ունենալու ուշ թե շուտ:

Այս իրավիճակից դուրս գալու երկարաժամկետ լուծումը կլինի «Հյուսիս-Հարավ»-ի կառուցումը, բայց այս ճանապարհի կառուցման համար լուրջ աշխատանքներ և ռեսուրսներ են պետք. հայկական կողմը, ցավոք, չունի կարողություններ նման խոշորածավալ նախագիծ իրականացնելու համար»:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այս իրավիճակին արձագանքելով՝ նկատեց. «Այս իշխանությունները համոզված են, որ տարածաշրջանում ազդեցության ոլորտը պետք է գտնվի թուրքերի ձեռքում, և դրանով պայմանավորված՝ տեղի են ունեցել թե՛ նոյեմբերի 9-ը, թե՛ հունվարի 11-ը և այլն: Երկիրը հանձնված է, և Թուրքիան աստիճանաբար պետք է իր ազդեցությունը մեծացնի»:

Տնտեսագետը թեև շեշտում է, որ տեղի ունեցողը հարվածելու է Իրանին, սակայն կարծում է՝ իրանական արձագանքը կուշանա.

«ԻԻՀ-ն այս պահին դեռևս կսպասի իր անհանգստությունն արտահայտելու ձևեր գտնելուն, քանի որ, եթե այս տարածքը կոչվում է ՀՀ տարածք, դրա վերաբերյալ նախ Հայաստանը պետք է ձայն հանի, իսկ Հայաստանը մինչև հիմա լռում է: Իսկ թե ինչու՝ որովհետև դրանք արդեն հանձնված են  թշնամուն:

Բոլոր պարագաներում այստեղ հետին հարց են մնում տնտեսական հարաբերությունները. ի՞նչ տնտեսական հարաբերություններ, եթե քո երկրում բոլոր հարաբերությունները կարգավորում է մի այլ երկիր՝ թշնամի երկիրը: Այս պայմանների պարագայում չխոսենք նաև գնաճի մասին, ինչը, բնականաբար, անխուսափելի է»:

Տեսանյութեր

Լրահոս