Կգործի՞ արդյոք ՔԿԾ նորանշանակ պետի «պողպատե մանդատը»՝ բացահայտելու համար Գոյունյանի օրոք եղած առերևույթ կոռուպցիոն երևույթները

Եվ այսպես, ուղիղ 12 օր թափուր մնալուց հետո զբաղեցվեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնը: Նոր պետը 35-ամյա նախկին իմքայլական պատգամավոր Սերգեյ Ատովմյանն է, 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ, արդարադատության կապիտան, արդարադատության առաջին դասի խորհրդական:

Ուշագրավ է, որ նախկինում գեներալական պաշտոն համարվող ՔԿԾ պետի պաշտոնն իջեցվել է կապիտանի պաշտոնավարման մակարդակի՝ դրանից բխող բոլոր հնարավոր հետևանքներով:

Հետաքրքիր է, որ երբ նախորդ ամսվա վերջին ՔԿԾ պետի տեղակալի պաշտոնում նշանակվեց պատկառելի կենսագրությամբ 39-ամյա քննիչ Թադևոս Նալբանդյանը, ով ՔԿԾ էր եկել՝ թողնելով Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի պաշտոնը, ակտիվորեն խոսակցություններ շրջանառվեցին, որ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի մտերիմը շուտով կնշանակվի ՔԿԾ պետի պաշտոնում:

Չստացվեց, իսկ հիմա, երբ ՔԿԾ-ն արդեն նոր պետ ունի, Թադևոս Նալբանդյանը, ըստ ամենայնի, կնշանակվի Ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնում՝ փոխարինելով իր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ սկանդալային պատմություններով հայտնի Արտակ Հարությունյանին: Այդ նշանակմամբ հընթացս կշահեն Կարեն Անդրեասյանի սիրտը, ով, ասում են՝ անգամ տեղյակ չի եղել, թե ով է նշանակվելու իր ենթակայության տակ գործող առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, հատկապես որ, առողջական խնդիրներով պայմանավորված՝ վերջինս հիմա աշխատանքի վայրում էլ չի լինելու մի որոշ ժամանակ:

Կարեն Անդրեասյանը, ի դեպ, դեմ չէր ՔԿԾ նախկին պետ Արթուր Գոյունյանին թողնել իր զբաղեցրած պաշտոնում, ինչով նաև վարձահատույց կլիներ նախկին նախարար, ներկայիս ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, ով, ըստ 168.am-ին հասած տեղեկությունների, քիչ ջանքեր չի գործադրել Կարեն Անդրեասյանին այդ պաշտոնում նշանակելու հարցում: Արթուր Գոյունյանը Ռուստամ Բադասյանի համակուրսեցու հայրն է ու ընկերոջ աները, իր համար վստահելի անձ, սակայն Նիկոլ Փաշինյանը կտրականապես դեմ է եղել Գոյունյանի վերանշանակմանը:

Թե ինչ դեր է ունեցել այդ հարցում ՀՔԾ նախկին պետ, այսօր արդեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակված Սասուն Խաչատրյանը, ինչո՞ւ են Արթուր Գոյունյանն ու Արտակ Հարությունյանը հայտնվել իրավապահների հետաքրքրության տիրույթում, կգրենք հաջորդիվ, այս պահին նշենք միայն, որ չեղարկվել է նաև Արթուր Գոյունյանի՝ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվելը:

Հիմա առավել հետաքրքիր է, թե պաշտոնավարման ինչ քաղաքականություն կորդեգրի նորանշանակ պետ Սերգեյ Ատովմյանը, կազատվի՞ արդյոք Գոյունյանի օրոք համակարգը լցված դատախազներից ու քննիչներից, թե՞ ոչ, կկատարի՞ արդյոք սև ու սպիտակի, իմ ու քո-ի բաժանումներ, ո՞ւմ կստիպի պատվաստվել և կշարունակի՞ արդյոք նախկին գործելաոճը՝ պարգևատրումներից ու հավելավճարներից չպատվաստված աշխատակիցներին զրկելու առումով:

Վերջինը կամայական պնդում կամ վարկած չէ. բազմիցս են մամուլում տեղեկություններ հրապարակվել, որ հատկապես պետական գերատեսչություններում աշխատակիցներին ստիպում են պատվաստվել, հակառակ դեպքում օգտագործում են տարբեր գործիքներ աշխատակիցներին պատվաստվել ստիպելու համար, այդ թվում նաև՝ զրկելով պարգևավճարներից։

168.am-ը դեռևս Արթուր Գոյունյանի պաշտոնավարման օրոք հարց էր ուղղել ՔԿԾ-ին: Խնդրել էինք պատասխանել, թե 2021 թվականի մայիս, հունիս և հուլիս ամիսներին որքա՞ն քրեակատարողական ծառայողներ, այդ թվում՝ նաև քաղծառայողներ են ստացել հավելավճար և պարգևավճար, և եթե չեն ստացել, ապա ո՞ր օրենքով կամ հիմնավորմամբ չեն ստացել: Խնդրել էինք նաև տեղեկությունը տրամադրել ըստ ամիսների:

Մեր հարցմանն ի պատասխան՝ Քրեակատարողական ծառայությունից հայտնել էին, որ մայիս ամսին չի պարգևատրվել 95 անձ, հունիսին՝ 90, իսկ հուլիսին` 701 ծառայող (աշխատակից)։ Ավելին,ներկայացրել էին նաև զավեշտալի մեկնաբանություն. Քրեակատարողական ծառայության համակարգում պարգևատրումները տրվում են բացառապես տվյալ ամսվա ընթացքում կատարած աշխատանքի արդյունքների դիմաց, իսկ 2021 թվականին մեր կողմից նշված ամիսներին բոլոր ծառայողներին տրվել են հավելումներ ըստ ծառայության փաստացի օրերի հաշվարկի։

Ծառայությունում դատախազական ձեռագրին հարիր ոճով խուսափել էին կոնկրետ պատասխանել, սակայն ըստ էության հաստատել էին, որ չպատվաստված անձինք պարգևավճարներ չեն ստացել, ինչի մասին նաև բարձրաձայնել են չպատվաստված քաղաքացիները։

Նույն հարցման մեջ մենք նաև հերթական հարցերն էինք ուղղել՝ կապված ՔԿԾ-ում և հիմնարկներում ընթացող անվերջանալի շինարարության հետ:

168.am-ը բազմիցս է անդրադարձել Քրեակատարողական ծառայությունում անընդհատ ընթացող շինարարական աշխատանքներին, որի արդյունքում հարյուրավոր միլիոն դրամներ են ծախսվե՞լ, թե՞ վատնվել, թող որոշեն իրավապահ մարմինները:

Ամեն դեպքում, ՔԿԾ աշխատակիցների պնդմամբ, դրանց արդյունքում շահեց Ծառայության նախկին պետ Արթուր Գոյունյանը. բավականին լայն թափով ընթացան վերջինիս սեփական առանձնատան աշխատանքները, այդ ընթացքում ծառայողական մեքենաների օպերատիվ համարները հիմնականում օգտագործվեցին անձնական նպատակների համար, այդ թվում նաև՝ առաջին տեղակալ Արտակ Հարությունյանին սպասարկող պետական մեքենան, որն այդպես էլ գեթ մեկ օր չկայանեց Քրեակատարողական ծառայության կենտրոնական շենքում, այնինչ պետի առաջին տեղակալը ողջ օրը, ավելի ճիշտ՝ 24 ժամ «բնակվում էր» Ծառայությունում: Ծառայությունում արձանագրված ու դրանց մասին բարձրաձայնված տարբեր կասկածելի իրավիճակներին այդպես էլ կարծես թե ոչ մի արձագանք չեղավ պետական համապատասխան մարմիններից։

Ինչևէ, ՔԿԾ-ին ուղղված մեր հարցմամբ ցանկացել էինք նաև տեղեկանալ՝ ո՞ր կազմակերպությունն է հայտարարված մրցույթում հաղթել և իրականացրել «Նուբարաշեն» քկհ-ի նկուղային հարկի, երկարատև տեսակցության սենյակների և հիմնարկի վարչական շենքում գտնվող դալիճի վերանորոգման աշխատանքները։ Ո՞ր կազմակերպությունն է հաղթել «Նուբարաշեն» քկհ-ի դահլիճի գույքի ձեռքբերման մրցույթում, և ի՞նչ գնով է մատակարարել գույքը:

Մեր հարցրին շատ կոնկրետ և հակիրճ էին պատասխանել։ Այժմ չենք ուզում անդրադառնալ այդ թվերին և իրականացված աշխատանքներին, ինչը թղթային տարբերակով ևս միգուցե հավուր պատշաճի ներկայացրել են ՀՀ կառավարությանը։ Ըստ պատասխանի՝ աշխատանքներն իրականացրել է «ՍՈՒԲԱՇԻՆ» ՍՊԸ-ն։ Պարզվում է, որ այն գրանցվել է 2019 թվականին, հիմնադիրը Ներսես Կռունկյանն է: Մենք ոչինչ չենք ուզում պնդել, սակայն արդյո՞ք կասկածելի չէ, որ նոր գրանցված ՍՊԸ-ն (Արթուր Գոյունյանը ծառայության պետ է նշանակվել 2019թ.) միանգամից այդպիսի գնման մրցույթների է մասնակցում և հաղթող ճանաչվում: Ավելին, ըստ հավաստի տեղեկությունների, այդ «հաղթանակների» մեջ լուրջ դերակատարում ունեն «ՍՈՒԲԱՇԻՆ» ՍՊԸ-ի և Ծառայության կենտրոնական մարմնում բավականին ազդեցիկ մի պաշտոնյայի ջերմ ընկերական կապերը:

«ՍՈԻԲԱՇԻՆ» ՍՊԸ-ն, ի դեպ, առաջին անգամ չէ, որ շինարարական աշխատանքներ է իրականացնում քրեակատարողական հիմնարկներում:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մեր աղբյուրները նշում են՝ հիմնարկի ակումբի տանիքի օգտագործված թիթեղներով վերանորոգմամբ կարելի էր բավարարվել, որպեսզի ջրերը չլցվեին դահլիճ, իսկ մնացած գումարն էլ ավելի կարևոր տեղ կարելի էր ուղղել, օրինակ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի՝ կորոնավիրուսի բուժման համար նախատեսված կարանտինային մասնաշենքի վերանորոգմանը, որի անմարդկային պայմաններին անդրադարձավ նաև Մարդու իրավունքների պաշտպանը:

Ծառայությունից պատասխանել էին նաև, որ հիմնարկի ակումբի կահավորման համար 2020 և 2021 թվականներին գույքի ձեռքբերման համար գնման ընթացակարգ չի կազմակերպվել, բայց հավանաբար «մոռացել» էին նշել, որ այդ գույքը ձեռք է բերվել 2019 թվականին, երբ Արթուր Գոյունյանը հանձնարարել էր վերանորոգել Ծառայության կենտրոնական մարմնի դահլիճը, և ավել ձեռք բերված նստարաններն էլ հետագայում տեղադրել էին «Նուբարաշենի» ակումբում, որն առ այսօր չի օգտագործվում, և ըստ հիմնարկի ծառայողների՝ այդպես էլ չհասկացան դրա իմաստը: Փոխարենն ավելի կարևոր հարցեր կային լուծելու, այդ թվում՝ նաև աշխատակիցների աշխատանքային պայմանները բարելավելու համար։

Սրանք Ծառայության նախկին ղեկավարության «աշխատանքի» միայն մի քանի դրվագներ էին, բազմաթիվ այլ դեպքերի ու չարաշահումների մասին գրել ենք այլ առիթներով:

Ամեն դեպքում ՔԿԾ-ն նորանշանակ պետ ունի, և շուտով պարզ կլինի՝ կունենա՞ վերջինս «պողպատե մանդատ» և ցանկություն՝ բացահայտելու համար վերջին երկու տարում Ծառայությունում իրականացված շինարարական աշխատանքների, գնման ընթացակարգերի, հաստիքների նշանակման և այլ ուշագրավ մանրամասներ: Մի բան, որն անում էր Արթուր Գոյունյանը, երբ դեռ նոր նշանակված՝ թղթապանակներով հաղորդումներ էր ներկայացնում նախկին ղեկավարների դեմ:

Տեսանյութեր

Լրահոս