Եթե մարմիններն առանձին-առանձին մտնեն, ստուգեն՝ ռեսուրսի ապարդյուն վատնում է. Բաբկեն Պիպոյանը՝ միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ ուժեղացված վերահսկողության մասին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2021թ. սեպտեմբերի 15-ից սկսելու է սպանդանոցներում, իրացման ցանցում և հանրային սննդի կետերում իրացվող թարմ միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ ուժեղացված վերահսկողություն՝ օգտվելով գործառույթներով վերապահված իր ողջ գործիքակազմից:
ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ կենդանական ծագման սննդամթերքն ունի բարձր ռիսկ, և շղթայի բոլոր փուլերում վերահսկողությունն ուժեղացնելով՝ Տեսչական մարմինը նպատակ ունի սպառողներին ապահովել առավել որակյալ ու անվտանգ մթերքով՝ զերծ պահելով հնարավոր հիվանդություններից:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այսկերպ, օրինակ, հնարավոր կլինի՞ պարզել, թե հանրային սննդի կետում միսը որքան ժամանակ է սառցախցիկում պահվում՝ մեկ ամի՞ս, թե՞ մեկ տարի։ Ի պատասխան՝ նա ասաց․
«Ըստ էության, թղթի ստուգումը միանշանակ արժե, բայց արդյո՞ք միայն դրանով կարող ենք պարզել ապրանքի որակը, անվտանգությունը, միանշանակ՝ կարող եմ պնդել, որ ոչ: Երբ ներդրվում էր սպանդանոցային մորթը, ինքս հանդիպել եմ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Էկոնոմիկայի, ՊԵԿ նախարարների, ՏՄՊՊՀ նախագահի, ՍԱՏՄ ղեկավարի հետ, որովհետև հասկանում էի, որ մի մարմնի գործառույթների շրջանակներում այս խնդիրը բացահայտել՝ տեսականորեն հնարավոր չէ, որովհետև, եթե դու առնվազն հարկային մուտքերին և ելքերին չես տիրապետում, այսինքն՝ ինչքան է մտել, վաճառվել, փաթեթավորվել:
Այսինքն, կարևոր է փաստաթղթաշրջանառությամբ նաև ծավալները հասկանալ: Օրինակ, 5 կգ սպանդանոցային ծագման միս է գնում, մտնում ես՝ ցույց է տալիս, որ սպանդանոցային ծագման միս ունի, բայց իրականում բացի սա՝ 6 կգ էլ ոչ սպանդանոցային միս է գնում: Ես առաջարկում էի այն, որ ինչպես գազալցակայաններն էին ստուգվում տարբեր հանձնաժողովներով, այս դեպքում ևս այդպես պետք է լինի, հանձնաժողովում պետք է միասնական ներգրավվածություն ունենան ու խնդիրը կարգավորեն: Սակայն, եթե մարմիններն առանձին-առանձին մտնեն, ստուգեն՝ ռեսուրսի ապարդյուն վատնում է»:
Բաբկեն Պիպոյանին հետաքրքրում է՝ մտնում են մսի խանութ՝ մսի թարմությո՞ւնը, դիմա՞կը, թե՞ ամեն ինչ նայելու համար:
«Այսինքն, եթե շրջայց ենք իրականացնում պատկերի համար՝ դա մի բան է, այլ է, երբ մոնիտորինգ ենք անում, որ հաջորդի ստուգումը լինի խստացված, սա արդեն այլ հարց է: Օրինակ, ես այն կարծիքն ունեմ, որ սննդամթերքի շուկայում պետք է լայնածավալ աշխատանքներ իրականացնել, որ առնվազն երկու տարի՝ սկսած սանիտարահիգիենիկ վիճակից, վերջացրած փաստաթղթայինը, մենք իմանանք, որ գոնե X կամ Y հատվածներում համակարգային խնդիրը լուծված է: Իսկ եթե այս մեթոդաբանությամբ ստուգում չենք իրականացնում՝ կմտնենք, կտուգանենք, դուրս կգանք, 5 օր հետո նույն խնդիրը կկրկնվի:
Վերցնենք մսամթերք արտադրող ձեռնարկությունը. եթե մենք մտնենք այնտեղ, նմուշ վերցնենք, տանենք պետության հաշվին փորձաքննենք, ստացվելու է՝ պետությունը ծախսում է 600.000 դրամ, բայց առավելագույնը 300.000 դրամ տուգանք է կիրառում: Ու եթե քո պատժելու միջոցը տուգանքն է, և ոչ կարգավորումը և այլ պատժաձևերը, դու չես ծախսելու ավելի շատ փող՝ քիչ գումարով տուգանելու համար: Եթե քո սանկցիոն գործիքը վարչականն է, դու պետք է այնպես անես, որ այդ վարչականից ավելի ծախս արած չունենաս: Համակարգված աշխատել է պետք, և մսամթերքի շուկայում առաջին լայնածավալ աշխատանքը պետք է իրականացնի մի քանի գերատեսչություն՝ արդյունավետ լինելու համար. դրանք են՝ ՊԵԿ-ը, ՏՄՊՊՀ-ն, ՍԱՏՄ-ն: Էկոնոմիկայի նախարարությունն էլ պետք է այնպես անի, որ այդ գործողության արդյունքում տնտեսությունը չտուժի, որպեսզի ամեն ինչ բալանսավորված լինի»,- եզրափակեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը: