Սա ավելի շատ բարոյական խնդիր է. Ազգային արխիվի նախկին տնօրենը՝ պաշտոնը վերականգնելու մասին

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հունիսի 22-ին մերժեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը և ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2020թ. հունվարի 15-ի վճիռը թողեց անփոփոխ, ինչը ենթադրում է, որ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի  նախկին պաշտոնում:

«Ինչպես և մտածում էի՝ որոշումը ուժի մեջ մտնելուց հետո հնարավոր է՝ կրկին բողոքարկեին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումն ու արդեն դիմեին ՀՀ Վճռաբեկ դատարան, այդպես էլ եղավ»,- մեզ հետ զրույցում ասաց Ամատունի Վիրաբյանը՝ հավելելով, որ հարցը կլուծվի առաջիկա երեք ամսվա ընթացքում:

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ, ի վերջո, վերականգնվի նախկին պաշտոնում, երբ  արդեն թոշակային տարիքի է, այս դեպքում ի՞նչ է լինելու, Ամատունի Վիրաբյանը պատասխանեց.

«Հա, դրա համար էլ ավելի շատ սա բարոյական խնդիր է»:

Ազգային արխիվի նախկին տնօրենը տեղեկացրեց, որ այս ընթացքում շարունակում է իր գիտական գործունեությունը, ամբիոնի վարիչ է:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Լիզա Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել էր Ամատունի Վիրաբյանի պահանջը՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու վերաբերյալ: Վերոնշյալ հրամանը ճանաչվել էր անվավեր: Դատարանը վճռել էր վերականգնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության նախկին տնօրենին իր պաշտոնում, ինչպես նաև՝ պատասխանող ՀՀ արդարադատության նախարարությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ գումար՝ որպես պետական տուրք, պատասխանող ՀՀ արդարադատության նախարարությունից հօգուտ հայցվոր Ամատունի Վիրաբյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Միևնույն ժամանակ, ՀՀ ՔԿ Արաբկիրի քննչական բաժնում կարճվել էր նաև պարոն Վիրաբյանի նկատմամբ 14․08․2020թ․ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Նշենք, որ 2021թ. հունվարի 21-ին հայտնի դարձավ, որ Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ, որով բավարարվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի ներկայացրած հայցը:

Արդարադատության նախարարությունը ստացված մի շարք դիմում-բողոքների հիմքով ուսումնասիրություն էր սկսել՝ ՊՈԱԿ-ի գործունեության օրինականությունը ստուգելու նպատակով, և դրա շրջանակում հարցում կատարել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ՊՈԱԿ-ում իրականացված հարկային ստուգումների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։ Ստացված տեղեկության համաձայն՝ «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հաշվապահական հաշվառումը վարել է այնպիսի խախտումներով, որոնք առաջացրել են հարկի նվազեցում, որի արդյունքում հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարվել։ Վերոգրյալը հիմք ընդունելով և ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի «ժբ» ենթակետով, ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանի լիազորությունները դադարեցվել են, և լուծվել է նրա հետ 2015 թվականի նոյեմբերի 27-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»։

2020թ. սեպտեմբերի 10-ին Ամատունի Վիրաբյանը մամլո ասուլիսի ժամանակ խոսելով իրեն պաշտոնից ազատելու մասին՝ ասել էր. «Ես ինձ համար երկու օր էի ընտրել՝ պատվով, հարգանքով Արխիվի տնօրենի պաշտոնից հեռանալու, դա կամ այս տարվա նոյեմբերի 27-ն էր, երբ լրանում էր իմ պայմանագիրը, կամ էլ հաջորդ տարվա օգոստոսի 17-ը, երբ իմ 65-ամյակը կլրանար, եթե երկարաձգեին պայմանագիրը: Սակայն սեպտեմբերի 7-ին Արդարադատության նախարարը հրաման է արձակել, որով ինձ Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի ԺԲ ենթակետով ազատել է աշխատանքից:

Ենթակետը նշանակում է՝ պետական կազմակերպության կողմից վճարման ենթակա հարկերը կամ պարտադիր այլ վճարներն իր մեղքով սահմանված ժամկետի հետ հաշվետու ժամանակաշրջանում չի վճարել: Եթե այս տրամաբանությանը հետևենք, ապա մինչև 2019թ. աշխատած ՊՈԱԿ-ների բոլոր տնօրենները պետք է հեռացվեն, որովհետև օրենքը սահմանել է, որ ՊՈԱԿ-ները պետք է ԱԱՀ-ն վճարեն, սակայն բյուջեով այդ գումարը չի նախատեսվել:

2019թ. հունվարի մեկից նոր նախատեսվել է, և մեր բյուջեն ավելացրին 20 տոկոսով, որը ստանում և հարկը փոխանցում ենք: Խնդիր առաջացավ այն ժամանակ, երբ ՊԵԿ-ից գալիս էին ստուգման, և այն ՊՈԱԿ-ը, որտեղ ստուգել են, այս խնդիրն առաջացել է ու կառաջանա այնտեղ, որտեղ այս պահին ստուգում լինի: Եթե այս տրամաբանությամբ մտածենք, ապա ՊՈԱԿ-ների բոլոր տնօրենները պետք է աշխատանքից ազատվեն, սակայն ոչ մեկը չի ազատվել, բացի ինձանից»,- մանրամասնել էր Ամատունի Վիրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս