Աղախինը ՊԵԿ-ի աշխատակցի տանից գումար է տարել
Երեկ` դեկտեմբերի 21-ին, Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել Քանաքեռ ՀԷԿ-ի Ղափանցյան փողոցի բնակիչ 40-ամյա Հռիփսիմե Հարությունյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Հարությունյանը, ով զբաղվում է բնակարանների մաքրությամբ, այս տարվա մայիսից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում մաքրման աշխատանքներ է կատարել Նորք-Մարաշ 7-րդ փողոցի տներից մեկում, որտեղից էլ գողացել է 1100 ԱՄՆ դոլար և 9000 դրամ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված տունը պատկանում է ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկատուների սպասարկման օպերատիվ բաժնի գլխավոր օպերլիազոր 38-ամյա Արման Մարգարյանին:
Վերջինս կատարվածի մասին նախկինում չի հայտնել իրավապահ մարմիններին, իսկ Հ. Հարությունյանը նրա տանը աշխատել է որպես աղախին: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: