Մալաթիայի շուկայի դիմաց Toyota Camry-ում պայթյուն է առաջացել․ 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր, օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Րաֆֆու և Սեբաստիա փողոցների խաչմերուկում պայթյուն է տեղի ունեցել Toyota Camry մակնիշի 08 SG 088 համարանիշի ավտոմեքենայում։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Մինչ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների ժամանումը, վիրավորներին տեղում առաջին օգնություն է ցուցաբերել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի, 2-րդ վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։ Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չկայանեն ավտոմեքենաները դեպքի վայրում։
Դեպքի մասին տեղեկացվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանը, ում հանձնարարականով՝ ժամանում է նույն բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչը։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։