Իվանիշվիլին հրաժարվո՞ւմ է Հայաստանը շրջանցող երկաթգծից. մամուլ
««Բաքու-Թբիլիսի-Ախալքալւսկ-Կարս» երկաթգծի կառուցումն ինձ մոտ, մեղմ ասած, որոշակի հարցերի տեղիք է տալիս: Հնարավոր է, որ ես ստիպված լինեմ տվյալ հարցը բարձրացնել Ադրբեջան կատարելիք իմ առաջիկա այցի (դեկտեմբերի 26-ին) ժամանակ և մեր բարեկամ երկրին շատ նրբորեն բացատրեմ, որ ինչ-որ փուլում այդ գործընթացը կարող է մեզ շահեկան չլինել, և վերանայման անհրաժեշտություն լինի»,- երեկ «Ռեզոնանսի» պարբերականին տված հարցազրույցում նման սենսացիոն հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Վերջինս նաև նշել է, որ դա անելը հեշտ չի լինի, քանի որ երկաթգծի շինարարությունն ընթացքի մեջ է: «Այդ բոլոր հարցերը մինչ շինարարությունն սկսելն էր պետք մի լավ վերլուծել, և պետք էր այդ գործընթացին ներգրավել փորձագետների,֊ ասել է Իվանիշվիլին, ապա հավելել,- մի կողմից մեր կառավարությունը պետք է հարգանքով վերաբերվի հարևաններին ու այն պարտավորություններին, որոնք ստանձնել է նախկին կառավարությունը, սակայն, մյուս կողմից էլ` հարցեր կան, և այդ հարցերին պատասխաններ են պետք»:
Վարչապետի խոսքով, Վրաստանը հետաքրքիր աշխարհաքաղաքական դիրք ունի, որն անհրաժեշտ է առավելագույնս արդյունավետ օգտագործել: «Մենք շատ ենք աշխատել այդ ուղղությամբ: Այդ նպատակին է ծառայում նաև իմ այցը Ադրբեջան, որից հետո ես պատրաստվում եմ մեկնել Հայաստան, ապա Թուրքիա»,- եզրափակել է Իվանիշվիլին:
Վարչապետի այս հայտարարությունը հիմք է տվել ենթադրելու, որ Վրաստանը պատրաստվում է հրաժարվել երկաթգծի կառուցումից, որը շրջանցում է Հայաստանը: Այս կապակցությամբ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին երեկ նույնիսկ հայտարարել է, թե ԲԹԱԿ-ից հրաժարվելը Վրաստանը կդարձնի Ռուսաստանի գերին: Սաակաշվիլիին նաև զայրացրել է Իվանիշվիլիի մտադրությունը` հրաժարվել Ադրբեջանից ներկրվող էլեկտրաէներգիայից` փոխարինելով ռուսականով»: