Դավիթ Հարությունյանը պաշտպանել է ԲՀԿ ներկայացուցչին
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ Էթիկայի հանձնաժողովը վարույթ է ընդունել ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի հարցը:
Հանձնաժողովում բավականին հետաքրքիր քվեարկություն է տեղի ունեցել: Պարզ է, որ ԲՀԿ-ականի հարցը վարույթ ընդգրկելուն հանձնաժողովում ԲՀԿ ներկայացուցիչ Վահան Բաբայանը պետք է դեմ քվեարկեր: Բայց պարզվում է, որ ԲՀԿ դիրքորոշումը պաշտպանել է նաև ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, ով ևս դեմ է քվեարկել` այդպիսով իր աջակցությունը հայտնելով ԲՀԿ-ական պատգամավորին:
Բայց Մելքումյանի հարցն օրակարգ է մտել ՕԵԿ ներկայացուցիչ Հովհանես Մարգարյանի ձեռնպահ քվեարկության արդյունքում: ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը և ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը կողմ են քվեարկել Մելքումյանի հարցն Էթիկայի հանձնաժողովի վարույթ ընդգրկելուն, և արդյունքում՝ ստացվել է երեք կողմ, երկու դեմ և մեկ ձեռնպահ: Ավելացնենք, որ հայտնի միջադեպից հետո Միքայել Մելքումյանը ոչ միայն չի գնում ԱԺ, այլև անհասանելի է դարձել իր կուսակիցների համար: