Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանն
Պաշտոնական Երևանը հակադարձում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ շեշտելով, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով ընդունված հայտարարությունների ամբողջական կատարմանը խոչընդոտում է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմը, մասնավորապես, խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին և 7-րդ կետերը ու մինչ օրս չի կատարել հայտարարության 8-րդ կետը, որի համաձայն պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակումը։
Արտգործնախարարությունից նշել են, որ Ադրբեջանի կողմից ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձման գործընթացի ամբողջական ավարտը կարող է կառուցողական միջավայր ստեղծել նոյեմբերի 9-ի հայտարարության հետևողական իրականացման մասով։
Հարց. Սերբիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին մեղադրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման հարցում խոչընդոտներ հարուցելու մեջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս պնդումը։
Պատասխան. 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը դիտարկելիս պետք է առաջնորդվել հստակ փաստերով և ոչ թե այդ հայտարարությունների յուրովի մեկնաբանմամբ։ Իսկ փաստերը հետևյալն են.
Հայտարարության ստորագրումից մեկ ամիս հետո ադրբեջանական զորամիավորումները խախտել են հայտարարության 1-ին կետը, որի համաձայն կողմերը պետք է մնային իրենց դիրքերում, և հարձակում են սկսել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում զավթել են այդ բնակավայրերը, սպանել և գերեվարել հայ զինծառայողներին։
Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը չի կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, որի համաձայն պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակումը։ Ավելին, հայ ռազմագերիները ենթարկվում են քրեական հետապնդման, ինչը նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։
Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ից սկսած ներթափանցել են և շարունակում են գտնվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Հարկ է նշել, որ ադրբեջանական զորամիավորումները ներթափանցել են Հայաստանի Հանրապետություն այն տարածքներից, որի հանդեպ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման հետևանքով։ Այսինքն՝ հայտարարությունն իրականացնելու հայկական կողմի կառուցողական մոտեցմանը Ադրբեջանը հակադրել է Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություն իրականացնելու՝ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը խաթարելու քաղաքականություն։ Այն փաստը, որ ադրբեջանական զորամիավորումները գտնվում են Հայաստանի տարածքում, ըստ էության, ընդունել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով, որ «Զանգեզուրը մեր նախնիների հողն է»։
Վերջին շրջանում Ադրբեջանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի տարածքային միավոր լինելու ժխտման հայտարարություններով, ինչն իր հերթին խախտում է հայտարարության 7-րդ կետը, որտեղ կողմերը, այդ թվում Ադրբեջանը համաձայնվել է «Լեռնային Ղարաբաղի տարածք» եզրույթին։
Ապաշրջափակման հետ կապված՝ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման հարցում Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական: Ցավոք, Հայաստանի նման կառուցողական մոտեցումը ադրբեջանական կողմը հանրային պաշտոնական հայտարարություններով հետևողականորեն շահարկել և փորձել է շրջանառության մեջ դնել «միջանցքի բացման» գաղափարը, ինչն անընդունելի է և ամբողջովին աղավաղում է եռակողմ հայտարարությունների բովանդակությունը և նպատակը: Հատկանշական է, որ այս շահարկումներին զուգընթաց Ադրբեջանը մի կողմից տարածքային և պատմական կեղծ պահանջներ է առաջադրել Հայաստանին, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանական զորամիավորումները ներթափանցել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։
Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, որ Հայաստանը չի օգնում Ադրբեջանին ականազերծել հակամարտության գոտու տարածքները, ապա պետք է ընդգծել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի պարունակում ականազերծման ուղղությամբ կողմերի միջև համագործակցության որևէ դրույթ։ Ավելորդ չէ վերհիշել, որ Ադրբեջանը ավանդապես հանդես է եկել այս ուղղությամբ ՀՀ և Արցախի հետ որևէ համագործակցության հնարավորության դեմ։ Ավելին, 2017 թ. Ադրբեջանի ջանքերով փակվել է ԵԱՀԿ-ի Երևանի գրասենյակը այն հիմնավորմամբ, որ ԵԱՀԿ այդ կառույցը զբաղվում էր մարդասիրական ականազերծման ծրագրով։
Չունենալով ականազերծման ուղղությամբ համագործակցելու որևէ հանձնառություն՝ հայկական կողմը, այնուհանդերձ, երրորդ կողմերի միջոցով տեղեկություններ է տրամադրել Ադրբեջանին՝ որպես բարի կամքի դրսևորում։
Ադրբեջանի կողմից ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձման գործընթացի ամբողջական ավարտը կարող է կառուցողական միջավայր ստեղծել նոյեմբերի 9-ի հայտարարության հետևողական իրականացման մասով։