Բաժիններ՝

Խրախճանք` համաճարակի ժամանա՞կ. մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցում­ներով դիմել էր նախագահի աշխատակազմին, Ազ­գային ժողովին և բոլոր նախարարություններին` փոր­ձելով պարզել, թե պաշտոնական հանդիպումների ժամանակ տրվող հյուրասիրությունների վրա որքան գումար է ծախսվում: Արդյունքում պարզվել է, որ մեր երկիրը պաշտոնական հյուրասիրությունների վրա նախորդ տարի բյուջեից ծախսել է 232 մլն դրամից ավելի գումար: Օրինակ` նախագահի աշխատակազմում մոտ 33.5 միլիոն են ծախսել, իսկ պետբյուջեով հատկացված է եղել մոտ 226 միլիոն դրամ: Ար­դարադատության նախարարությունը նախարարի պաշտոնական հանդիպումների ժամանակ տրվող հյուրասիրությունների վրա ծախսել է 1.050.000 դրամ, էներգետիկայի և բնական պաշարների նա­խարարությունը` 231.000 դրամ, կրթության և գի­տության նախարարությունը` 925.000, սփյուռքի նա­խարարությունը` 315.700 դրամ:

Aravot.am-ը ՀԱԿ անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանից հետաքրքրվեց` բյուջեի սղության պայ­մաններում արդյոք ՀՀ-ին նպատակահարմա՞ր է այս­պիսի ծախսեր անելը պաշտոնական հյուրասիրությունների վրա: Տիկին Թադևոսյանը պատասխանեց. «Ինչպես կարող է դա նպատակահարմար համարվել մի երկրում, որտեղ պաշտոնական տվյալներով` աղքատու­թյունը 35 տոկոս է, իսկ իրականում` 60 տոկոս: Այն դեպքում, երբ աոաջարկ է արվում նվազագույն աշխա­տավարձը կրկնակի բարձրացնել, այնինչ` պատճառա­բանվում է բյուջեի սղությունը, բայց ոչ միայն Ձեր նշած հարցում, այլև շատուշատ հոդվածներում, որոնք խորհրդարանում բարձրացրեց ԲՀԿ-ն, ծախսեր են կատարվում: Սա համարժեք է «Խրախճանք` համաճարա­կի ժամանակ» ասույթին: Ամեն ինչ արվում է ի շահ գործող իշխանությունների, ի շահ այն անձանց, ովքեր որոշել են լավ ապրել, լավ ապրել աղքատ, չքավոր ժողովրդի հաշվին: Սրա ամենանուրբ գնահատականը ցինիզմն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս