Բաժիններ՝

ՊԲ զինծառայող Արթուր Աղասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար, իմ որոշմամբ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Գրիգորիի Աղասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Դա պատերազմի ընթացքում կենդանության օրոք հերոսի կոչման արժանացնելու իմ առաջին որոշումն էր, որը դեռ չստորագրած, Արթուրի հետ իմ՝ արդեն պարբերական դարձած կապն ընդհատվեց…

6-րդ պաշտպանական շրջանի ամենադժվար հենակետի պաշտպանությունը հենց նրա վաշտին էր վստահված: Արթուրն արդեն հերոս էր. դրանում բոլորս համոզվել ենք Ապրիլյան քառօրյայի ժամանակ։ Հայրենիքը բարձր է գնահատել հայրենիքի նվիրյալ զավակի գործած սխրանքները՝ նրան արժանացնելով «Մարտական խաչ» 2֊րդ աստիճանի շքանշանի։

Արցախի Մարտունի քաղաքում ապրող Աղասյանների ընտանիքն այս պատերազմում, բացի Արթուրից, կորցրել է մյուս որդուն՝ Արսենին ևս։ Այդ մեծ վշտի սփոփանքն անձնվեր զավակների կիսատ թողածը շարունակելն է միայն։

Խորապես վշտակցելով ընտանիքի բոլոր անդամներին՝ գլուխ եմ խոնարհում Արթուրի և Արսենի հիշատակի, նրանց հարազատների առջև»,- գրել է Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս