Ռուս խաղաղապահները հումանիտար-բժշկական ակցիա են կազմակերպել Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղի բնակիչների համար
Ռուսական խաղաղապահ առաքելության հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկները և Հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները հումանիտար-բժշկական ակցիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
«Մենք գյուղում մոտ 1400 բնակիչ ունենք և ևս 160 փախստական: Մեր հիվանդանոցում բժիշկներ չկան, միայն բուժքույրեր են: Բժիշկների պակաս շատ կա: Շնորհակալություն խաղաղապահներին օգնության համար»,- ասել է Վանքի գյուղխորհրդի փոխղեկավար Սերգեյ Բաղրամյանը:
Հատուկ նշանակության ջոկատի բժիշկներն ընդունելության ժամանակ խորհրդատվական ծառայություն և որակավորված բուժօգնություն են տրամադրել գյուղի բնակիչներին:
Հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները ռուսաստանյան հասարակական կազմակերպություններից ստացված մոտ 2 տոննա դեղամիջոց են փոխանցել տեղի հիվանդանոցին: Բացի այդ, պարենային փաթեթներ, առաջին անհրաժեշտության իրեր, տաք իրեր և խաղալիքներ են փոխանցել բազմազավակ ընտանիքներին: Ընդհանուր առմամբ, հումանիտար ակցիայի շրջանակում ավելի քան 4 տոննա բեռ է փոխանցվել: