Բաժիններ՝

Մանկատներում հաշմանդամություն ունեցող երեխաներին ինքնուրույն կյանքի հմտություններ չեն սովորեցնում. ՀՀ ՄԻՊ

Խրոնիկ դարձած խնդիրներից է, որ պետական անհետևողական քաղաքականության պատճառով 18 տարին լրացած չափահաս անձինք շարունակում են բնակվել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում` երեխաների հետ միասին:

Սրա հետ է կապված մտահոգիչ խնդիրը, որ այդ հաստատություններում (օրինակ` մանկատներ և այլն) հաշմանդամություն ունեցող երեխաներին ինքնուրույն կյանքի հմտություններ չեն սովորեցնում։

Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում հաշմանդամություն ունեցող չափահաս դարձած սաների գտնվելու հիմնական պատճառն այն է, որ տարիներ շարունակ պետությունը չի ձեռնարկել նրանց ինքնուրույն կյանք վարելու հմտություններ սովորեցնելուն ուղղված միջոցներ՝ նրանց կարիքների և զարգացման հնարավորությունների գնահատման համապատասխան: Այս մտահոգիչ իրավիճակը շարունակվում է նաև ներկայում:

Այս խնդիրներն էլ իրենց հերթին հանգեցնում են երեխաների, իսկ հետագայում արդեն չափահաս դարձած մարդկանց իրավունքների, արժանապատվության ու լավագույն շահերի ոտնահարման: Այս մտահոգիչ վիճակն իր հերթին տանում է հասարակությունից մեկուսացման, երեխաները չափահաս դառնալուց հետո չեն կարողանում լիարժեք ինտեգրվել կյանքին, ապրել անկախ ու արժանապատիվ կյանքով:

Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ մանրամասն նկարագրված են երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում 18 տարին լրացած սաների խնամվելուն, նրանց և այդ հաստատությունների շրջանավարտների, ինչպես նաև շրջանավարտ չհամարվող նախկին սաների ինքնուրույն կյանք վարելուն, հասարակությունում լիարժեք ներգրավվելուն և բնակարանային ապահովմանը վերաբերող խնդիրները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն՝ 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Խարբերդի մասնագիտացված մանկատանը խնամվել է 145 չափահաս անձ, իսկ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը՝ 23 չափահաս անձ: Նշված հաստատություններում խնամվող բոլոր չափահաս անձինք ունեն հաշմանդամություն:

«Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ը տեղեկացրել է, որ 2020 թվականի փետրվար ամսին նախկինում հաստատությունում բնակվող 8 չափահաս անձինք տեղավորվել են «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի ՀՀ Արարատի մարզի Գեղանիստ համայնքում գտնվող խմբային տանը և 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաստատությունում չի բնակվել որևէ չափահաս անձ: «Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ը տեղեկացրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաստատությունում բնակվել է 24 չափահաս անձ՝ 15 տղա և 9 աղջիկ: Այս հաստատությունում բնակվող բոլոր չափահաս անձինք ևս ունեն հաշմանդամություն:

Դրական են հաստատությունների շրջանավարտներին բնակարաններով ապահովելու ուղղությամբ 2020 թվականի որոշակի աշխատանքները: 2019 թվականին բնակարանի գնման վկայագիր ձեռք բերելու իրավունք է ստացել մանկատան 55 շրջանավարտն, իսկ 2020 թվականին նրանց թիվն ավելացել է՝ դառնալով 149, բայց այս հարցերում էլ չկան ինստիտուցիոնալ երաշխիքներ։

Բնակարանների տրամադրումն ինքնին հարցի լուծում չէ կամ կիսատ լուծում է, քանի որ իրական պատճառների դեմ պայքար չի տարվում: Հաշմանդամություն ունեցող երեխաները չեն ստանում ինքնուրույն կյանքի հմտություններ, որի պատճառով հետո չեն կարողանալու ապրել ինքնուրույն, արժանապատիվ ու լիարժեք ներգրավել հասարակական կյանքին:

Շարունակում է խնդրահարույց մնալ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում այն սաների խնամքի հարցը, որոնք 18 տարին լրացել է՝ ինչպես նշված սաների, այնպես էլ նրանց հետ միևնույն վայրում բնակվող երեխաների իրավունքների տեսանկյունից: Օրինակ՝ լուրջ խնդիրներ են առաջ գալիս աղջիկ երեխաների և արական սեռի չափահաս սաների համատեղ բնակության դեպքում:

Հատկապես խնդրահարույց է այն, որ օրինակ՝ Խարբերդի մասնագիտացված մանկատանը տարիներ շարունակ խնամվում են մեծ թվով 18 տարին լրացած սաներ, որոնք բոլորն ունեն հաշմանդամություն, իսկ պետության կողմից պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով երաշխավորված՝ անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու նրանց իրավունքի իրացումն ապահովելու, ինչպես նաև կարիքների և զարգացման հնարավորությունների գնահատման հիման վրա բնակարանային ապահովման խնդիրները լուծելու ուղղությամբ:

Անգամ երբ այդ անձինք բնակվում են խմբային տներում, միևնույն է՝ այդ կերպ նրանց անկախ ու արժանապատիվ կյանքի, համայնքում լիարժեք ներգրավվելլու իրավունքը չի ապահովվում:

Բայց սա հարցը ոչ թե լուծում է, այլ դրվագային բնույթի դրական քայլ է, որը, սակայն չի լուծում բնակարաններ ստացած չափահաս մարդկանց ինքնուրույն կյանքով ապրելու հարցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս