Ինչպես է իշխանությունը լուծելու ընդդիմության լեգիտիմության հարցը
Երեկ Բրյուսելում Եվրամիություն-Հայաստան տարեկան համագործակցության նիստից հետո ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Հայաստանին կոչ է արել 2013 թ. փետրվարին արդար և թափանցիկ նախագահական ընտրություններ անցկացնել` հաշվի առնելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները, որոնք բարձրաձայնվել են մայիսին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ:
Հաշվի առնելով Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրողությունները, թվում է, թե ԵՄ-ի այս կոչն անիմաստ է: Ոչ թե այն պատճառով, որ ՀՀ իշխանությունը զերծ է մնում ընտրակեղծարարության արատավոր պրակտիկայից, այլ՝ որովհետև առաջին հայացքից այս անգամ իշխանությունն ընտրությունները կեղծելու կարիք կարող է չունենալ: Նման տպավորության պատճառն այն է, որ ընդդիմադիր դաշտը պառակտված, վարկաբեկված ու հեղինակազրկված է առավել, քան երբևէ, ինչը հնարավորություն կտա իշխանությանը հեշտությամբ վերարտադրվել: Խնդիրն այն չէ, որ իշխանությունը պակաս վարկաբեկված կամ հեղինակազրկված է: Ամենևին: Պարզապես հանրային աջակցության գրեթե հավասար պայմաններում իշխանությունն ունի երաշխավորված 15-20 տոկոս ձայն` հաշվի առնելով պետական կառավարման ապարատի, տեղական ինքնակառավարման համակարգի, ուժային կառույցների, բանակի, թաղային հեղինակությունների ռեսուրսը: Բայց դա չի կարող բավարար համարվել եթե ոչ՝ ընտրություններում հաղթելու, ապա՝ մասնակցության առումով:
Խորհրդարանական ընտրություններից հետո ու հատկապես վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, ՀԱԿ-ի քաղաքագիտական վերլուծության արդյունքում՝ ԲՀԿ-ի «հզորացումը», ապա՝ հրաժարումը նախագահական ընտրություններին թեկնածու առաջադրելուց, քաղաքական դաշտի ընդհանուր մթնոլորտը, ինտրիգները, ստվերային գործարքները հանգեցրել են հասարակության ծայրահեղ հիասթափության: Նախկինում նախագահական ընտրությունների հետ հույս կապող քաղաքացիների զգալի մասն այս անգամ հասցրել է արդարացիորեն և հիմնավորապես հուսախաբվել մինչև ընտրությունները, և մեծ է հավանականությունը, որ 2013 թվականի ընտրությունները կարող են դառնալ Հայաստանի պատմության մեջ ամենացածր իրական մասնակցություն ապահոված ընտրությունները: Այսինքն` կարող է ստեղծվել իրավիճակ, որ ընտրություններին իրականում մասնակցի ընտրողների 30-35 տոկոսը:
Զուտ մեխանիկական հաղթանակի տեսանկյունից՝ դա իշխանության համար, իհարկե, երանելի արդյունք կլինի, քանի որ այդ 30-35 տոկոսից առնվազն 15-20 տոկոսը լինելու է երաշխավորված «ձայն», ինչի արդյունքում ընտրություններում հնարավոր կլինի «ջախջախիչ հաղթանակ» ապահովել: Բայց այդքան ցածր մասնակցության աստիճանով ընտրություններում ներկայումս հաղթելն իշխանության համար հավասար կլինի պարտության: Հայաստանի «աննախադեպ ժողովրդավարացման» առթիվ եվրոպացիների` հազիվ զսպվող հիացմունքի ֆոնին, դա մեծ հարված կլինի իշխանությունների համար: Այնպես որ, այս ընտրություններում իշխանության թիվ մեկ խնդիրը լինելու է, առաջին հերթին, մասնակցության ցուցանիշը կեղծելը: Ու պատահական չէ, որ ընտրություններից 2-3 ամիս առաջ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետը հայտարարում է, թե առաջիկա ընտրություններում ընտրողների թիվը կարող է ավելանալ:
2012 թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին պաշտոնական տվյալներով՝ մասնակցել 1 մլն 575 հազար մարդ, որը կազմել է 2 մլն 522 հազար ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 62.3 տոկոսը: Նախորդ` 2008 թվականի նախագահական ընտրություններում, երբ բոլորովին այլ քաղաքական իրավիճակ էր, և ընտրություններն անցան համաժողովրդական շարժման վերելքի պայմաններում, ընտրությունների մասնակիցների թիվն ընդամենը 100 հազարով էր ավելի`1 մլն 671 հազար: Այսպես թե այնպես, ընտրությունների մասնակիցների թիվը միշտ ուռճացվում է առնվազն մի քանի հարյուր հազարով, բայց նախորդ երկու ընտրություններում իշխանությունն ուռճացրել է նաև «եղած տեղից»: Այսինքն` իրականում ընտրություններին մասնակցել է 1-1.2 միլիոն մարդ, և տարբեր եղանակներով պաշտոնապես հայտարարվել է 1.5-16 մլն:
Այս անգամ հասարակության խորը հիասթափության պայմաններում, մեծ հավանականությամբ, առնվազն 500 հազարով ընտրողների մասնակցության թիվը պակաս կարող է լինել: ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում հավաքել է մոտ այդքան ձայն և հայտարարել է, որ չեզոք դիրք է որդեգրելու նախագահական ընտրություններում: Այսինքն` տրամաբանորեն ԲՀԿ-ի ընտրողները թեկնածուներից որևէ մեկին չպետք է ընտրեն, հետևաբար՝ նաև ընտրատեղամաս գնալու մոտիվացիա չեն ունենա: Իհարկե, ԲՀԿ-ական ընտրազանգվածի զգալի մասի վրա իշխանությունը կկարողանա աշխատել առնվազն ընտրակաշառքով, բայց ընտրատեղամաս գնացողների թիվը, միևնույն է, նվազելու է` ոչ ԲՀԿ-ական, բայց ընդդիմադիր տրամադրվածություն ունեցող էլեկտորատի պասիվության հաշվին:
Մի խոսքով, այս ընտրություններում իշխանությունը ոչ թե 4-5 հարյուր հազարով, այլ մոտ կրկնակի ավելի չափով ընտրությունների մասնացության ցուցանիշ «ապահովելու» խնդիր ունի: Կրկնում ենք` ընտրություններին քիչ թե շատ «ժողովրդավարական, մրցակցային ու մասնակցողական» տեսք հաղորդելու համար:
Բայց դրանով իշխանության համար ընտրակեղծարարության «նպատակադրումները» չեն ավարտվում:
Ենթադրենք՝ իշխանությանը հաջողվեց կեղծ անձնագրերի, կրկնակի քվեարկությունների և այլ մեթոդներով ապահովել գոնե 1.6 մլն ընտրողների մասնակցություն: Իսկ ինչպե՞ս են բաշխվելու այդ ձայները: Մասնակցության «բարձր ցուցանիշի ապահովման» նպատակով ավելացվող կեղծ ձայները, այսպես թե այնպես, իշխանության թեկնածուի ձայներն են: Այսինքն` Սերժ Սարգսյանն այդպիսով կարող է «ապահովել» առնվազն 4-5 հարյուր հազար ձայն: Բայց դրան գումարվելու են նաև վերը նշված իշխանական ռեսուրսների ձայները: Եվ, որքան էլ տարօրինակ հնչի, իշխանությունը կարող է ստիպված լինել նվազեցնել Սերժ Սարգսյանին կողմ «քվեարկած» ձայների թիվը` արտաքին աշխարհի առաջ խայտառակ չլինելու համար: Հետևաբար, ինչպես առիթներ ունեցել ենք նշելու, իշխանության համար շատ կարևոր է արժանապատիվ մրցակցի, ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցնելիք թեկնածուի հարցը:
Դեռևս վերջնականապես պարզ չէ` կառաջադրվի՞ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՞ ոչ: Եթե առաջադրվի, ամենայն հավանականությամբ, նա կդառնա այդ տեղի հիմնական հավակնորդը` իր ետևում թողնելով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Այդ դեպքում իշխանությունը ստիպված կլինի «պատկառելի» (բայց ոչ առաջին փուլը վտանգող) տոկոսներ բաշխել Լևոն Տեր-Պետրոսյանին` նրանից զգալիորեն ցածր ցուցանիշներ թողնելով Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս դեպքում Հայաստանում կարող է առաջանալ հերթական քաղաքագիտական կազուսը` ընդդիմության ֆորմալ լեգիտիմության վիճարկման հարցը: Եթե ամեն ինչ ընթանա վերը նշված սցենարով, ապա ՀԱԿ-ի և «Ժառանգության» միջև կարող է վեճ առաջանալ երկրորդ տեղի լեգիտիմության հարցում: «Ժառանգությունը» ՀԱԿ-ին կարող է մեղադրել իշխանության հետ գործարքի գնալու հարցում և՝ հակառակը: Իրականում, չնայած Ր. Հովհաննիսյանը որպես պարտվող ու իշխանությանը շնորհավորող թեկնածու՝ ավելի հարմար է (անձամբ է ակնարկել, որ պատրաստ է դրան), սակայն Լ. Տեր-Պետրոսյանի մասնակցության դեպքում նրա «արժանապատիվ պարտությունը» լեգիտիմ չի լինի:
Պատկերը փոքր-ինչ այլ կլինի, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի: Այդ դեպքում իշխանությունը ստիպված է լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի համար լայնածավալ ընտրակեղծիքների դիմել` նրան կողմ քվեարկածների թիվը ուռճացնելով մի քանի անգամ (ներկայիս վարկանիշով՝ «Ժառանգության» ղեկավարը 7-10 տոկոսից ավելի քվեներ ստանալու հավակնություն չի կարող ունենալ): Այդ դեպքում ընդդիմության թեկնածուի լեգիտիմության հարցն ավելի ցցուն կդառնա: Բայց մինչ ներքաղաքական դաշտում կվիճարկեն ընդդիմության լեգիտիմության հարցը, եվրոպական պաշտոնյաները կհասցնեն հերթական անգամ զմայլվել Հայաստանի ժողովրդավարության ոստոստուն քայլերով: