Բաժիններ՝

Լևոն Արոնյանի ու Գաբրիել Սարգսյանի գրոսմայստերական դպրոցը վերաբացվել է. ֆինանսավորողը հայտնի է

Մոտ մեկ տարվա դադարից հետո Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոսմայստերական դպրոցը վերաբացվել է, բայց ոչ պետական աջակցությամբ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց շախմատի Հայաստանի հավաքականի գրոսմայստեր, Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը:

Նրա փոխանցմամբ՝ ֆինանսավորողը «Վերածնվող միտք» հիմնադրամն է: Դպրոցում աշակերտների հետ կաշխատեն Արման Փաշիկյանը, Աշոտ Նադանյանը և Աշխեն Սանոյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջատար գրոսմայստերներ Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի կողմից 2012 թվականին Երևանում հիմնված շախմատի դպրոցը, որի նպատակն էր՝ աջակցել 10-18 տարեկան պատանիների և աղջիկների շախմատային զարգացմանը, նպաստել շախմատի տարածմանը, պետության կողմից ֆինանսական աջակցություն չստանալու արդյունքում 2018 թվականի հոկտեմբերի 5-ից դադարեցրել է գործունեությունը: Այդ շրջանում Պետական եկամուտների կոմիտերի հովանու ներքո գործող «Միկա» մարզահամալիրը, որտեղ էլ գործում էր շախմատի դպրոցը, հանձնվել էր ԿԳՄՍ նախարարությանը և դադարեցվել էր շախմատի դպրոցի ֆինանսավորումը։

168.am-ը ավելի վաղ Գաբրիել Սարգսյանից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք ՀՀ Կառավարության հետ համաձայնության չգալու պատճառն այն է եղել, որ 120.000 դրամ աշխատավարձ էին առաջարկել:

«Այո, այդ աշխատավարձով մեր լավագույն մարզիչները չէին կարող աշխատել, իսկ առանց նման մարզիչների՝ անիմաստ էր դպրոցը պահելը: Իսկ հովանավորներ չկարողացանք գտնել, կարելի է ասել՝ այս պահին, ցավոք, այդ էջը փակ է: Եվ այդ 120.000 դրամը ձևական առաջարկ էր, իրենք շատ լավ հասկանում էին, որ այդ առաջարկով դպրոցը փակում են: Ինչ վերաբերում է հետագա հանդիպումներին, ապա դրանք արդեն անիմաստ էին»,- պատասխանել էր գրոսմայստերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս