Հորս գործոնը ընդհանրապես ոչ մի առնչություն չի ունեցել․ Հովիկ Աղազարյանի որդին՝ փոխթաղապետ նշանակվելու վերաբերյալ ստացած առաջարկի մասին. tert.am

Առաջիկա օրերին կլինի հրամանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը՝ անդրադառնալով իր՝ Աջափնյակի փոխթաղապետ նշանակվելուն։

«Ես 2017 թվականից դեռևս հանդիսանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, քաղաքական թիմը ներկայացրել է թեկնածությունս, թաղապետը առաջարկել է, ես էլ համաձայնել եմ»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է, թե որքանով է դեր խաղացել այդ առաջարկը ստանալու համար իր հոր գործոնը, Հովսեփ Աղազարյանը պատասխանեց․ «Հորս կարգավիճակը, դիրքը վստահաբար կարող եմ ասել ոչ մի աղերս չունի իմ նշանակման հետ, ես որպես կուսակցական գործիչ, քաղաքականությամբ որոշակիորեն զբաղվող անձ այս համատեքստում ինքնուրույն եմ կայացել։ Բնականաբար քաղաքական ընտանիքում ծնված, մեծացած, տարատեսակ զրույցների, շփումների մակարդակով տարիներ ի վեր թրծվել եմ այդ միջավայրում և հասել եմ որոշակի մակարդակի, որը վստահաբար կարող եմ ասել, որ թույլ է տալիս հավակնել պատասխանատու աշխատանքներ կատարելու, ինչու չէ, նաև պաշտոններ զբաղեցնելու համար»,-ասաց նա և նշեց, որ ինչին հասել է, հասել է իր գիտելիքների շնորհիվ, ձեռք է բերել շրջապատ և նրանց թվում կան մարդիկ, ովքեր այսօր բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնց հետ շփումը միջնորդավորված չէ, անձամբ է շփվում։

Հարցին՝ բացառապես ձեր կուսակցականությա՞մբ է պայմանավորված այս պաշտոնի առաջարկը, նա նշեց՝ այո։ «Հեղափոխությունից հետո ես խնամի-ծանոթ-բարեկամների հետ կապված ես բացառիկ զսպվածություն եմ ցուցաբերել և հիմա էլ շարունակում եմ իմ զսպվածությունը պահել, որ հնարավորինս նպաստեմ նրան, որ հասարակության մեջ բոլորիս հայտնի բացերը, թերությունները, որոնք կան, ես առաջինը իմ օրինակով նպաստեմ այդ բացերի լրացմանը»,-ասաց նա։

Ճշտմանը՝ այսինքն ձեր մասնագիտական որակները կապ չե՞ն ունեցել ձեր նշանակման հետ և այն պայմանավորված է միայն լավ կուսակցական լինելով, նա ասաց, որ, իհարկե, դեր է ունեցել։ «Տարբեր բաղադրիչներ կան, վստահության հարց կա, կոմպետենտության հարց կա։ Հորս գործոնը ընդհանրապես ոչ մի առնչություն չի ունեցել»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե ըստ իր հոր՝ առավելագույնը տասը տոկոս կարող է դեր խաղացած լինել, Հովիկ Աղազարյանի որդին ասաց․ «Իր նշած տասը տոկոսը երևի թե այն է, որ օրինակի համար տարատեսակ առիթների, շփումների ժամանակ, վերջիվերջո հայր ու որդին է, եթե հորը որդու որակական հատկանիշների մասին հարցնեն, բնականաբար, հայրը ըստ արժանավույն պետք է իր որդուն ընդունի և առանց որևէ վերապահումների ներկայացնի»։

Նա նշեց, որ նախկինում էլ որոշակի աշխատանքների հետ կապված առաջարկներ եղել են և եթե գտել է, որ պատրաստ չէ այդ տեղի համար, հրաժարվել է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031